Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2 մլն ԱՄՆ դոլար՝ Թումանյանի թանգարանի վերանորոգման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի կենտրոնում գտնվող Թումանյանի թանգարանի դարպասն ու դռները կողպված են 2023 թվականի սեպտեմբերից ի վեր։ Փակ է,  քանի որ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել էր վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ, սակայն այս տարվա հունվարից այդ աշխատանքները դադարեցված են, մինչդեռ 2026-ին թանգարանը պետք է պատրաստ լիներ կրկին ընդունելու այցելուներին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մի պայմանագրով Հովհաննես Թումանյանի թանգարանի նորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման փաստացի կատարված աշխատանքների համար հատկացրել է 767 մլն 112 հազար դրամ, 2-րդ պայմանագրով հատկացրել է Հովհաննես Թումանյանի թանգարանի նորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման աշխատանքներ 1 մլն 300 հազար դրամ, 3-րդ պայմանագրով Տեխնիկական հսկողության ծառայությունների համար հատկացվել է 1 մլն 500 հազար դրամ, 4-րդ պայմանագրով հատկացվել է 960 հազար դրամ փորձաքննության ծառայությունների համար։

Թումանյանի թանգարանի վերանորոգման համար հատկացվել է ընդհանուր առմամբ 770 մլն 872 հազար դրամ, շուրջ՝ 2 մլն ԱՄՆ դոլար։

ArmLur.am-ը հարցում էր ուղարկել նախարարություն, որին ի պատասխան հայտնել էին, որ հիմնանորոգման և շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ից Հովհաննես Թումանյանի թանգարանը ժամանակավորապես գործում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքում (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 51/1)։

Թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ դեռ 2019-ին Կառավարության հատուկ որոշմամբ թանգարանի  տրամադրվել են միջոցներ նախագծանախահաշվային փաթեթ իրականացնելու, գլխավոր մասնաշենքը (որը հուշարձան շենք է) հիմնանորոգելու եւ 1969-ին կառուցված երկրորդ  մասնաշենքը ամբողջապես կառուցելու համար:

Երկրորդ մասնաշենքի տեղում հիմա ավերակներ են ու շինարարական աղբ, մասնաշենքը քանդել ու կիսատ են թողել։ Թանգարանի աշխատանքը դադարեցրել են, սկսել շինարարությունը, ապա որոշ ժամանակ անց հասկացել են, որ նախապատրաստական աշխատանքները սխալ են եղել, հավելյալ ուսումնասիրություն է պետք։

ArmLur.am-ը փորձեց հենց թանգարանից տեղեկանալ, թե երբ են նախապատրաստվում վերսկսել շինարարությունն ու վերջիվերջո երբ է բացվելու Թումանյանի թանգարանը, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան, իսկ Թումանյանի թանգարանի ճակատագիրը հարցական։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս