«Պետական տուրքի մասին» օրենքի՝ 2015-2019 թվականներին գործող խմբագրմամբ սահմանված են եղել ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի համար պետական տուրքի դրույքաչափերը՝ ամսական, եռամսյակային եւ տարեկան տուրքերի ձեւով: 2019 թվականին ուժի մեջ մտած փոփոխություններով ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզավորման համար սահմանված պետական տուրքեր սահմանող նորմերը ուժը կորցրած են ճանաչվել, սակայն գործունեությունը շարունակել է համարվել լիցենզավորման ենթակա: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Զեկուցողի խոսքով նշված ժամանակահատվածում վերոնշյալ գործունեությունն իրականացնող ավելի քան 5000 ֆիզիկական անձանց մոտ կուտակվել են պետական տուրքի պարտավորություններ, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 1,3 մլրդ դրամ, որից տուրքը՝ 900 մլն դրամից ավելի, իսկ տույժը՝ 400 մլն դրամի չափով:
Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչեւ 2019 թվականի հունիսի 29-ը «Պետական տուրքի մասին» օրենքի համապատասխան հոդվածով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց ազատել պետտուրքի եւ դրա չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից:
Առաջին ընթերցմամբ ներկայացված «Պետական տուրքի եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը քննարկվել է հոկտեմբերի 21-ի ԱԺ նիստում:
Նախաձեռնության վերաբերյալ քննարկումը կշարունակվի հոկտեմբերի 22-ին:
Օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններով:





























