ԱՄՆ նախագահ Օբաման ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության առնչությամբ ծանրակշիռ հայտարարությամբ հանդես կգա: Այս մասին ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում «Առաջին աշխարհամարտ. դաշնակիցներ, անհատներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությանը «Արմենպրեսի» հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Նրա խոսքով, պետքարտուղար Ջոն Քերրին եւ նախագահ Բարաք Օբաման քաջատեղյակ են 1915թ. իրադարձություններից:
«Նախագահի հայտարարությունը խիստ ծանրակշիռ կլինի, ըստ որի կճանաչվի 1,5 միլիոն հայերի կոտորածի փաստը, բայց ես չեմ կարող նրա փոխարեն ասել, թե կոնկրետ ինչ բառեր են օգտագործվելու»,-ընդգծել է դեսպանը:
«Այս տարի նույնպես թուրքական իշխանությունները փորձում են թաքցնել իրենց երկրում Հայոց ցեղասպանության մասին համաշխարհային հիշողությունը: Այդ հանգամանքը պետք է նպաստի նրան, որպեսզի մենք ողջ ժողովրդով աշխարհին ներկայացնենք ճշմարտությունը, ոչ թե քարոզչություն:
Ի վերջո, Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի հիշողության եւ պատմության մի մասն է, այլեւ Թուրքիայի եւ թուրք ժողովրդի»,-ընդգծել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Սպասվում է, որ առաջիկա օրերին, միջազգային հանրության գնահատականները ավելի կհաճախակիանան ու նրանց կարծիքները այնքան որոշակի ուղղվածություն կունենան, ինչպիսին ԱՄՆ դեսպանինն է: