Armenian text to speach

Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի քաղաքական եւ հոգեւոր կյանքում լարումները նոր փուլ են մտնում։ Վերջին օրերին իշխանական ամենաբարձր շրջանակների հայտարարությունները (Ազգային ժողովի փոխնախագահ) ավելի քան ուղիղ են. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը պետք է ազատի Վեհարանը եւ հեռանա:

Վեհարանի արձագանքը եւ ներքին դիրքորոշումը

Կաթողիկոսը բացահայտ մեկնաբանություններով հանդես չի եկել, սակայն վերջին ելույթի ժամանակ, երբ դիմավորեց ուխտագնացության մասնակիցներին, նա խոսեց «քաղաքական հալածանքների» մասին՝ առանց անուններ նշելու։ Այդ ելույթը շատերի կողմից ընկալվեց որպես հղում իշխանություններին։

 

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Վեհարանից ներս կաթողիկոսը հայտարարել է, որ պատրաստ է դիմակայել ցանկացած ճնշման՝ նույնիսկ իրավապահների կողմից կալանավորման դեպքում։ Նա ընդգծել է, որ չի հրաժարվելու կաթողիկոսությունից, անգամ եթե ստիպված լինի եկեղեցին ղեկավարել կալանավայրից։ Սա արդեն ինստիտուցիոնալ դիմադրության, կամքի դրսեւորում է։ Հատկապես, եթե այս տեղեկությանը հավելում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի տարածած՝ Կաթողիկոսին պաշտպանող հայտարարությունը, որ Հայաստանում պետք է իշխանությունը փոխվի:

Քրեական գործի եւ ներքին ճգնաժամի գիծը

Հանրությանը հայտնի է, որ Նաթան սրբազանի մասնակցությամբ ձայնագրության հիման վրա հարուցվել է քրեական վարույթ։ Ըստ բաց աղբյուրների՝ Նաթան սրբազանը արդեն հրավիրվել է հարցաքննության՝ քննչական մարմիններում։ Իրավապահներից «Ժողովուրդ» օրաթերթին փախանցած տեղեկությունների համաձայն՝ քննությունը կարող է ներառել նաեւ խուզարկություններ Վեհարանում եւ կաթողիկոսի ձերբակալություն։

Այս ամենը հանրային դաշտում ընկալվում է ոչ միայն որպես իրավական գործընթաց, այլեւ որպես հարված՝ ուղղված հոգեւոր հաստատության հեղինակության վրա։

Միեւնույն ժամանակ, կաթողիկոսի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանան, ով, ըստ տեղեկությունների, պատրաստվում է պատարագ մատուցել Հովհաննավանքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, նոր սկանդալի առիթ է դառնալու: Իրավաբանորեն՝ կարգալույծ քահանան չի կարող կատարել ծիսական արարողություն, սակայն, ըստ որոշ աղբյուրների, այդ միջոցառման շուրջ նախատեսվում է զանգվածային հավաք եւ հնարավոր քայլերթ դեպի Էջմիածին։

Կաթողիկոսի եւ իշխանության միջեւ ձգվող լարվածությունը վերածվել է պետություն-եկեղեցի հարաբերությունների խոր ճգնաժամի։

Երբ հոգեւոր իշխանությունը դառնում է քաղաքական պայքարի օբյեկտ, վտանգվում է հենց հանրային հավասարակշռությունը։

 

 

Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 1 ամիս անց գործը բացահայտված չէ

Արդեն մեկ ամիս է անցել Փարաքարի համայնքի ընտրված ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունից, սակայն իրավապահ համակարգը դեռ չի ներկայացրել գործի ամբողջական եւ լուրջ բացահայտում։ Վալոդյա Գրիգորյանի մայրը՝ Մարինե Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ համոզված է՝ սպանությունն ունեցել է ոչ միայն կատարող, այլեւ պատվիրատուներ եւ կազմակերպիչներ:

«Պատվիրատուներն ու կազմակերպիչները դեռ ազատության մեջ են։ Միայն կատարողին գտնելը բավարար չէ։ Իրավապահները պետք է հասնեն նրանց, ովքեր կանգնած են այդ ամենի հետեւում», – «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր Մարինե Գրիգորյանը։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած իրավապահ համակարգի վստահելի աղբյուրների տեղեկություններով՝ գործի շրջանակում նշանակվել են բազմաբնույթ փորձաքննություններ, սակայն այն դեռեւս չի հասել պատվիրատուների եւ կազմակերպիչների բացահայտմանը։ Սպանության հիմնական օղակները մնում են անհայտ։  Ու քանի որ իրավապահ մարմինները վերջին շրջանում ծանրաբեռնված են քաղաքական ձերբակալություններով եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող գործողություններով, համայնքապետի եւ նրա հետ եղած ոստիկանության օպեր Կարեն Աբրահամյանի սպանության գործով էական առաջընթաց չի արձանագրվել։

Այս սպանությունը վաղուց արդեն դուրս է եկել միայն անձնական կամ տեղային վրեժի շրջանակից։ Այն դարձել է պետական համակարգի աշխատանքի թեստ՝ ցույց տալու, թե արդյոք իրավապահները պատրաստ են նույն հետեւողականությամբ հետապնդել այլախոհների դեմ արված հանցանքների հեղինակներին:

 

 

 

 

Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

Երեկ ArmLur.am-ի աղբյուրները փոխանցել էին, որ ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ: Այսօր հայտնի դարձավ այդ մասին պաշտոնապես:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եւ պետք է հավասարապես պատասխանատվություն կրեր իր կողմից երաշխավորված ռեկտորի արարքների համար, երեկ որոշել է դադարեցնել ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի լիազորությունները: Բայց մի սկանդալից դուրս չեկած՝ նախարար Անդրեասյանը հաջորդ սկանդալի կիզակետում է հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ նշանակված Մկրտչյանը դեռեւս 2020 թվականին մի սկանդալում էր հայտնվել. նա թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի էր մասնակցել եւ ստորագրել մի ձեռնարկի տակ, որտեղ, օրինակ, Հայկական լեռնաշխարհը «Արեւելյան Անատոլիա» կամ «Կովկաս» է անվանվում: Այդ ժամանակ անգամ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը պատրաստվում էր այս հարցով դիմել ԱԱԾ: Ինքը` Մկրտչյանը, իր հարցազրույցներում երբեք չի հերքել այդ տեղեկությունը, ավելին՝ հայտարարել էր. «Եթե ժամանակին գործընկերներս արձագանքեին ու նույն ջանասիրությամբ բացթողումները մատնանշեին, գուցե 2019 թվականին, երբ լույս է տեսել գիրքը, շատ ավելի օգտակար աշխատություն ունենայինք, ինչի համար շնորհակալ կլինեի, բայց կուզեմ, որ այս երկու գործընթացները իրար հետ ամենեւին չխառնեն, որովհետեւ իրար հետ կապ չունեն»:

Երեկ կրթական համակարգի ներկայացուցիչները շոկի մեջ էին, որ նախարարը նման որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը եւ պրոռեկտորը: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար: Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաեւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Հայտնել էինք նաեւ, որ արդեն նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք եւ 20 մլն դրամի չափով գրավ։ Գեւորգյանը նախարար Ժաննա Անդրեասյանի մտերիմ ընկերուհին է ու նրա վստահությամբ էր ռեկտոր նշանակվել:

 

 

 

 

 

Ալեն Սիմոնյանի խորհրդականը քանի՞ խորհուրդ է տվել նախագահին. ինչ ունեցվածք ունի նա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական Աշխեն Հայրապետյանը պաշտոնին նշանակվել է 2023 թվականի մայիսին. մինչ այդ նա ԱԺ նախագահի օգնականն էր ընդամենը: Հայրապետյանը այն եզակի աշխատակիցներից է, որ մշտապես ուղեկցում է Սիմոնյանին՝ որպես ԱԺ նախագահի «հագուստի արդուկի գծով խորհրդական»։

Իսկ ի՞նչ ունեցվածք ունի ուշագրավ ուղղվածություն ունեցող խորհրդական Աշխեն Հայրապետյանը: Նա, Ազգային ժողովում աշխատելով, ձեռք է բերել հիփոթեքով բնակարան Երեւանում։

ԱԺ նախագահի խորհրդականի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 890 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 4,2 հազար դոլար, 11,5 մլն դրամ։ Աշխեն Հայրապետյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15 մլն 150 հազար դրամ, որից 12 մլն 710 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ԱԺ աշխատակազմից, իսկ 2 մլն 439 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից։

Խորհրդականի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 21 մլն 375 հազար դրամ, որից 20 մլն 80 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հարցում էր ուղարկել Ազգային ժողով այն մասին, թե Աշխեն Հայրապետյանը, որը գրեթե բոլոր գործուղումների ժամանակ ուղեկցում է Ալեն Սիմոնյանին, կոնկրետ ի՞նչ գործառույթ է իրականացնում: Խնդրել էինք ներկայացնել, թե, որպես խորհրդական, Աշխեն Հայրապետյանը մինչ օրս քանի՞ խորհուրդ է տվել Ալեն Սիմոնյանին, որո՞նք են եղել դրանք, եւ ինչպե՞ս է այդ խորհուրդները կիրառել ԱԺ նախագահը (ներկայացնել ամբողջական ցանկով): Բանն այն է, որ հենց ՔՊ-ական պատգամավորները «Ժողովուրդ» օրաթերթին պատմել էին, որ Աշխեն Հայրապետյանը Ալեն Սիմոնյանի հագուստի, արդուկի եւ կոստյումի ուսերի փոշիների հարցերով է զբաղվում: Հենց դրա համար էլ վերը նշված հարցադրումները ենթադրում էին հստակ պատասխաններ եւ պարզաբանումներ: Սակայն ԱԺ-ից պաշտոնապես ստացանք հետեւյալը. «Աշխեն Հայրապետյանը կատարում է ԱԺ նախագահի հանձնարարությունները եւ իր հաստիքին համապատասխան գործառույթները»: Մնացած հարցերը համարվել էին «Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքով չնախատեսված հարցում»:

Դե, իհարկե, ինչ խորհուրդ պիտի տա Աշխեն Հայրապետյանը Ալեն Սիմոնյանին: Պարզ է, որ այդ հաստիքին է նշանակվել, որ բարձր աշխատավարձով արդուկ անի:

 

 




Լրահոս