Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռները խախտել են երկրի օդային սահմանը՝ դա որակելով որպես Լիտվայի ինքնիշխանության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Նա նշել է, որ մայրաքաղաք Վիլնյուսում գտնվող Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները կկանչվեն՝ պաշտոնական բողոք ստանալու համար։
Լիտվայի զինված ուժերի տվյալներով՝ ռուսական Su-30 կործանիչն ու Il-78 վառելիք լցնող ինքնաթիռը ներխուժել են Լիտվայի օդային տարածք՝ Կալինինգրադի շրջանից մոտ 700 մետր խորությամբ, մնալով ընդամենը 18 վայրկյան, ապա վերադարձել։ ՆԱՏՕ-ն արձագանքել է՝ օդ բարձրացնելով տարածաշրջանում տեղակայված իսպանական Eurofighter Typhoon կործանիչները։
Վարչապետ Ինգա Ռուգինենեն խախտումն անվանել է «Ռուսաստանի հերթական ահաբեկչական քայլը», իսկ նախագահ Նաուսեդան ընդգծել է, որ Լիտվան «պետք է արձագանքի»։
Լիտվան, ինչպես նաև Բալթյան և Արևելյան Եվրոպայի այլ երկրներ, ՆԱՏՕ-ից պահանջում են ավելի խիստ արձագանքման կանոններ նման դեպքերի պարագայում։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ՝ Ուկրաինայի պատերազմի ֆոնին․ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթի նկատմամբ, մինչդեռ Մոսկվան շարունակում է հրթիռային հարձակումները Ուկրաինայի քաղաքների վրա։

























































































