Armenian text to speach

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ «ԵՐԵՎԱՆԸ ՍՐՏԻԿՆԵՐՈՎ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ». Ս. ԱՂԵԿՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեւան քաղաքի առջեւ ծառացած խնդիրների, քաղաքային իշխանության բացթողումների եւ մայրաքաղաքին վերաբերող այլ հարցերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Մայր Հայաստան» շարժման անդամ Սոնա Աղեկյանի հետ։

 

-Տիկի՛ն Աղեկյան, Երեւանի հիմնադրման 2807-ամյակին նվիրված տոնակատարություններին ներկա էին քաղաքապետարանի աշխատակիցները, քաղաքապետը։ Կխնդրեմ նշեք՝ սրան զուգահեռ ինչ խնդիրների է բախվում մայրաքաղաքը։

-2807-ամյա մեր Երեւանն այսօր շատ վտանգավոր ձեռքերում է։ Եթե այսօր պարզապես զբոսնենք քաղաքով, ապա անմիջապես կտեսնենք այն աղբը, որն արդեն յոթ տարի շարունակ օրեցօր կուտակվում է մայրաքաղաքում։ Երեւանը չեն սիրում մայրաքաղաքի տոնի օրը սրտիկներով շնորհավորելով …. Եթե իսկապես սիրում են քաղաքը, ապա գոնե տոնի նախօրեին ամբողջ քաղաքը պետք է լվացված ու մաքրված լիներ։ Բայց, ցավոք, մենք արձանագրեցինք ճիշտ հակառակը. ոչ միայն մաքրություն չէր իրականացվել, այլեւ պատշաճ աղբահանություն չկար։

Տոնակատարությունները, ըստ էության, դարձել են ձեւականություն։ 2018 թվականից ի վեր, երբ ՔՊ-ն ձեւավորեց միանձնյա իշխանություն, սկսեց նաեւ Երեւանի համակարգային քայքայումը։ Մեր ավագանու անդամները գրեթե ամեն օր արձանագրում են բազմաթիվ խնդիրներ, որոնցից առաջնայինը օդի աղտոտվածությունն է։ Բոլորս՝ այդ թվում ՔՊ-ականներն էլ, շնչում ենք այդ կեղտոտ օդը, որը հենց իրենք են պարտադրել մայրաքաղաքին։

Իշխանությունները ոչ թե իրական լուծումներ են առաջարկում, այլ պարզապես ձեւական քայլեր։ Օրինակ՝ կառուցապատողներին պարտադրում են շինհրապարակներում տեղադրել օդի աղտոտվածությունը չափող սարքեր։ Այդ սարքերի համար քաղաքապետարանը պայմանագիր է կնքել ամերիկյան ընկերության հետ, եւ ծառայությունը չափազանց թանկ է։ Արդյունքում կառուցապատողները նախընտրում են վճարել տուգանք, քան գնել այդ սարքերը։ Իսկ քաղաքապետարանը սահմանափակվում է միայն պաշտոնական կայքում աղտոտվածության մակարդակը հրապարակելով։ Բայց այդ ձեւով խնդիրը չի լուծվում։

Շինհրապարակներ այցելելիս մենք տեսնում ենք, որ վերահսկողությունը պատշաճ չէ, օդը ծանր է, աղտոտված։ Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է տեղադրել օդը մաքրող խոնավացնող ջրցան համակարգեր, սակայն այդ մասին որեւէ մեկը չի խոսում։ Քաղաքապետարանը ոչ վերահսկում է, ոչ առաջարկում նման լուծում։

Իմ համոզմամբ՝ օդի աղտոտվածությունը չափող սարքերը քաղաքապետարանն ինքը պետք է գնի եւ տրամադրի կառուցապատողներին, այլ ոչ թե պարտադրի նրանց գնել բարձր գներով։

-Օդի աղտոտվածությունից բացի, ի՞նչ այլ խնդիրներ են առաջ եկել։

-Հաջորդ բավականին լուրջ խնդիրը կոյուղատար համակարգն է։ Դեռ տասնամյակներ առաջ նախագծված ու տեղադրված համակարգերը մինչ օրս չեն թարմացվել կամ վերանորոգվել։ Դրանք վաղուց անցել են իրենց պիտանելիության ժամկետը։ Մենք ամեն օր ահազանգեր ենք ստանում տարբեր վարչական շրջաններից, որ տեղի է ունեցել վթար, կոյուղաջրերը հոսում են ասֆալտի վրայով։

Այս ամենը ցույց է տալիս, որ քաղաքային իշխանությունը, որը ժամանակին բարձր լոզունգներով խոստանում էր վերականգնել ու մաքրել քաղաքը, իրականում դա անում է միայն ՔՊ-ի ներսում գտնվող իր մարդկանց համար։ Իսկ քաղաքացիների առջեւ ծառացած իրական խնդիրները մնում են անլուծելի։

Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ՝

ArmLur.am կայքում:

 




Լրահոս