Վերջին ամիսներին ոստիկանության համակարգում նկատվում են ներքին լուրջ լարվածություններ եւ դժգոհություններ։
Բանն այն է, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, որ համակարգի քաղաքականության մշակման պատասխանատուն է, ունի տեսական գիտելիքներ, եւ երբեմն պրակտիկ ոստիկաններին ուղղակի չի հասկանում, եւ տեսությունն ու պրակտիկան համակարգում բախվում են իրար: Նախարարը բանիմաց է, կարդացած, տեսությունը լավ գիտի, բայց ոստիկանները պրակտիկ կյանքում նրա պատկերացրած թեորիաները չեն կարողանում գործի դնել, աշխատել:
«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, բարձրաստիճան մի շարք սպաներ ներքին միջավայրում բարձրաձայնում են, որ համակարգում տիրող իրավիճակն այլեւս անտանելի է, չեն կարողանում աշխատել. նրանք դժգոհ են ինչպես աշխատանքային պայմաններից, այնպես էլ իրենց գործի քաղաքականացված եւ անարդյունավետ դարձած բնույթից։
Ըստ նույն աղբյուրների՝ ոստիկանները հաճախ ստիպված են գործել ոչ թե մասնագիտական պարտականություններից ելնելով՝ այլ քաղաքական իշխանության, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների, սոցիալական ցանցերում արված գրառումների, կամ նույնիսկ ուղարկված հրահանգային հաղորդագրությունների հիման վրա։ «Մենք ամեն ինչ անում ենք՝ վերեւից եկող հանձնարարությունները կատարելու, հանցավորության դեմ պայքարի համար, բայց արդյունքում ո՛չ իշխանությունն է գոհ, ո՛չ հասարակությունը», – նշում են ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչները «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում։
Միեւնույն ժամանակ, պաշտոնական վիճակագրությունը եւս վկայում է, որ իրավիճակը համակարգում բարելավման միտումներ չունի։ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոսով, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50 տոկոսով։ Սա, ըստ փորձագետների, լուրջ ազդակ է. իրավապահ համակարգը բախվում է կառավարման եւ արդյունավետության խորքային խնդիրների։
Նման պայմաններում ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, ըստ մեր տեղեկությունների, քննարկում են համակարգից հեռանալու տարբերակը։ «Շատերն այլեւս չեն կարողանում ինքնագոհ աշխատել, քանի որ զգում են՝ արդյունքը չի արդարացնում ջանքերը», – փոխանցում է «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրը։
«Ակադեմիական քաղաք» ֆորումի համար 420 հազար ԱՄՆ դոլար է ծախսվել
Երեկվանից Երեւանում մեկնարկել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում» միջոցառումը, որի կարեւորությունը, ըստ ամենայնի, հասկանում է միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաեւ Վրաստանի եւ մի շարք այլ երկրների կրթության ու գիտության ոլորտների նախարարներ։
Պանելային քննարկումների ժամանակ, այնուամենայնիվ, միջազգային պատվիրակները, որոնք եկել են «ստուգելու» Հայաստանի՝ «գիտության նոր մայրաքաղաք-ի» կարգավիճակը, վայելել են Հայաստանը: Նրանց հրավիրելու, դիմավորելու, կեցության եւ ճանապարհածախսը հոգացել է ՀՀ Կառավարությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզեց, որ գերշքեղ «Դվին» համալիրում կազմակերպված երկօրյա միջոցառման համար ծախսվել է մոտ 159.4 մլն դրամ, ինչը կազմում է գրեթե 421 հազար ԱՄՆ դոլար։ Մեկ ելույթի համար՝ պարզապես խոսքի ու բառերի դիմաց, հյուրերին վճարվել է 400-600 հազարական դրամ, Լոնդոնից 8 մասնակից է ելույթ ունեցել, որոնց վճարվել է 4.8 մլն դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթն ունեցել է առանց ԶԼՄ-ների, մինչդեռ հանրությունը ցանկանում է իմանալ՝ ինչ է ստացել Հայաստանը այս ֆորումից՝ բացի գունագեղ PowerPoint-ի սահիկաշարից ու պատրասված թեյ-սուրճի սեղաններից։
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները տեղեկացրին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ու խոսակցությունների ժամանակ նաեւ ասել է, որ կարծես թե միայն ինքն է մինչեւ վերջ հավատում, որ Ակադեմիական քաղաք ծրագիրը կյանքի կկոչվի. մյուսները թերահավատ են: Այս խոսքերը Կառավարութան ներկայացուցիչների շրջանում տարակուսանք են առաջացրել:
Նկատենք, որ վերջնական հստակություն դեռ չկա, բայց մի բան պարզ է. համագումարի ծախսերը շատ ավելի բարձր են, քան մեր ակնկալած գիտելիքի արդյունքը, իսկ Հայաստանի հարկատուները վճարել են ոչ թե կրթության, այլ մուտքի քարտերի ու հյուրասիրության համար։
«Ակադեմիական քաղաք» ֆորումը, փաստորեն, դարձել է օրակարգային մեգաֆորում, որտեղ ծախսերի «գունագեղությունը» ավելի ազդեցիկ է եղել, քան ծրագրի արդյունավետության մասին պատկերացումները:
ՔՊ-ն, աշխատանքի փոխարեն, հարկատուների հաշվին վայելում է աշխարհը
Վերջին օրերին սոցիալական ցանցերում նոր «թրենդ» է առաջացել. իշխանական պատգամավորները հերթով ցուցադրում են իրենց «աշխատանքային» գործուղումները՝ մի քիչ Ժնեւում, մի քիչ Փարիզում, մի քիչ էլ սպասվող հանգստի հաջորդ վայրերում։ Իսկ նրանց վայելքների գլխավոր հովանավորը ՀՀ հպարտ հարկատուն է:
Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը այս օրերին գտնվում է Շվեյցարիայում։ Նա այդ մասին չմոռացավ տեղեկացնել հանրությանը լուսանկարի ուղեկցությամբ։ Պատասխան արձագանքն էլ չուշացավ. առողջապահության նախկին նախարար, ներկայումս սոցիալական հարցերի պատասխանատու Արսեն Թորոսյանը մեկնաբանեց՝ «Վայելեք իմ փոխարեն»։ Իսկ տիկին պատգամավորը, ակնհայտ լավ տրամադրությամբ, պատասխանեց. «Հաջորդ անգամ միասին կվայելենք»։ Այսինքն՝ հաջորդ գործուղման ծրագիրը, կարելի է ասել, արդեն հաստատված է։
Թեմային շտապեց միանալ նաեւ ՔՊ-ական մյուս «տուրիստը»՝ գործուղումների ամենաշատ մեկնողներից Սարգիս Խանդանյանը, ով հումորով գրեց, որ այս անգամ չի հասցրել Շվեյցարիա գնալ, բայց «մյուս անգամ անպայման կմիանա»։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնական հաշվարկներով՝ պատգամավորի մեկ գործուղման վրա պետական բյուջեից ծախսվում է առնվազն կես միլիոն դրամ, իսկ որոշ դեպքերում՝ մի քանի անգամ ավելի։ Եվ երբ այդ գործուղումները վերածվում են լուսանկարների հավաքածուի ու վայելքների, հասարակությունը, բնականաբար, սկսում է հարցնել՝ արդյոք սա՞ է այն աշխատանքի արդյունքը, որի համար ժողովուրդն է վճարում պատգամավորին։
ՔՊ-ում, թերեւս, դեռ չեն որոշել՝ ինչպես են համատեղելու պետական գործուղումները եւ հանգիստը, բայց մի բան հստակ է. «վայելել» բառը նրանց բառապաշարում վաղուց փոխարինվել է «աշխատել» բառով, որպեսզի լուրջ ստացվի։ Իրականում նրանք պետության միջոցներով վայելում են կյանքը:
Հայաստանի Հանրապետության նախագահի գործառույթը՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի.
1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը:
3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է եւ առաջնորդվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով:
4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:
Սակայն, ի հեճուկս օրենսդրության, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի միակ գործառույթը հանդիպումներն են, պարգեւատրումները եւ գործուղումները։
Այս գործառույթների շրջանակում Խաչատուրյանը հոկտեմբերի 20-ին մասնակցում էր «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում» երկօրյա համաժողովին։
Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ նախագահը, ով խոսեց ոչ թե ֆորումից, այլ Նոբելյան Կոմիտեի կողմից շնորհված տնտեսագիտության բնագավառի մրցանակակիրներից։
Նախագահը նախ բացման խոսք ասաց. «Նախեւառաջ ողջունում եմ «Ակադեմիական քաղաք, Հայաստան. գիտելիքի միջազգային համաժողով» միջոցառման մասնակիցներին:
Համաժողովի վերնագիրն արդեն հուշում է, որ նախատեսվող քննարկումների հիմնական նպատակն է ուսումնասիրել բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում ի հայտ եկող գլոբալ մարտահրավերները եւ նորարարական զարգացումները, ինչպես նաեւ ներկայացնել Հայաստանի ռազմավարական տեսլականը՝ միջազգային կրթության եւ հետազոտությունների դաշտում իր դերի առաջմղման ուղղությամբ:
Խոսքս ավելի շատ լինելու է կարճ անդրադարձ՝ այս տարի Նոբելյան Կոմիտեի կողմից շնորհված տնտեսագիտության բնագավառի մրցանակակիրներին: Պատճառը շատ պարզ է. նախ այն շնորհվել է տնտեսագիտության տեսության բնագավառում առավել աչքի ընկած գիտնականներին՝ այսպես կոչված «ստեղծագործական ոչնչացման» տեսաբաններին, եւ, երկրորդ, այն անմիջական կապ ունի տեխնոլոգիական առաջընթացի, գիտելիքի կրթության հետ»,- ասաց նախագահը եւ դրանից հետո մեկ տող անգամ չխոսեց Ակադեմիական քաղաքի ստեղծման, իրագործման հեռանկարի, կարեւորության մասին։
Նախագահի ելույթից հետո լրագրողները, այդ թվում՝ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը փորձեցին երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախագահից պատասխաններ «քաշել», ասել է թե՝ ցանկանում էինք, որ նա իրացներ իր սահմանադրական պարտականությունը:
Նախագահը, սակայն, նշեց, որ ֆորումին չի եկել, որ խոսի, օրինակ, սրբազանների կալանավորումից։ Հետաքրքիրն այն է, որ նա անգամ ֆորումի ընթացքում չխոսեց ֆորումի մասին, ուր մնաց՝ լրագրողների հարցերին պատասխաներ։
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 2024թ. նախագահի աշխատակազմի՝ Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրով տարեկան պլանը հաստատվել է՝ 1 մլրդ 771 մլն դրամ, ճշտված պլանը կազմել է 1 մլրդ 771 մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 1 մլրդ 609 մլն 400 հազար դրամ: Դա կազմում է ճշտված պլանի մոտ 90.5 տոկոսը: Տնտեսվել էր շուրջ 162 մլն դրամ։ Ստացվում է, որ գուցե մի քանի գործուղում նախագահը բաց է թողել։
Հնարավոր է նաեւ, որ տնտեսած թվերն էին նախագահին ստիպել, որ գյուղացիների առաջ գլուխ գովի, թե փողի խնդիր չունենք։
Տնտեսագետ նախագահը, այո, փողի խնդիր չունի, իսկ երկիրը դարձել է պարտքով ապրող, որտեղ ծախսվում է անխնա, հավաքվում՝ ահաբեկչական մեթոդներով ու պարտք վերցնելով:



















































































