Ինչ խնդիր է լուծում Պուտինը հայ միգրանտների հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական քաղաքացիության տրամադրումը հեշտացնելու մասին օրենք է ստորագրել: Օրենքը վերաբերում է այն անձանց, ովքեր ազատ տիրապետում են ռուսերենին և ապրել են ԽՍՀՄ տարածքում կամ ռուսական կայսրությունում` ժամանակակից ՌԴ-ի սահմանների շրջանակում:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից  armlur.am-ը հետաքրքրվեց` սրանով ինչ խնդիր  է լուծում Ռուսաստանը:

«ՌԴ-ն դեմոգրաֆիական լուրջ խնդիր ունի, որը փորձում է լուծել նախկին ԽՍՀՄ-ի տարածքի հաշվին: Երկրորդ` այն անձինք, ովքեր կգան ՌԴ, իրենք կդառնան շանտաժի գործիք այնպես, ինչպես աշխատանքային միգրանտները: Այսինքն` ցանկացած պահի կարող են նրանցով սպառնալ ցանկացած երկրի»,-կարծում է  Մարտիրոսյանը և հավելում, որ աշխատանքային միգրանտների շնորհիվ Ռուսաստանը նյութական մեծ հարստություն է կուտակում:

Քաղաքական գործչի խոսքով`  ՌԴ-ի  ժողովրդագրական խնդիրը հատկապես վառ դրսևորվում է Սիբիրում:

«Չինական էքսպանսիան լուրջ խնդիր է Ռուսաստանի համար, որի դեմ, հատկապես՝ Սիբիրում բնակչության թիվն ավելացնելով, փորձում է դրա դեմն առնել» ,- մանրամասնեց  Մարտիրոսյանը:

-Բայց  Ռուսաստանի տնտեսական վիճակը բավական լավ է՝ ի տարբերություն նախկին ԽՍՀՄ երկրների: Ինչո՞ւ պետք է  այնտեղ դեմոգրաֆիական խնդիր առաջանա:

-Ժամանակին, երբ իմ գիտական աշխատանքի համար տվյալներ էի հավաքում հատկապես Ռուսաստանի դպրոցականների առողջության վերաբերյալ, պարզեցի, որ նրանց 80 տոկոսն օգտագործում է թմրանյութ, իսկ 80 տոկոս դպրոցականների 20 տոկոսը մինչև ավագ դպրոցն ավարտելն ամբողջությամբ թմրանյութերի ազդեցության տակ է:

Ռուսաստանում խայտառակ մեծ է նաև ալկոհոլիկների  ու մահացության թիվը: Բնականաբար, այս ամենն ազդում է ծնելիության ու անպտղության վրա: Այս խնդիրների կողքին պետք է հավելել նաև սոցիալական այլ հարցեր:

-Ի՞նչ հետևություններ պետք է անեն մեր իշխանությունները:

-Ոչ մի հետևություն էլ չպետք է անեն: Նրանք պետք է մտածեն` ինչպես ավելի լավ թալանեն պետական գանձարանը, երկարաձգեն իշխանությունը նաև ընտրությունները կեղծելու ու քաղաքական խաղերի միջոցով: Այլ հարց է` հասարակության տարբեր շերտեր ու ընդդիմությունն ինչ պետք է անեն: Եթե ընդդիմությունն, իրոք, մտահոգ  է երկրի ապագայով, պետք է իրականացնի արմատական իշխանափոխություն և փորձի մեր քաղաքացիներին համոզել, որ երկրում կարելի է ինչ-որ բան փոխել, մնալ ու արարել այստեղ:

Թե չէ մի վարչապետ (նկատի ունի Տիգրան Սարգսյանին-խմբ.), ով վարչապետության առաջին տարին որոշել էր օլիգարխիայի դեմ պայքարել, հետո համակերպվեց օլիգարխիայի հետ: Կամ այդ վարչապետին փոխարինեցին մեկ այլ վարչապետով, որը օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչ է և ընտրությունները կեղծելու գլխավոր մասնագետը: Սրան գումարած նաև այն, որ գործադիրում աշխատելով մեծ հարստություն է կուտակել:

Սոնա Դավթյան




Լրահոս