Երեկ ArmLur.am-ի աղբյուրները փոխանցել էին, որ ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետի տեղակալԼիլիթ Մկրտչյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Այսօր հայտնի դարձավ այդ մասին պաշտոնապես:
ArmLur.am լրատվականը, հետաքրքվելով Լիլիթ Մկրտչյանի գործունեությամբ, պարզել է, որ «Հայկական լեռնաշխարհ»-ը նրա համար «Արեւելյան Անատոլիա» կամ «Կովկաս» է։ Տարիներ առաջ Մկրտչյանը թուրքերի հետ համատեղ հեղինակել է “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») աշխատությունը: Նա թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի է մասնակցել, եւ ստորագրել մի ձեռնարկի տակ, որտեղ օրինակ, Հայկական լեռնաշխարհը Արեւելյան Անատոլիա կամ Կովկաս է անվանվում:
2020 թվականին Aravot.am լրատվականի հետ հարցազրույցում ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակի Մովսիսյանն անդրադառնալով այս փաստին՝ այն որակել էր դավաճանություն։
«Լիլիթ Մկրտչյանի հետ ես հիմա չեմ կարող նստել եւ որեւէ բան քննարկել: Իրենց արած գիրքն է աչքիս առաջ, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է դավաճանություն: Դավաճանություն անող մարդու հետ որեւէ չափորոշիչ չեմ կարող քննարկել: Եւ այս ամենից հետո իրենք են մանիպուլյացիա բառը սիրում օգտագործել: Ի՞նչ քննարկել, երբ այդ մարդը թուրքերի հետ միասին գիրք է ստորագրել, որում Հայկական լեռնաշխարհն Անատոլիա է եւ որում հայերը եկվոր են…Լիլիթ Մկրտչյանի հետ չունեմ ոչինչ քննարկելու, թեեւ ինքն իմ ուսանողն է եղել, իրեն շատ սիրել ենք եւ աջակցել: Բայց այն, որ նա գաղտնի 2017-2019թթ.-ին այդ դավաճանական բաների է մասնակցել եւ հիմա փորձում է տանել ինչ-որ քննարկումների դաշտ… չունեմ ցանկություն քննարկելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ընդգծել էր Մովսիսյանը։
Արտակ Մովսիսյանը նաև հայտնել էր, որ այդ գիրքը գաղտնի է պահվել, սակայն Լիլիթ Մկրտչյանը հերքել է, որ իր աշխատությունը գաղտնի է պահվել։ Տեղեկացնենք, որ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» և այլ առարկաների դասավանդման համար ներկայացված չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը մշակվել է տարիներ շարունակ թուրքերի հետ սերտ համագործակցության փորձ ունեցող Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի հիմնադիր Լիլիթ Մկրտչյանի ղեկավարության ներքո։ Պատմական գիտությունների պրոֆեսոր Մովսիսյանը ուսումնասիրելով ներկայացված չափորիշիչները՝ նկատել էր մի շարք անընդունելի մոտեցումներ ու դրույթներ։ «Փաստինֆո»-ի հետզրույցում Մովսիսյանը նշել էր․ «․․․սկզբում մտածում էինք, թե հարցը միայն գիտական ոչ ճիշտ մոտեցումներին է վերաբերում, բայց պարզվում է իրականություն ավելի սարսափելի էր, քան կարծում էինք»։
Արտակ Մովսիսյանի գնահատմամբ՝ տպավորությունն այնպիսինն էր, որ «Հայոց պատմություն» առարկայի նոր չափորոշիչները գրվել էր Թուրքիայի անմիջական միջամտությամբ։ «Սա դավաճանություն է»,- ասել էր նա։
Նանիկ Աղասյան


























































































