Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Նարեկ Մանուկյանը, որը կարկառուն ՔՊ-ական Արսեն Թորոսյանի ընկերն է, փորձում է «Մենք»-ի գաղափարով քաղաքականություն մտնել: Նա վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ չէ եւ չի լինի, բայց իր «Մենք»-ի մեջ վստահաբար ներկա է Արսեն Թորոսյանը: Ի՞նչ քարոզ է անում նա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նարեկ Մանուկյանը վերջերս 3-4 տասնյակ երիտասարդների հետ փակ հանդիպում է կազմակերպել, եւ քննադատելով Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարել է. «Ես ավելի շատ փորձ ունեմ, քան ձեր նշած անձնավորությունը, որի մասին նույնիսկ Իլհամ Ալիեւը ծաղրանքով ասել էր՝ մի կոլխոզ չի ղեկավարել… Իսկ ես 700 հոգանոց կոլեկտիվ եմ ղեկավարել 5-6 տարի, եւ ինչ նպատակ դրել եմ իմ առջեւ՝ կատարել եմ»:
Հիշեցնենք, թե ով է այս նոր քաղաքական գործիչը, որը երիտասարդներին խոստանում է հերթական պայծառ ապագան: Երբ ՔՊ-ական Արսեն Թորոսյանի կողմից նշանակված մի քանի տնօրեններ մեկ ամսում հեռացան պաշտոններից, այդ թվում՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի, Կախվածությունների ազգային կենտրոնի, Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենները, այս տարվա ապրիլի 4-ին Նարեկ Մանուկյանն էլ ազատվեց Ուռուցքաբանական ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնից: Նախարար Անահիտ Ավանեսյանը այլեւս չէր ցանկանում նրա հետ աշխատել: Նեղացած Մանուկյանը նաեւ Երեւանի ավագանու անդամ էր ՔՊ խմբակցության կազմում. նա ավագանու անդամի մանդատն էլ վայր դրեց:
Այո՛, սա նույն Նարեկ Մանուկյանն է, որը 2019 թվականի հոկտեմբերի 4-ին, իր աշխատասենյակում վիճաբանել, ապա հարվածել էր իր աշխատակից բժշկին եւ կոտրել նրա քիթը: Փաստորեն՝ ենթակայի քիթ կոտրելը եւս «Մենք»-ի գաղափար է:
71 օր ապօրինի կալանքի տակ գտնվող մեծահարուստ բարերար Սամվել Կարապետյանը կալանավայրից արդեն սկսել է քաղաքական կոնկրետ քայլեր իրականացնել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կարապետյանի ընտանիքը պատրաստվում է քաղաքական հարթակում ներկայանալ նոր կուսակցությունով, որի անվանումը կասոցացվի Կարապետյանի հայտնի «Մեր ձեւով» արտահայտության հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, կբացի նոր կուսակցություն։ Մյուս ամիս նախատեսված է կուսակցության հիմնադիր համագումարը, որից հետո Նարեկ Կարապետյանը պաշտոնապես կդիմի ՀՀ արդարադատության նախարարություն՝ կուսակցությունը պետական ռեգիստրում գրանցելու համար։ Հիշեցնենք՝ համաձայն «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի՝ նոր կուսակցություն հիմնելու համար անհրաժեշտ է առնվազն 100 հիմնադիր, պետական գրանցման պահին այն պետք է ունենա 800 անդամ, կուսակցության իրավական ուժը սկսվում է գրանցման պահից, իսկ դրանից հետո երկշաբաթյա ժամկետում կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը պետք է հրապարակվեն պետական կայքում։ Իրավական ընթացակարգերն արդեն նախապատրաստվում են։ Եթե որեւէ անակնկալ չլինի, ապա մոտ ապագայում Հայաստանում կգրանցվի խոշոր կապիտալ ունեցող նոր քաղաքական ուժ, ինչը կարող է վերափոխել երկրի ներկա քաղաքական դաշտի հարաբերությունները։ Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք թեմային՝ ընդգծելով, որ Կարապետյանների թիմում շեշտը դրվում է մասնագիտացված կառավարման, տնտեսական վերականգնման եւ հայրենադարձ ներդրողների մասնակցության վրա։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ աշխատակազմում ուշագրավ փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը ազատվել է պաշտոնից եւ տեղափոխվել ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում։ Նրան փոխարինել է Արմեն Հարությունյանը, որը ծնվել է Ադրբեջանում: Հիշեցնենք, որ Սամվել Առաքելյանը ժամանակին եղել է հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ ցուցմունք տված անձը, ինչի հիման վրա էլ Ղազարյանի հրապարակային խոսքը սահմանափակվեց, նրա նկատմամբ առաջադրվեց մեղադրանք։ Թերեւս այդ ծառայության համար Առաքելյանին դուրս չեն հանել համակարգից: Բայց դրանից, այս նշանակումների շղթան, փաստորեն, ոչ միայն զուտ կադրային փոփոխություն է, այլեւ հիշեցնում է անցյալի բուռն իրադարձությունների մասին։
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հերթական գովազդային ծրագիրը՝ «Ասե՛ք կանե՛նք», օդում թողած պղպջակի էֆեկտ ունի: Ինչպես տրոլեյբուսները, այնպես էլ վերելակները փոխելու, նորերը տեղադրելու համար ֆինանսական միջոցներ չկան: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ուղղակի հայտնել է՝ գումար չկա։ Այլ կերպ ասած՝ 2025-ի համար նախատեսված 504 վերելակից վերջին 104-ի տեղադրումը կլինի «համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում», այսինքն, եթե փող գտնվի։ Ստացվում է՝ փառատոների, համերգների, քեֆերի գումար կա, Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելու համար 20 հազար ԱՄՆ դոլարանոց տումսի գումար կա, բայց երեւանցիների համար կենսական անվտանգային հարցի՝ վերելակների փոխարինման համար գումար չկա: Տեղեկացնենք, որ 1 վերելակը մոտ 10 մլն դրամ է, ինչը նշանակում է, որ 1.4 մլրդ դրամի կարիք ունի քաղաքապետարանը, որպեսզի Տիգրան Ավինյանի խոստումը 2025 թվականի վերաբերյալ կատարի: Չի կատարում, քանի որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վատ կառավարիչ է. ինչո՞ւ, որովհետեւ Երեւան համայնքը ունի ավելի քան 14 մլրդ դրամի պարտք, չի կարողանում քաղաքացիներից եւ կազմակերպություններից գույքահարկերը հավաքագրել: Եթե կարողանար, 14 մլրդ պարտքից 1.4 մլրդ դրամը բարդ չէր լինի ուղղել անվտանգային կարեւորագույն խնդրի լուծմանը:























