Նախանցած տարի՝ մայիսին, Լոռու մարզում տեղացած հորդառատ անձրեւների պատճառով վարարած Դեբեդ գետը, հունից դուրս գալով, ջրհեղեղ է առաջացրել, որը ավերածությունների պատճառ է դարձել մարզի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Ալավերդի եւ Թումանյան քաղաքներում։
Ալավերդիից ArmLur.am լրատվականին տեղեկացնում են, որ շուրջ երկու տարի է անցել, բայց ճանապարհները հավուր պատշաճի վերանորոգված չեն։
«Տարի ու կես է անցել, բայց ոչ մի գործ չի արվել։ Ճանապարհները թքած-կպցրած են։ Մեկ-երկու կոսմետիկ աշխատանքներ են արել, եւ թվում է, թե ճանապարհը խնդիր չունի։ Ճանապարհը հիմնանորոգված չէ։ Այն հիմնանորոգելու համար պետք է փորձաքննություն անեին, ջրի հոսքը պիտի ճիշտ կարգավորեին, լիցք անեին, ու այսպես ամիսների աշխատանք էր պահանջվում, բայց սրանք (իշխանությունը – խմբ.) ժամանակավոր լիցք արեցին, վրայից ասֆալտ արեցին, ու չի հասկացվում, որ ճանապարհը նախկինում փլուզված է եղել»,- ArmLur.am լրատվականին փոխանցեց Ալավերդի քաղաքի բնակիչը։
ArmLur.am-ին ահազանգած քաղաքացին տեղեկացնում է, որ այս օրերին վերսկսել են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Նա նաեւ հակված է կարծելու, որ սա նախընտրական քարոզարշավի մաս է կազմում։ «Հիմա, քանի որ ընտրություններին մնացել է քիչ ժամանակ, սրանք (իշխանությունը – խմբ.) հետաքրքիր քայլ են արել։ Նախ՝ որոշել են Ախթալայում բացել երկրորդ երկաթե կամուրջը, իսկ Ալավերդիում էլ որոշել են սարքել ճանապարհները։ Թե ինչի՞ քնեցին-մնացին ու նոր հիշեցին, որ խոստացած ճանապարհ ունեն սարքելու, կարծում եմ, բոլորին էլ պարզ է»,- ասում է Ալավերդու բնակիչը։
Նա նաեւ մեզ հայտնում է, որ Ալավերդիում մարդկանց տներն սկսել են սեփականաշնորհել, մեր զրուցակցի խոսքով ասած՝ «մարդկանց սրտերը շահել»։ Ալավերդու բնակիչը մեզ նաեւ տեղեկացնում է, որ Ախթալա համայնքում երկու կամուրջ կար՝ մեկը երկաթբետոնե, մյուսը պատմական, որ մարդկանց տանում էր դեպի Ախթալայի եկեղեցի։
«Ալավերդիում այս պահին երկու կամուրջ են կառուցում, որ մեկով գնան, մյուսով գան ու թեթեւ լինի։ Պատմական կամուրջը չեն սարքելու… Մտադրություն էլ չունեն»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին։
Հիշեցնենք՝ 2024 թվականի մայիսի 25-ին գիշերը տեղացած հորդառատ անձրեւի պատճառով Դեբեդ գետը դուրս էր եկել իր հունից, առաջացրել ջրհեղեղ, որը ավերածությունների պատճառ էր դարձել Տավուշի եւ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում։ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի առաջարկությամբ եւ Կառավարության որոշմամբ, աղետի գոտի ճանաչված բնակավայրերում հիմնանորոգման, շինարարական եւ այլ աշխատանքների համար, ինչպես նաեւ աղետից տուժած բնակիչներին փոխհատուցում տրամադրելու համար հատկացվել էր 318.8 մլն դրամ, որի գերակշիռ մասը ընդգրկում էր Լոռի եւ Տավուշ մարզերը։
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ























