Օրերս կարգալույծ արվեց Սուրբ Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը։ Կարգալույծ արված քահանան չի ընդունում Եկեղեցու որոշումը և պատրաստվում է այս կիրակի Սուրբ Պատարագ մատուցել Սուրբ Հովհանավանքում։ Նա դիմելով հավատացյալ քույրերին ու եղբայրներին հայտարարել է․
«Սիրելի Օհանավան և Ուշի համայնքների հավատացյալ հայորդիներ և հազարավոր քրիստոնյաներ, հանուն ճշմարտության հաղթանակի մեր այս նախաձեռնությունը մենք արդար ճանապարհով կպսկենք հաջողության հաստատագրումով։ Աստված մեզ հետ է, և ազատարար ճշմարտությունը շուտով, շատ շուտով հայտնի կդառնա»։
Իր հերթին, Նիկոլ Փաշինյանն էլ շտապել է ևս մեկ անգամ հայտարարել, որ մինչև վերջ ստարելու է Տեր Արամին, իսկ այս կիրակի Սուրբ Հովհանավանքում մասնակցելու է կարգալույծ արված քահանայի ձեռամբ մատուցվող Սուրբ Պատարագին ու նրանից էլ Սուրբ Հաղորդություն ստանալու։
ArmLur.am լրատվականի աղբյուրները հայտնում են, որ կարգալույծ եղած Տեր Արամը, խախտելով Եկեղեցու կանոնադրությունը, ժողովրդին պառակտում է՝ ևս մեկ անգամ սլաքներն ուղղելով դեպի Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմը։ Մեր աղբյուրը հայտնում է, որ երբևէ չի եղել դեպք, որ, իր կամքով կամ Կաթողիկոսի որոշմամբ, կարգալույծ եղած հոգևորականը այս կերպ խախտի Եկեղեցու կանոնադրույթունը կամ ծիսակատարության կարգը։ «Կարգալույծ եղած քահանան այլևս իրավունք չունի հոգևոր ծիսակատարություն իրականացնելու։ Կարգալույծ եղած Տեր Արամի նպատակն է պառակտել թե՛ ժողովրդին, թե՛ հոգևոր դասը։ Ի՞նչ ասել է՝ «եկեք մասնակցեք Պատարագին, ես չեմ ընդունում Կաթողիկոսին, նա իմ Վեհափառը չէ»։ Ըստ էության՝ այս պայքարը Կաթողիկոսին գահընկեց անելու համար է, որին միացել է նաև Տեր Թադեն։ Բնական է, որ կարգալույծ եղած քահանայի ետևում իշխանությունն է կանգնած, որոնք իրեն մեծ երաշխիքներ են տալիս։ Գրառումից էլ երևում է, որ ինքը նախազգուշացնում կամ սպառնում է։ «Շուտով ամեն ինչ պարզ կդառնա»․ ուզում է ասել՝ պատերազմը սրանով չի ավարտվել, դեռ նոր զենքեր ենք օգտագործելու Կաթողիկոսի դեմ»,- հայտնեցին մեր աղբյուրները։
Նանիկ Աղասյան
























