Armenian text to speach

Ջրհեղեղից 1․5 տարի անց ի՞նչ իրավիճակ է աղետի գոտի ճանաչված Ալավերդիում․ բնակիչներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նախանցած տարի մայիսին Լոռու մարզում տեղացած հորդառատ անձրևիների պատճառով վարարած Դեբեդ գետը, հունից դուրս գալով, ջրհեղեղ է առաջացրել, որը ավերածությունների պատճառ է դարձել մարզի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Ալավերդի և Թումանյան քաղաքներում։
Ալավերդիից ArmLur.am լրատվականին տեղեկացնում են այն մասին, որ շուրջ երկու տարի է անցել, բայց ճանապարհները հավուր պատշաճի վերանորոգված չեն։

«Տարի ու կես է անցել, բայց ոչ մի գործ չի արվել։ Ճանապարհները «թքած-կցրած» է։ Մի երկու կոսմետիկ աշխատանքներ են արել և, թվում է, թե ճանապարհը խնդիր չունի։ Ճանապարհը հիմնանորոգված չէ։ Այն հիմնանորոգելու համար պետք է էքսպերտիզա (փորձաքննություն)անեին, ջրի հոսքը պիտի ճիշտ կարգավորեին, լիցք անեին ու էսպես ամիսների աշխատանք էր պահանջում, բայց սրանք ժամանակավոր լիցք արեցին, վրայից ասֆալտ արեցին ու չի ջոգվում, որ ճանապարհը նախկինում փլուզված ա եղել»,- ArmLur.am լրատվականին փոխանցեց Ալավերդի քաղաքի բնակիչը։

ArmLur.am-ին ահազանգած քաղաքացին տեղեկացնում է, որ այս օրերին վերսկսել են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Նա նաև հակված է կարծելու, որ սա նախընտրական քարոզարշավի մաս է կազմում։ «Հիմա, քանի որ ընտրություններին մնացել ա քիչ ժամանակ, սրանք հետաքրքիր քայլ են արել։ Նախ՝ որոշել են Ախթալայում բացել երկրորդ երկաթե կամուրջը, իսկ Ալավերդիում էլ որոշել են սարքել ճանապարհները։ Թե ինչի՞ քնեցին, մնացին, մնացին ու նոր հիշեցին, որ խոստացած ճանապարհ ունեն սարքելու, կարծում եմ, բոլորին էլ պարզ է»,- ասում է Ալավերդիի բնակիչը։
Նա նաև մեզ հայտնում է, որ Ալավերդիում մարդկանց տներն սկսելեն սեփականաշնորհել, մեր զրուցակցի խոսքով ասած, մարդկանց «սրտերը շահել»։ Ալավերդիի բնակիչը մեզ նաև տեղեկացնում է, որ Ախթալա համայնքում երկու կամուրջ կար․ մեկը՝ երկաթբետոնե, մյուսը՝ պատմական, որ մարդկանց տանում էր դեպի Ախթալայի եկեղեցի։
«Ալավերդիում այս պահին երկու կամուրջ են կառուցում, որ մեկով գնան, մյուսով գան ու թեթև լինի։ Պատմական կամուրջը չեն սարքելու․․․ Մտադրություն էլ չունեն»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին։

Հիշեցնենք՝ 2024 թվականի մայիսի 25-ին գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով Դեբեդ գետը դուրս է եկել իր հունից, առաջացրել ջրհեղեղ, որը ավերածությունների պատճառ է դարձել Տավուշի և Լոռու մարզի մի շարք բնակավայրերում։ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի առաջարկությամբ և Կառավարության որոշմամբ՝ աղետի գոտի ճանաչված բնակավայրերում հիմնանորոգման, շինարարական և այլ աշխատանքների համար, ինչպես նաև աղետից տուժած բնակիչների փոխհատուցում տրամադրելու համար հատկացվել էր 318․8 մլնդրամ, որի գերակշիռ մասը ընդգրկում էր Լոռի և Տավուշ մարզերը։

Նանիկ Աղասյան




Լրահոս