««Ժողովուրդի» հարցերը» հաղորդման շրջանակում «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիր, գրող Հրանտ Մաթեւոսյանի դուստր Շողեր Մաթեւոսյանի հետ։
-Տիկի՛ն Մաթեւոսյան, Դուք, լինելով հանրության կողմից սիրված եւ ճանաչված գրող Հրանտ Մաթեւոսյանի դուստրը, երկար ժամանակ է հանդես չեք գալիս հանրային ակտիվությամբ։ Այս օրերին լռությունը շռայլություն չէ՞։
-Ո՞ւմ համար շռայլություն, եթե կոնկրետ ասեիք…
-Ե՛վ Ձեզ, ե՛ւ հանրության համար։
-Չեմ կարծում։ Այսօր այնքան շատ են խոսողները, որ խոսքի իսկական արժեքը կարծես կորել է։
-Բայց չե՞ք կարծում, որ հանրությունը ունի Ձեզ նման մարդկանց խոսքի կարիքը։
-Չգիտեմ՝ ունի՞, թե՞ ոչ։ Այսօր բոլորը խոսում են՝ թե՛ կարեւոր, թե՛ անկարեւոր, թե՛ երրորդական մարդիկ։ Աղմուկը չափազանց շատ է, եւ ես չեմ կարծում, որ անպայման պետք է խոսել։ Այն, ինչ անում է «Չորրորդ իշխանություն»-ը, բավական է. մենք գրում ենք, տպագրում, եւ ով դրա կարիքը զգում է, ընթերցում է։ Իսկ ով ոչ՝՝ ընտրում է իր նախընտրած տեղեկատվական դաշտը։
-Ըստ Ձեզ՝ լսո՞ւմ են «Չորրորդ իշխանությանը»։
-Ամեն մեկն իր համար ընդունելի լրատվամիջոցն ունի։ Մենք չենք լռում. պարզապես խոսում ենք մեր հրապարակումների միջոցով, այսինքն՝ միջնորդավորված ձեւով։
Հանրությունը, անկասկած, լուրջ խոսքի կարիք ունի, բայց այսօր այն քաղաքական խոսքը, որը կարող է համախմբել հասարակությունը, չի ձեւակերպվում։ Յուրաքանչյուրն իր փոքր շահերից, ամբիցիաներից է ելնում։ Հասարակությունը նույնքան պառակտված է, որքան քաղաքական ուժերը։ «Ես»-ը չափազանց շատ է դարձել։ Իսկ միասնության համար «Ես»-ը պետք է երկրորդ պլան մղել։ Եթե դա չեն կարողանում, պետք է հեռանան քաղաքականությունից եւ տեղը զիջեն նրանց, ովքեր ավելի ճկուն են ու արդյունավետ։ Կարեւոր է նաեւ նպատակը. արդյոք այն իշխանափոխությո՞ւնն է, հեղափոխությո՞ւնը, թե՞ պարզապես քաղաքական դաշտում ներկայություն ապահովելը։
-Ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանի գործունեությունը։ Սպասելի՞ էր, որ Հայաստանը կհայտնվի այս իրավիճակում, եւ նա կխոսի «Չորրորդ Հանրապետության» գաղափարի մասին։
-Ցավոք, ինձ համար սպասելի էր։ Նման զարգացումներ կանխատեսելի էին դեռեւս 2017-ից, ոչ թե միայն 2018-ից։ Միայն այսքան ծանր իրավիճակը՝ ոչ։ Բայց գործողությունների տրամաբանությունը հենց դա էր։ Թող մարդիկ սին հույսեր չունենան՝ Փաշինյանը չի փոխվելու։ Ընտրությունները արդեն իսկ կեղծվում են, եւ ոչ թե քվեախախտումներով, այլ ուրիշ մեխանիզմներով։ Ներկայում իշխանությունը ձգտում է չեզոքացնել բոլոր օջախները՝ վախի մթնոլորտ ստեղծելով, քաղաքական հետապնդումներով, որպեսզի ընտրություններին չլինի որեւէ իրական հակակշիռ։
-Ընդդիմությունը նրան «դավաճան» եւ «հողատու» է անվանում, իսկ Փաշինյանի կողմնակիցներն էլ մեղադրում են երեք նախկին նախագահներին՝ նրա ձախողումներում։ Ո՞ւմ եք ավելի շատ մեղավոր համարում։
-Այդ հարցին պետք է քաղաքական գործիչները պատասխանեն։ Ես չեմ ուզում կրկնել ասվածը։
-Իսկ ընդդիմության մեղավորությունը որտե՞ղ եք տեսնում։
-Առաջին հերթին՝ միասնության բացակայության մեջ։ Նրանք չեն կարողանում իրենց անձնական հավակնությունները մի կողմ դնել եւ միավորվել։ Երեք նախագահներն էլ ունեն խելացի համախոհներ. նրանցից պահանջվում է ստեղծել մի ուժեղ միասնական ճակատ, որտեղ առաջին պլանում իրենք չեն լինի։ Այդ դեպքում հնարավոր կլինի գործել Հայաստանի բարօրության համար։
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ























