Armenian text to speach

«ՄԵՐ ՁԵՎՈՎ» ՇԱՐԺՄԱՆ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հոկտեմբերի 18-ին «Մեր ձեւով» շարժման նախաձեռնած հանրահավաքին աջակցելու էր եկել նաեւ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

 

Նախկին վարչապետը մեզ հետ զրույցում անդրադարձավ ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարացմանը, նոր ձեւավորված շարժման հեռանկարներին, ինչպես նաեւ եկեղեցու եւ Վեհափառի դեմ հնարավոր ճնշումներին։

-Պարո՛ն Բագրատյան, ազգային բարերար Սամվել Կարապետյանին մեղադրում են խոշոր չափի փողերի լվացման համար։ Ի՞նչ կասեք այդ մեղադրանքի վերաբերյալ։ Վստահո՞ւմ եք քննությանը։

-Ես ոչ մի մեղադրանքի չեմ հավատում։ Եթե մեղադրանքներ կան, ապա դրանք գործող իշխանությունների հասցեին են, որոնք մսխում են պետական բյուջեի միջոցները։ Այսօր իշխող կուսակցությունն ու նրան հարող ուժերը հենց իրենք են մսխում պետության գումարները։

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում «Մեր ձեւով» շարժման հեռանկարը։

-Ես այդ շարժման անդամ չեմ։ Պարզապես եկել եմ աջակցելու։ Նրանց ծրագրերի,  հետագա քայլերի կամ շարժման ճակատագրի մասին ոչինչ ասել չեմ կարող։

-Հանրապետության երկրորդ նախագահը հայտարարել է, որ իր թիմը եւ «Մեր ձեւով» շարժումը մեծ հնարավորություններ ունեն հաղթելու։ Համամի՞տ եք։

-Դա չեմ մեկնաբանի։ Եթե այդպես է, շատ լավ։

-Վերջին շրջանում նկատվում է հոգեւորականների նկատմամբ նոր ճնշումների ալիք։ Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը։

-Դա ոչ թե հոգեւորականների կամ կաթողիկոսի, այլ եկեղեցու դեմ է ուղղված։ Պետք է փոխել հայ առաքելական եկեղեցին. մի ձեւով ենթարկեցնել Արեւմտյան եկեղեցական արժեքներին, իսկ հեռանկարում ոմանք նույնիսկ կարող են իրենց թույլ տալ, որ մահմեդականացվի մեր երկիրը (ասում է թեթեւ հեգնանքով – խմբ.)։

-Կարծում եք՝ այս իրավիճակը կշարունակվի՞ մինչեւ համապետական ընտրությունները։

-Այո՛։ Մենք հիմա ապրում ենք շատ վատ բռնապետության շրջանում, որը հիշեցնում է 1937 թվականը։ Բայց դեռ ընտրության հնարավորություն կա, եւ ժողովուրդն ինքն է որոշելու, թե ում վստահի իշխանությունը։

-Ձեր կարծիքով՝ հնարավոր է՞, որ մինչեւ ընտրությունները կաթողիկոսին ձերբակալեն կամ կարգալույծ անեն։

-Կաթողիկոսին ոչ ոք չի կարող կարգալույծ անել։ Ես հույս ունեմ, որ եկեղեցականները կկանգնեն միասնական՝ իր շուրջ։ Իսկ եթե նույնիսկ ձերբակալեն, նա կղեկավարի Հայ առաքելական եկեղեցին կալանավայրից։

-Պարո՛ն Բագրատյան, արդյոք տեսնո՞ւմ եք գրոհ Վեհարանի դեմ։

-Փորձեր, կարծում եմ, կլինեն։ Ես կաթողիկոսին համբերություն եմ մաղթում։ Մենք իր կողքին ենք։ Եթե նա այս ամենը հանգիստ տանի, գրոհի հավանականությունը շատ փոքր է։ Սակայն իրավիճակն անկայուն է, եւ ամեն բան էլ հնարավոր է։

Փաշինյանը վախեցած է, եւ ամեն վատ քայլից հետո ավելի է խրվում դրանում։ Նա ծախեց Արցախը, սահմանային հողերը…. Խոսքը քաղաքական վաճառքի մասին է, եւ այժմ խրվում է այդ ամենում անընդհատ։ Անում է քայլեր, որպեսզի ամեն կերպ մի  քիչ էլ երկարեցնի իր քաղաքական կյանքը։

Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ




Լրահոս