ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին այսօր կրկին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին հարցաքննության։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմնում արդեն բավարար տվյալներ են՝ Կաթողիկոսի դեմ գործընթացը սկսելու համար։ Հոկտեմբերի 22-ին գրել էինք, որ Արքեպիսկոպոս Հովհաննիսյանին երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել ու հարցաքննել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, կոմիտեում հարցաքննությունը կարճ է տևել։ Ավելին, երբ արքեպիսկոպոսին հարցրել են, ինքն է խոսել այդ ձայնագրության մեջ, նա իր մտերիմ շրջապատում ասել է, որ անօրինական ձեռք բերված խոսակցության հետ կապված ինքը ասելիք չունի։
Հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն նոր գործընթաց է սկսելու Գարեգին Բ-ի շուրջ։ Հոկտեմբերի 17-ին համացանցում հայտնվել էր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։ Ձայնագրության բովանդակությունը վերաբերում է այն, թե իբր Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են։
ArmLur.am-ը դիմեց Գլխավոր դատախազություն, և ArmLur.am-ին ի պատասխան հայտնել են, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա։ Իսկ ինչ վարույթի մասին է խոսքը։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կալանավորվել են Արագածոտնի թեմի առաջնորդը՝ արքեպիսկոպոս Պռոշյանը, որը Գարեգին Բ-ի քրոջ որդին է, Տեր Գարեգինը և առաջնորդարանի հաշվապահը։
Համացանցում առկա ձայնագրությունը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, որպեսզի վերոնշյալ վարույթի շրջանակներում քննություն իրականացնեն, և այդ հարցաքննվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․























































































