2026 թվականից Հայաստանում նախատեսվում է սկսել առողջապահության պարտադիր ապահովագրության գործընթացը։ Այս մասին հոկտեմբերի 21-ին կայացած ասուլիսում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ ծրագրի համար պետական բյուջեում արդեն հաշվարկված ծախսեր կան։ Նախարարի խոսքով՝ համակարգը կներդրվի երեք փուլով՝ կմեկնարկի 2026-ին եւ կավարտվի 2028 թվականին։
Թեեւ նախարար Ավանեսյանը վստահ եւ հստակ խոսում է ծրագրի գործարկման մասին, սակայն այն այդպես էլ մնում է միայն թղթի վրա։ Նախագիծը դեռ չի քննարկվել ո՛չ Ազգային ժողովում, ո՛չ էլ ԱԺ համապատասխան հանձնաժողովներում, եւ որեւէ կառույց պաշտոնական կարծիք չի հայտնել դրա վերաբերյալ։
Նմանատիպ փորձ արվել էր նաեւ նախկինում։ 2024 թվականին նախարար Ավանեսյանը հայտարարել էր, որ նույն տարվա հուլիսից պետք է գործարկվեր ապահովագրական փաթեթ՝ պետական պատվերի շահառուների համար։ Սակայն ծրագիրը այդպես էլ չիրականացավ։ Երկու տարի առաջ նախաձեռնված փաստաթուղթը մնաց առանց ընթացքի, իսկ 2024-ի հոկտեմբերին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փաստացի հերքեց Ավանեսյանի՝ հունվարին տված խոստումը։
Առողջապահական ապահովագրության եւ պետպատվերի համակարգերի խնդիրների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Առողջություն եւ առողջապահություն» հասարակական կազմակերպության նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Լիլիթ Կուջոյանի հետ։
-Տիկի՛ն Կուջոյան, առողջապահությունն այն ոլորտներից է, որտեղ մշտապես կան համակարգային խնդիրներ եւ բարեփոխումների անհրաժեշտություն։ Մեկ տարի առաջ նախարարությունը ներկայացրեց պարտադիր ապահովագրության ծրագիրը՝ ասելով, որ սա լավագույն տարբերակն է, բոլոր քաղաքացիների համար, աշխատողների համար առանձին պայմաններ էին առաջարկում: Դա ձախողելուց հետո՝ բերեցին նույն նախագծի թարմացված տարբերակը: Ի՞նչ կասեք, թիրախային կետեր կա՞ն այս նախագծում:
-Խնդիրը չափազանց մեծ է, եւ այն ամբողջությամբ լուսաբանելու համար օրեր կպահանջվեն։ 2018-ից հետո, հատկապես 2021-ի նախընտրական շրջանում, իշխանությունը խոստանում էր ապահովագրել բոլորին՝ նշելով, որ «բոլորի համար լավ է լինելու»։ Սակայն ընտրություններից հետո թեման կամաց-կամաց մարեց՝ մնալով «ընթացքի մեջ» ձեւակերպման տակ։ Անցյալ տարի ներկայացվեց նոր նախագիծ, որը մենք՝ որպես մասնագետներ, բավականին քննադատեցինք։
Ենթադրենք՝ նախագիծն ընդունվել է, եւ պարտադիր ապահովագրությունը գործում է։ Պետք է արձանագրեմ, որ մենք հիմա քննարկում ենք միայն այն, ինչ ներկայացված է e-draft հարթակում եւ ինչի մասին նախարարն է հրապարակային խոսում։ Օրենքի նախագծի վերնագրում նշվում է «Առողջապահության համապարփակ ապահովագրություն», սակայն այս ձեւակերպումն իրականությանը չի համապատասխանում։ «Համապարփակ» բառը ենթադրում է ընդգրկունություն, մինչդեռ նախագիծը նախատեսում է ծածկել առողջապահական ծախսերի ընդամենը շուրջ 30 տոկոսը։
Նախագծով նշվում է, որ մինչեւ 18 տարեկան երեխաները պետք է ընդգրկվեն ծրագրում։ Սակայն այս տարիքային խումբը արդեն իսկ անվճար սպասարկվում է պետպատվերի շրջանակում։ Այլ խնդիր է, որ տարիներ շարունակ պետական պատվերի ֆինանսավորումը պարբերաբար դադարեցվում է տարվա կեսից կամ վերջին եռամսյակում։ Ուստի «համապարփակ ապահովագրություն» անվանումը որեւէ նորություն չի բերում եւ խնդրի էությունը չի փոխում, եթե կառավարիչները եւ կառավարման գործելաոճը նույնն են մնում։
Նույնը վերաբերում է նաեւ 65 եւ բարձր տարիք ունեցողներին։ Նրանք այս պահին էլ հիմնականում սպասարկվում են առաջնային օղակներում՝ պոլիկլինիկաներում։ Բայց հենց այդ օղակներում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք մարդկանց հաճախ հետ են պահում բժշկի դիմելուց։ Փոխանակ ծրագրով ամրապնդվի այդ համակարգը եւ խրախուսվի պոլիկլինիկաների հաճախելիությունը, նախագծով այս խումբը պարզապես ներառվում է ապահովագրության ընդհանուր փաթեթում՝ առանց արմատական բարեփոխումների։
Նախագծում նշվում է, որ քաղաքացիների տարեկան վճարը տատանվելու է 140.000-ից մինչեւ 160.000 դրամի սահմաններում։ Սակայն որեւէ տեղ նշված չէ, թե ինչ հաշվարկների հիման վրա են սահմանվել այդ թվերը։ Օրինակ՝ ինչպես կարող է 200.000 դրամ եւ ավելի եկամուտ ունեցող քաղաքացին վճարել այդքան գումար՝ առանց հստակ մեխանիզմների եւ հստակեցված հաշվարկների։
Այսպիսով, թեեւ առողջապահության նախարարությունը խոսում է համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին, մասնագետների գնահատմամբ՝ պարտադիր ապահովագրության ներկայիս տարբերակը դեռեւս հիմնավոր ծրագիր չէ եւ չի տալիս այնպիսի հստակ երաշխիքներ, որոնք կարող են ապահովել ոլորտի երկարաժամկետ կայուն զարգացումը։
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ



















































































