Armenian text to speach

ՀԱՄԱՏԱՐԱԾ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած միջադեպով համատարած կալանավորումներ են։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ զանգվածային անկարգություններ կատարելու համար կալանավորվել են Հենրիկ Գեւորգյանը, տնային կալանքի տակ է անչափահաս երեխա, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում։

 

2 ամսով կալանավորվել է Գ. Ղ.-ն, Ն. Ղ.-ն կալանավորվել է 40 օրով, Ռ. Ս-.Ն եւս կալանավորվել է 40 օրով, Կ. Հ.-ն եւ եւս Կ. Հ.-ն կալանավորվել են 2 ամսով, Հ. Մ.-ի նկատմամբ կալանք է ընտրվել 2 ամիսը, Ա. Պ.-ի նկատմամաբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, 1 մլն գրավ եւ բացակայելու արգելք։

Փաստացի այս պահին կալանավորված է 9 անձ. մեր հրապարակումներով առաջիկայում կանդրադառնանք, թե ինչ ճակատագրի են արժանանալու մյուս 10 անձինք, որոնց նկատմամբ նախաքննական մարմինը քրեական հետապնդում է սկսել։

Ինչպես հայտնել էր Քննչական կոմիտեն՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվող զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու եւ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 37 անձ:

 

Ըստ Քննչականի՝ առերեւույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաեւ մուտքերի մոտ ու վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանն ու հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել:

 

Մասնավորապես, վերջիններս կոչեր են հնչեցրել արգելափակել համայնքապետարանի վարչական շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, վնասել են ոստիկանության ծառայողական փոխադրամիջոցի անվադողերը, համայնքապետարանի վարչական շենքի գույքը, այդ ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, նրանց ուղղությամբ նետել են կրակայրիչներ եւ շշեր, վերջիններիս հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ։

 

19 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) եւ 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը), 10 անձի նկատմամբ՝ 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) եւ 46-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելուն դրդելը):

 

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս