Հայ-թուրքական արձանագրությունները կկասեցվե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Արման Սաղաթելյանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ապագային և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սպասվող միջոցառումներին,  նշել էր, թե կլինեն նաև քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին:

Armlur.am-ի հետ զրույցի ընթացքում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով նախագահի մամուլի խոսնակի հայտարարությանը, նշեց, թե քանի որ մոտենում է ապրիլի 24-ը, հայ-թուրքական հարաբերությունների առումով որոշակի ակտիվություն կարող է  նկատվել:

«Բացի այդ հաշվի առնելով այն, որ Թուրքիայում մինչ օրս ոչ մի լուրջ քայլ չի արվել և չի նկատվում քաղաքական պատրաստակամություն` կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, կարծում եմ հայկական կողմը կարող է  անել ցանկացած քայլ` ընդհուպ մինչև արձանագրությունների լիակատար կասեցում», – նշեց նա:

Թուրքագետի խոսքով, հաշվի առնելով առկա իրողությունները` հայկական կողմի հայտարարությունները կոշտ կլինեն և նախադրյալներ կստեղծվի, որ հայ-թուրքական հարաբերությունները տեղից շարժվեն:

«Կարծում եմ առավելապես լինելու են կոշտ գնահատականներ», – նշեց նա:

Մեր այն հարցին, թե հաշվի առնելով միջազգային հանրության արձագանքը Քեսաբի և Ուկրաինայի դեպքերին, ի՞նչ կարող ենք սպասել միջազգային հանրությունից, նա նշեց.

«Կարծում եմ միջազգային հանրության  մի մասի արձագանքն այս պարագայում բավականին կոշտ կլինի, քանի որ Թուրքիան ցույց տվեց իր իրական դեմքը: Իսկ միջազգային հանրության մի մասն էլ կշարունակի իր ոչինչ չասող, համահարթեցնող հայտարարությունները:

Իսկ այն հարցին, թե կլինե՞ն արդյոք  երկրներ, որոնց ղեկավարները կրկին կարտասանեն Ցեղասպանություն բառը, նա նշեց.

«Կարծում եմ այն երկրներում, որտեղ հասարակական մակարդակով Ցեղասպանության հարցը կասկածի ենթակա չէ, կլինեն այնպիսի հայտարարություններ, որի ժամանակ կտրվի այդ ամենի իրավական գնահատականը և կարտասանվի Ցեղասպանություն բառը», – նշեց նա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս