Armlur.am-ի տեղեկություններով վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 2-ը մեկնելու է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Պարզվում է տեսչությունները բախտի քմահաճույքին «թողած» Մարտիրոսյանը ԱՄԷ-ում պետք է մասնակցի հանքարդյունաբերական համաժողովի ու ցուցահանդեսի: Մենք տեղեկացանք, որ Մարտիրոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվելու ժամանալ օրապահիկի գումարը ստանալու է պետությունից:
Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը կարծես թե թշնամացել է Կառավարության անդամների հետ եւ, հակառակվելով Նիկոլ Փաշինյանի որոշմանը, աշխատանքի չի գնում։
Բանն այն է, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Մարտիրոսյանը համառում է եւ այժմ երկար ժամանակ է աշխատանքի չի հաճախում։
Պատճառները, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հիմնավորվում են նրանով, որ Մարտիրոսյանը Դատախազություն վերադառնալու նպատակներ ունի, եւ այս պաշտոնն այնքան էլ իր սրտով չէ, այդ պատճառով էլ չի գնում աշխատանքի։ Ավելին՝ տեսչական մարմինները կարծես հայտնվել են կոտրած տաշտակի առջեւ, քանի որ ոչ ոք չկա, որ նրանց աշխատանքը համակարգի կամ առաջադրանքներ տա։
Հարկ է նշել, որ Պետրոս Մարտիրոսյանը կարիերան սկսել է 2012 թվականին Լոռու մարզի դատախազությունից՝ որպես դատախազ, եւ մինչ գրասենյակի ղեկավար ընտրվելը եղել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազը։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























