Դավիթ Երեմյանին պատկանող «Հայր եւ որդի Երեմյաններ» խոշոր ընկերությունը կրկին հայտնվել է դատական նորությունների լուսանցքում։
«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ այս անգամ դատարանը որոշել է ընկերությունից բռնագանձել 96.900 դրամ հիմնական պարտք եւ 23.100 դրամ տոկոսներ՝ հօգուտ «Տրանսիմպեքս» ընկերության։
Ըստ որոշման՝ Երեմյանների բիզնես իմպերիան, որը սիրում է խոսել «պատասխանատու գործարարության եւ հայկական արժեքների մասին», այժմ պիտի պատասխան տա նույնիսկ ամենափոքր չվճարված հաշվի համար։
Սարկազմն այն է, որ Դավիթ Երեմյանը տասնյակ ռեստորանների, շքեղ նախագծերի ու գովազդային արշավների տեր է, բայց դատարանը ստիպված է բռնագանձել նրանից ավելի քան հարյուր հազար դրամ՝ տալով լոգիստիկ ընկերության:
Այսպիսով, երբ «խոշորները» չեն վճարում փոքր պարտքերը, լավագույն պատասխանն է, թե ինչու փոքր բիզնեսը «չի ապրում» մեր երկրում։ Էլ չասած՝ դատարաններին են ծանրաբեռնում խոշորների գծուծ վարքագծի պատճառով:
ՔՊ պատգամավորը ոչ միայն ձկնգող է, այլեւ ստախոս եւ բանակից փախած. փաստեր
«8 անգամ ներողություն կհայցեմ, եթե Կարապետյանը ցույց տա Գեղարքունիքում 1 բարերարություն», – «Ֆակտոր ԹիՎի»-ի հետ զրույցում հոկտեմբերի 14-ին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը պատգամավորին եւ հանրությանը հարկ է համարում հիշեցնել առնվազն մեկ խոշոր բարերարություն, որն արել է «Տաշիր» ընկերությունը Գեղարքունիքի մարզում, ինչի մասին հայտնել է Գեղարքունիքի ՔՊ-ական մարզպետ Կարեն Սարգսյանը 3 տարի առաջ:
«Սոթք գյուղի՝ 2022 թվականի սեպտեմբերյան հրետակոծության հետեւանքների վերացման ծրագիրը ընթանում էր դեռեւս անցած տարվա նոյեմբեր ամսից. պետական միջոցներով վերականգնվել են հրետակոծության հետեւանքով վնասված ու մեր կողմից հաշվառված 142 բնակարաններն ամբողջությամբ, իսկ «Տաշիր» հիմնադրամի միջոցներով կառուցվել է 147 բնակարանի նոր տանիքներ։ Եկող տարվա ընթացքում կկառուցվեն եւ, պատրաստի վիճակում, հրետակոծությունից տուժած ընտանիքներին կհանձնվեն նաեւ նորակառույց այս բնակարանները»,- հայտնել է մարզպետը:
Բայց, սրանից բացի, «Տաշիր» ընկերությունը նաեւ բազմաթիվ տներ է կառուցել եւ նվիրել Սոթքի բնակիչներին: Անհնար է՝ սա չիմանար Նարեկ Գրիգորյանը, որը այդ օրերին Գեղարքունիքի փոխմարզպետն էր:
Հիշեցնենք, որ Նարեկ Գրիգորյանը ինքնավնասումով բանակից փախած է, նախկինում զբաղվել է ձկնգողությամբ, իսկ հիմա իշխանական պատգամավոր է աշխատում` ժանրի կանոններով ակնհայտ ստեր խոսելով ու պոռոտախոսելով:
Այնպես որ, Նարեկ Գրիգորյանը պետք է ներողություն խնդրի:
Նախարարը 4 անշարժ գույք ունի եւ միլիոնների եկամուտներ
Նախորդ տարի, թեժ պայքարից հետո, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը, ով մինչ այդ ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն էր։
Գալյանը, համաձայն 2024 թվականի հայտարարատու տարվա հայտարարագրի, տարեսկզբին ունեցել է 4 անշարժ գույք՝ 2 հողամաս, 1 անհատական բնակելի տուն, 1 բնակարան բազմաբնակարան շենքում, որը նվիրատվություն է։
Տրանսպորտային միջոցներ Գալյանը չի հայտարարագրել։
Նախարարի բանկային ավանդները կազմել են 4 մլն 312 հազար դրամ, բանկային հաշիվները՝ գրեթե 550 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 700 հազար դրամ եւ 5 հազար դոլար։
Արդարադատության նախարար Գալյանի տարեկան եկամուտները կազմել են 66 մլն 922 հազար դրամ, որից 33 մլն 86 հազար դրամը «ստացված փոխառություն» է «Ամերիաբանկից»: Գալյանի աշխատանքի վարձատրությունը Նախարարությունից կազմել է 3 մլն 152 հազար դրամ, իսկ ՀՀ Դատախազությունից՝ 25 մլն 74 հազար դրամ։
Եկամուտներից 1 մլն 6 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Արդարադատության ակադեմիայից, 1 մլն դրամը «այլ եկամուտ» է Պետրոս Մկրյանից։
Նախարարի՝ ԵՊՀ-ից ստացած աշխատանքի վարձատրությունը կազմել է 390.000 դրամ։
Եկամուտներից 2 մլն 497 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից, իսկ 716 հազարը «այլ եկամուտ» է «Ակբա» բանկից։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 291 հազար դրամ, որից 33 մլն 86 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Սրբուհի Գալյանը անցած տարում 39 մլն 374 հազար դրամի վարկեր է մարել։























