ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին երեկ երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել ու հարցաքննել։
ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, կոմիտեում հարցաքննությունը կարճ է տևել։
Ավելին, ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, երբ արքեպիսկոպոսին հարցրել են՝ ինքն է խոսել այդ ձայնագրության մեջ, նա իր մտերիմ շրջապատում ասել է, որ անօրինական ձեռք բերված խոսակցության հետ կապված ինքը ասելիք չունի։
ArmLur.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն նոր գործընթաց է սկսելու Գարեգին Բ-ի շուրջ։
Հոկտեմբերի 17-ին համացանցում հայտնվել էր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։ Ձայնագրության բովանդակությունը այն մասին է, թե իբր Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են։
ArmLur.am-ը դիմել էր Գլխավոր դատախազություն։ ArmLur.am-ին ի պատասխան Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա։
Իսկ ինչ վարույթի մասին է խոսքը։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ, որի շրջանակներում կալանավորվել են Արագածոտնի թեմի առաջնորդը՝ արքեպիսկոպոս Պռոշյանը, որը Գարեգին Բ-ի քրոջ որդին է, Տեր Գարեգինը և առաջնորդարանի հաշվապահը։ Եվ ահա համացանցում առկա ձայնագրությունը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, որպեսզի վերոնշյալ վարույթի շրջանակներում քննություն իրականացնեն։ Եվ ահա հարցաքննվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Քնար Մանուկյան






























