Armenian text to speach

«ՋԻ ԹԻ ԲԻ….» ՍՊԸ-Ն 10 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ ԳՆԵԼ Է ԿԱՍԿԱԴԻ ՀԱՐԱԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Կառավարությունը հոկտեմբերի 23-ի որոշմամբ որոշել է հավանություն տալ Երեւանի քաղաքապետարանի կողմից 15.01.2025թ. հայտարարված՝ «Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման իրավունքի շնորհման բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Ջի Թի Բի դիվելոփմենթ», «Ռեալ Ջի», «Կարգո սըլուշն բրոքերեյջ», «Կարգո էքսպրես Ջորջիա» ՍՊ ընկերությունների անունից՝ 29.01.2025թ. համատեղ գործունեության մասին պայմանագրի հիման վրա, այսուհետեւ՝ Կոնսորցիումի անունից հանդես եկող իրավաբանական անձ՝ «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված (Երեւանի Թամանյան 10/1 հասցեի (01-006-0012-0122 կադաստրային ծածկագրով) 2.448102 հա մակերեսով հողամասում՝ այսուհետեւ Ա1 գոտի, «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման, Թամանյան 10/3 հասցեի  (01-006-0012-0003, 01-006-0012-0116, 01-006-0012-0006 կադաստրային ծածկագրերով) 0.1953, 4.636157 եւ 0.04 հա մակերեսներով հողամասերում՝ այսուհետեւ Բ1 եւ Բ2 գոտի, եւ վերջինիս հարակից հյուսիսային հատվածից Բ2 գոտու համար նախատեսված հողամասով, արեւմտյան հատվածից դեպի Կասկադ համալիրի աստիճաններ ձգվող հողամասով, հարավային հատվածից ճանապարհով եւ արեւելյան կողմից հետագայում որպես քաղաքային կանաչապատման ենթակա հողամասով պարփակված մոտ 1,8 հա մակերեսով տարածքում՝ այսուհետեւ Բ3 գոտի, բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման եւ դրան հարակից Անտառային 2/1 հասցեի՝ 1.825377 հա մակերեսով (01-006-0012-0115 կադաստրային ծածկագրով)) հողամասում կանաչապատում իրականացնելու ներդրումային ծրագրին (այսուհետեւ՝ ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:

 

Կառավարությունը համաձայնություն կտա նաեւ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված, Երեւան համայնքի վարչական տարածքում գտնվող Թամանյան 10/1 հասցեի 2.448102 հա մակերեսով հողամասը, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրելուն՝ «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման նպատակով՝ համաձայն N 2 հավելվածի:

ArmLur.am-ը տեղեկանում է, որ Երեւան համայնքի վարչական տարածքում գտնվող Թամանյան 10/3 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 0.1953, 4.636157 եւ 0.04 հա մակերեսներով, 10,449,275,265 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված ընդհանուր կադաստրային արժեք ունեցող հողամասերը «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊ ընկերությանը ուղղակի վաճառքով, տարաժամկետ վճարման եղանակով օտարում են՝ բազմաֆունկիցոնալ համալիրի կառուցման նպատակով՝ համաձայն N 3 հավելվածի:

Հիշեցնենք, որ «Կասկադ» համալիրի վերակառուցման մրցույթում վերջերս հաղթեց «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որը 4 ընկերությունից բաղկացած կոնսորցիում է։ Այն հիմնադրվել է 2024 թ. հոկտեմբերի 24-ին, եւ իրական շահառուն աղմկահարուց գործարարի համբավ ունեցող Գրիգոր Տեր-Ղազարյանն է 97.5 % մասնակցությամբ, 1,5 % մասնակցություն ունի ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը, եւ 1 % մասնակցություն՝ Հնդկաստանի քաղաքացի Սուլախան Սինղը։

Գրիգոր Տեր-Ղազարյանը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ Իսկ «Հանրապետություն»-ը Երեւանի ավագանու ընտրություններից հետո իշխող ՔՊ-ի հետ համագործակցության հուշագիր ստորագրեց, Երեւանի փոխքաղաքապետի եւ երեք վարչական շրջանների ղեկավարների պաշտոնները վերցրեց` կիսելով քաղաքային կառավարման ոչ միայն պատասխանատվությունը. Երեւանի ամենախոշոր ծրագրերից մեկում «բարեկամաբար» հաղթել է Գրիգոր Տեր-Ղազարյանը: Ի՞նչ է սա. կոռուպցիոն մեխանիզմի գործադրմամբ իրականացված գործա՞րք իշխանության «սրտի» գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ, ով նախկինում խարդախության համար դատապարտված է եղել:

ArmLur.am-ը, ուսումնասիրելով որոշմանը կից փաստաթղթերը, արձանագրում է, որ Երեւան համայնքին պատկանող  հողատարածքում կառուցապատման իրավունքի շրջանակում կառուցվելու է ընդհանուր 20 միլիարդ 46 միլիոն ՀՀ դրամ ներդրումային արժեքով «Կասկադ մշակութային հանգույց» համալիրը։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս