ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծին, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: Փոփոխությունը վերաբերում է օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասին, որն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո վերաշարադրվել է հետեւյալ բովանդակությամբ. «Դատավորին եւ ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաեւ դատավորի եւ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի եւ ԲԴԽ անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին ԲԴԽ-ի որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ ԲԴԽ-ի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե քվեարկության արդյունքով որեւէ որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով ԲԴԽ-ն որոշում չի ընդունում, ապա համապատասխան միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված, իսկ որոշումը կազմում եւ ստորագրում են ԲԴԽ այն անդամները, որոնք քվեարկել են միջնորդությունը մերժելու օգտին»:
Առաջարկի հեղինակներն են պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Կառավարությունը:
























































































