Ավելի քան 850 հանրահայտ անձինք՝ ներառյալ Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, Virgin Group-ի Ռիչարդ Բրենսոնը, ինչպես նաև ԱԲ առաջամարտիկներ Յոշուա Բենջիոն և Ջեոֆրիհ Հինթոնը, ստորագրել են հայտարարություն՝ կոչ անելով դադարեցնել «գերբանականության»՝ մարդու ճանաչողական ունակությունները գերազանցող արհեստական բանականության զարգացումը։
Նրանք նախազգուշացնում են, որ նման տեխնոլոգիան կարող է հանգեցնել տնտեսական ցնցումների, ազատությունների և վերահսկողության կորստի, ազգային անվտանգության սպառնալիքների և նույնիսկ մարդկության ոչնչացման վտանգի։ Ստորագրողները պահանջում են արգելել դրա զարգացումը, մինչև հանրային լայն աջակցություն և գիտական ապացույց լինի դրա անվտանգության վերաբերյալ։
Հայտարարությունը ստորագրել են նաև գիտնականներ, մեդիա և կրոնական գործիչներ, նախկին պաշտոնյաներ՝ այդ թվում Մայք Մալենը և Սյուզան Ռայսը, ինչպես նաև արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը։
Future of Life ինստիտուտի տվյալներով՝ ամերիկացիների մեծ մասը դեմ է ԱԲ-ի չկարգավորված զարգացումներին՝ համարելով, որ այն պետք է ստեղծվի միայն անվտանգության երաշխիքներից հետո։
Յոշուա Բենջիոն նշել է, որ ԱԲ համակարգերը կարող են շուտով գերազանցել մարդկանց ճանաչողական կարողությունները՝ ընդգծելով, որ պետք է նախագծել համակարգեր, որոնք անկարող են վնաս հասցնել մարդկանց, և հանրությանը պետք է ավելի մեծ դեր տալ նման որոշումներում։

























































































