Armenian text to speach

ՀԱԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆԸ՝ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. «ԵՍ ԵՎ ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ ՉԵՆՔ ԽՈՉԸՆԴՈՏԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Ազգային ժողովի ամբիոնից հիշեցրեց, որ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը ներկայացրել է հայտարարության տեքստ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի առնչությամբ։ Հայկ Մամիջանյանն ընդգծեց, որ զրուցել է Հովիկ Աղազարյանի հետ, եւ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտի այս գործընթացին, իսկ քննարկումները շարունակվում են։

 

«Ժողովուրդ» օրաթերթը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ զրուցել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ։

-Պարո՛ն Ասլանյան, հայտնի դարձավ, որ դուք չեք խոչընդոտի իմպիչմենտի նախագծի քվեարկությանը, դրա ընդունմանը: Եթե նախագիծը դուրս գա օրակարգ, ձեր ձայնը կտա՞ք իմպիչմենտի գործընթացին։

-Մեր կողմնորոշումը հստակ է՝ մենք չենք խոչընդոտի։ Ես եւ Հովիկ Աղազարյանն առաջինն ենք մեկնարկել իմպիչմենտի գործընթացը: Պարզ է, չէ՞, որ մենք կողմ ենք դրան, ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա: Սակայն մենք չենք ցանկանում, որ տեղի ունենա զուտ իշխանափոխություն, իշխանազավթում։

Ես եւ պարոն Աղազարյանը հայտարարել ենք, որ մենք պատրաստ ենք միանալ միայն այն դեպքում, եթե ընդդիմադիր ուժերը կհավաքեն 52 ձայն, իսկ 53-րդը կլինի Աղազարյանը, 54-րդը՝ ես։ Միայն այդ դեպքում ենք մենք կհամագործակցենք: Մնացած պարագայում համագործակցություն չենք ծավալի։

-Իսկ ո՞ր թեկնածուին կաջակցեք իմպիչմենտի գործընթացի դեպքում. ըստ օրենքի՝ պետք է ներկայացվի վարչապետի հավանական թեկնածու։

-Այդ հարցը մեզ համար երկրորդական է։ Եթե հնարավոր լինի հասնել 53-54-րդ համարներին, ինչպես նշել էի, ապա իրականում այն անձը, ով կդառնա վարչապետի թեկնածու, չի ունենա բացարձակ հնարավորություն իշխանությունը միայն իր ձեռքում վերցնելու։ Կստացվի, որ ով ուզում է թեկնածու լինի՝ ոչ մի հնարավորություն չի ունենա միանձնյա կառավարելու երկիրը։

-Եթե թեկնածուն լինի նախկին ղեկավար ներկայացուցիչներից, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, կաջակցե՞ք, ի վերջո, թե՞ ձեզ համար առաջնային է Փաշինյանի հեռանալը։

-Ես եւ պարոն Աղազարյանը պայքարում ենք հանուն, ոչ թե ընդդեմ։ Մենք ընդամենը ցանկանում ենք, որ երկրում կազմավորվի ճիշտ, հավասարակշռված եւ պատասխանատու իշխանություն։

-Այսինքն, ըստ ձեզ, այս իշխանությունը ձախողո՞ւմ է։

-Ներկայիս իշխանությունը, մեր գնահատականով, վաղուց է ավարտվել։ Նիկոլ Փաշինյանը երկիրը հասցրել է ավտորիտարացման վտանգավոր սահմանի։ Նա պիտի հեռանա, բայց միեւնույն ժամանակ մենք պետք է խուսափենք այնպիսի լուծումներից, որտեղ նոր իշխանությունը կրկին մի մարդու կամ մի կուսակցության ձեռքերում կկենտրոնանա։ Պատմությունը ցույց է տալիս, որ երբ իշխանությունը   մեկ անձի կամ մեկ կուսակցության ձեռքում է, դա հանգեցնում է ավտորիտարիզմի եւ տոտալիտարիզմի։

Վերջիվերջո, նման իշխանության ներքո ժողովուրդը կանգնում է ոչ թե «հանուն»-ի, այլ «ընդդեմ»-ի կողքին, ու դա բերում է կործանման։ Հիշենք՝ Մաո Ցզեդուն, Ստալին, Պինոչետ… Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա՝ իր վերջը ում նման է լինելու:

Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ




Լրահոս