Armenian text to speach

«ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՈՉ ԹԵ ԵՌԱԿՈՂՄ, ԱՅԼ ԵՐԿԿՈՂՄ Է….»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը հայ-ադրբեջանական հարաբերությունների, Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիեւ հանդիպման եւ նախաստորագրված փաստաթղթի շուրջ զրուցել է «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցության անդամ Արա Պապյանի հետ։

-Պարոն Պապյան, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ այսպես կոչված «Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրումը։ «Ազգային ժողովրդավարական բեւեռը» այս կապակցությամբ բողոքի ակցիա կազմակերպեց Ազատության հրապարակում։ Ի՞նչն էր ձեր դժգոհության պատճառը։

-Մեր դժգոհության հիմնական պատճառը այն էր, որ այդ հանդիպման ընթացքում ստորագրված փաստաթղթերը լիովին կամ մասնակիորեն անտեսում էին Հայաստանի շահերը։ Եթե նույնիսկ նշված էր Հայաստանի անունը, ապա այն բոլորովին հավասարաչափ չէր ներկայացված Ադրբեջանի հետ համեմատած։ Մասնավորապես մենք կարծում ենք, որ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի անունից ներկայացված դիմումը՝ ԵԱՀԿ-ն լուծարելու գործընթաց սկսելու վերաբերյալ, անընդունելի է։ Արցախի հարցը փակված չէ, եւ նման որոշում կարող է ընդունել միայն ԵԱՀԿ-ն՝ իր բոլոր 57 անդամ պետությունների մասնակցությամբ։ Երբ Հայաստանը նման փաստաթղթի տակ է դնում իր ստորագրությունը, ըստ էության ընդունում է, որ Ադրբեջանի բոլոր քայլերն արդարացված են։

Երկրորդ կարեւոր խնդիրը վերաբերում էր մեկ այլ փաստաթղթի՝ ԱՄՆ-ի կողմից 907-րդ բանաձեւի հետ կապված հարցին։ Թրամփի վարչակազմը փաստացի մեկ տարով կասեցրել էր դրա կիրառումը, սակայն այն ներկայացվեց իբրեւ ամբողջովին չեղարկում։ Սա խաբուսիկ ձեւակերպում էր։ Պետք է պարզ բացատրել ժողովրդին, որ ԱՄՆ նախագահը նման լիազորություն չունի. եթե օրենքը ընդունվել է Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի մեծամասնությամբ, ապա միայն Կոնգրեսն է իրավասու այն վերացնելու։ Այդ իսկ պատճառով մենք պնդում ենք, որ 907-րդ բանաձեւը պետք է շարունակի գործել։ Ինչո՞ւ, որովհետեւ հենց այդ փաստաթղթի կասեցումից հետո Ալիեւը հայտարարեց. «Տեսե՛ք, 30 տարի մեզ սխալմամբ ագրեսոր էին համարում, հիմա այդ սխալը շտկվեց»։ Իրականում դա շատ վտանգավոր ձեւակերպում է։ Իշխանությունները փորձում են ներկայացնել, թե բանաձեւն իբր միեւնույնն է չի գործել։ Դա ճիշտ չէ, բանաձեւը գործում էր, այն միայն զենքի վաճառքի մասին չէր, այլեւ քաղաքական ու իրավական գնահատական էր։

Մենք հստակ դիրքորոշում ունենք նաեւ այն երկու հռչակագրերի վերաբերյալ, որոնց առնչությամբ իշխանությունը փորձում է շեշտել «եռակողմ» բնույթը։ Բայց փաստաթղթերի վերնագրերում հստակ գրված է՝ դրանք դեկլարացիաներ են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

-Այսինքն, եթե այս ստորագրումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր բախում սկսվի, ԱՄՆ-ն չի՞ կարող միջամտել հակամարտությանը։

-Ճիշտ այդպես։ Նախ՝ նման պարտավորություն փաստաթղթում ամրագրված չէ։ ԱՄՆ-ն միայն նշում է, որ հանդիսացել է այս «Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրման վկա, բայց ոչ՝ երաշխավոր։ Թրամփի նպատակը մեկ ուրիշ բան էր. նա ուզում էր ցույց տալ, թե հերթական խաղաղությունն ինքն է բերել, ինչպես նույնը փորձում է անել Ռուսաստանի եւ Ուկրաինայի դեպքում։ Նրա ցանկությունն է Նոբելյան մրցանակ ստանալ, ինչը դեռ չի հաջողվում։

Հայաստանը այս հանդիպումից որեւէ շահ չի ստացել։ Շահել է միայն Նիկոլ Փաշինյանը, ով աճպարարությամբ փորձում է ներկայացնել, թե իբր խաղաղություն է «հաստատվել»: Ուշադիր լինենք՝  «հաստատվել», ոչ թե «կհաստատվի»։ Ապագային ուղղված ոչինչ չկա: Սա տվյալ բառի պարզ շահարկում է. խաղաղություն բոլորը ցանկանում են, բայց չի կարելի ժողովրդին ներկայացնել փաստաթուղթ, որը որեւէ պարտավորություն չի ամրագրում։ Ավելին՝ այն ստորագրման ժամերից էլ քիչ անց ոտնահարվեց հենց Ալիեւի կողմից։ Մասնավորապես՝ Ալիեւը հայտարարեց.  «Հայաստանը դեռ տնային աշխատանք ունի կատարելու, պետք է փոխի իր Սահմանադրությունը»։ Սա ի՞նչ է, եթե ոչ միջամտություն մեր ներքին գործերին։ Իսկ փաստաթղթում հստակ նշված էր, որ երկրները չպետք է խառնվեն միմյանց ներքին քաղաքականությանը։ Եթե պայմանագիրը ժամեր անգամ չի գործում, ինչպե՞ս կարող ենք վստահ լինել դրա երկարաժամկետ ուժի նկատմամբ։

Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ




Լրահոս