Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի ապագան գրավադրված է. Փաշինյանի կառավարությունը ժողովրդին պարտքի տակ է պահում

 

2025 թվականի հուլիսի վերջին արձանագրվել է մի իրականություն, որը կուլիսներում այլեւս չեն թաքցնում. Հայաստանի պետական պարտքի աճն արագանում է՝ իշխանության անգործության կամ վատ կառավարման հետեւանքով։
Պաշտոնական թվերը հնչում են սառը, բայց դրանց հետեւում փոխառությունների ցիկլի մեջ խրված պետությունն է։
«Ժողովուրդ» օրաթերթը, Ազգային վիճակագրական տվյալներից եւ «Լույսի»-ի վերլուծությունները համադրելով, պարզեց, որ

• Պետական պարտքը 2024-ի հուլիսի համեմատ աճել է 14.3%-ով՝ հասնելով շուրջ 14.1 մլրդ ԱՄՆ դոլարի։

• Կառավարության պարտքը ավելի բարձր տեմպով՝ 14.8%-ով, կազմելով արդեն 13.6 մլրդ դոլար։

• Ներքին պարտքը (դրամով) աճել է 16.2%-ով, իսկ արտաքին պարտքը՝ 11.9%-ով։

Սրանք պարզապես թվեր չեն, սրանք սերունդների վրա դրված պարտավորություններ են։ Այս թվերի տակ դանդաղորեն կքում է պետությունը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին վարժեցվել է ապրել ոչ թե ստեղծելով, այլ վերցնելով։
Իշխանության համար սա նորություն չէ, բայց ոչ էլ խնդիր. քանի դեռ փող տալիս են, նրանք կառավարման անվերջ վարժություն են անում՝ առանց բովանդակության, առանց ծրագրի, առանց հաշվարկի ու կանխատեսումների։ Պարզապես՝ քաղաքական կապրիզներով:
Իսկ մենք՝ քաղաքացիներս, ոչ միայն չենք տեսնում զարգացման էական արդյունքներ, այլեւ դառնում ենք պարտքի գին վճարողներ… Ու առանց հարցնելու։

 

 

 

 

 

Փաշինյանը «ռեստարտ» է անում թիմը, իսկ գերիներին Ադրբեջանում շարունակում են դատել

Նիկոլ Փաշինյանը նորից կադրային շախմատ է խաղում։ Նա թիմն է ռեստարտ անում 2026-ին ընդառաջ, իսկ ընդդիմությունը դեռ չի հասցրել դիրքավորվել:
«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել. առաջիկայում սպասվում են կադրային փոփոխություններ ոչ միայն Կառավարության կաբինետում, այլև մարզերում։ Փաշինյանը հերթական անգամ փորձում է թարմացնել իր թիմը՝ ավելի հնազանդ, վերահսկելի դեմքերով, սակայն հարցը մնացել է նույնը. արդյո՞ք կադրերը փոխելով լուծվելու է համակարգային ձախողումը։

Իսկ այս ընթացքում՝
գերիների վերադարձի հարցը մնում է չլուծված, ավելին՝ «խաղաղասեր» Ալիևը շարունակում է դատական ֆարսերը հայ գերիների նկատմամբ: Այսինքն՝ խաղաղությունն ու հակաթշնամանքը դեռ տեղ չեն հասել:

Հայկական դատարաններում շարունակվում են քաղաքական դրդապատճառներով ֆարսային գործընթացները, տասնյակ քաղբանտարկյալներ կալանքի տակ են՝ միայն խոսելու և իշխանությունից տարբերվող կարծիք ունենալու և այն արտահայտելու համար:

Իսկ ընդդիմությունը փորձում է նոր ալիք բարձրացնել սեպտեմբերի 2-ին հանրահավաք նախապատրաստելով՝ նվիրված Արցախի անկախության հռչակման տարելիցին։

Այլ կերպ ասած՝ Փաշինյանի իշխանությունը զբաղված է կադրերին թարմացնելով, ընդդիմությունը՝ պայքարի նոր շրջափուլով, իսկ հասարակությունը սպասման անվերջ ռեժիմում է՝ գերիների վերադարձի, արդարության վերականգնման ու պետական պատասխանատվության ակնկալիքով։

 

 

 

 

 

ՔՊ պատգամավորների հանցանքը չնկատող դատախազի քեռին մեղադրում է նրան խաբեության համար

Հուլիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած աղմկոտ ծեծկռտուքը, որն ուղիղ եթերով տեսել ու լսել են բոլորը՝ հայհոյանքներով, բռնությամբ ու բացահայտ խուլիգանությամբ, դեռեւս իրավական գնահատական չի ստացել։
«Ժողովուրդ» օրաթերթը, արձանագրելով ակնհայտ հանցանքի փաստը, հաղորդում էր տվել հանցագործության մասին։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որը դեպքի պահին ներկա էր եւ սեփական աչքերով տեսել ու լսել էր կատարվածը, մեր դիմումն ուղղեց Երեւանի դատախազություն։ Իսկ Երեւանի դատախազությունն իր հերթին հարցը հանձնարարեց ոստիկանությանը՝ «ուսումնասիրելու» համար։
Հասարակության շրջանում օրինաչափ հարց է առաջանում. ի՞նչն են ուսումնասիրում, երբ ամեն ինչ եղել է հանրային դահլիճում, ուղիղ եթերում։
Այս անգործության ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց ուսումնասիրել Երեւանի դատախազի անցյալը։

 

Ո՞վ է Երեւանի դատախազը

Ինչպես հայտնի է, 2023-ի նոյեմբերի 16-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ Երեւանի դատախազ նշանակվեց Ռաֆայել Մանուկյանը։ Մինչ այդ նա եղել էր Երեւանի դատախազի տեղակալ, դրանից առաջ՝ Արարատի մարզի դատախազի տեղակալ։ Կարելի է ասել, որ նա աստիճանաբար բարձրացել է ծառայողական աստիճանակարգով. բայց նրա հետ մեկտեղ
2009-ին Մանուկյանը, ինչպես վկայում է նրա մորեղբայրը՝ ռուսաստանցի գործարար, «Трансхолод»-ի նախկին տնօրեն Կամո Սահակյանը, «բավականին աղքատ» է եղել։ Վերջինս հիշում է, որ 2011-ին Մանուկյանն ու մայրը իրենից բնակարան են խնդրել, եւ ինքը գնել է՝ ձեւակերպելով Ռաֆայելի մոր անունով։ Հետագայում բնակարանը վաճառվել է, այդ գումարով գնվել է մեկ այլ բնակարան ու թանկարժեք կահույք։
Սահակյանի պնդմամբ, ինքը բազմիցս օգնել է քրոջ որդուն՝ բնակարաններով, տեխնիկայով, նույնիսկ հագուստով։ Ավելին՝ կողմերը պայմանավորվել են, որ Ռաֆայելը պետք է վերադարձնի այդ փողերը։ Սակայն, գործարարի խոսքով, նա վերադարձրել է միայն մեքենայի գումարը, իսկ բնակարանի գումարից հրաժարվել է։ «Ասել է՝ ես հիմա մեծ մարդ եմ, իսկ ինքը ոչինչ», – պատմում է վիրավորված մորեղբայրը։
Կամո Սահակյանը դիմել է Գլխավոր դատախազություն, սակայն նրա բողոքը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ եզրակացրել են, թե «Մանուկյանի արարքում հանցակազմ չկա»։ Նույն պատասխանը գործարարը ստացել է նաեւ վարչապետի գրասենյակի միջոցով կրկին դիմելուց հետո։

Մանուկյանի պատասխանը
Երեւանի դատախազ Ռաֆայել Մանուկյանը իր մորեղբոր պնդումները որակում է «զրպարտություն»։ Նրա խոսքով՝ բնակարանը նվեր է գնվել մոր համար, ոչ թե իր։ Իսկ մորեղբոր վարքագիծը, ըստ Մանուկյանի, պայմանավորված է «հոգեկան անհավասարակշռությամբ»։

Բաց հարց
Արդեն երկու ամիս է անցել ԱԺ խուլիգանական միջադեպից, վարույթ դեռ չի նախաձեռնվել. եթե դատենք Երեւանի դատախազի անցյալից ու նրա շուրջ եղած հակասական պատմություններից, դժվար է հավատալ, որ մոտ ապագայում որեւիցե ՔՊ-ական պատգամավոր պատասխանատվության կենթարկվի։

 

 

 

 

Նախարար կա, դասագիրք չկա. կրթական տարվա խայտառակ սկիզբ սեպտեմբերի 1-ին

Սեպտեմբերի 1-ը մոտենում է դասագրքերի բացակայության եւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի բացարձակ անպատասխանատվության պայմաններում։ Ոչինչ չէր փոխվել ամառային արձակուրդներից հետո. նախարարը նույն ագրեսիան էր ցուցաբերում, միայն թե նոր՝ կտրուկ սանրվածքով:
Տեղեկացնենք, որ Հայաստանի շուրջ 413.112 աշակերտներ սեպտեմբերի 1-ին դպրոց են գնալու առանց անհրաժեշտ դասագրքերի։ Այո՛, ճիշտ կարդացիք՝ դասագրքեր չկան։ Ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ ավելի քան տասը դասագիրք, այդ թվում՝ ֆրանսերեն (5-11-րդ դասարան), Հայոց պատմություն, Քիմիա, Կենսաբանություն, Հանրահաշիվ, ինչպես նաեւ Ռազմագիտություն, պարզապես բացակայում են, որովհետեւ ԿԳՄՍ նախարարությունն այս տարի եւս «չհասցրեց» տպագրել դրանք:
Սա սովորական վարչարարական ձախողում չէ. սա կրթական համակարգի նկատմամբ բացահայտ անպատասխանատվություն է, որի հետեւանքները կրում են աշակերտները, ուսուցիչները եւ ծնողները։
Այս ֆոնին երեկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ փորձելով քողարկել ձախողումների շղթան՝ կոպիտ, ագրեսիվ ու վիրավորական վարքագիծ դրսեւորելով։
Լրագրողների պարզաբանում պահանջող հարցերը նախարարը որակեց որպես «իմաստազուրկ», իսկ լրագրողներին՝ իրավական գիտելիքներից զուրկ՝ ուղղակիորեն ասելով.

«Ես չեմ կարող զբաղվել ձեր լրագրողական կրթությամբ….»:

«Ցավում եմ էն կրթական մակարդակի համար, որ տեսնում եմ….»:

«Գնացեք սովորեք՝ օրենքը շրջաբերականից տարբերել….»:

«Հարցերը իմաստազուրկ են, դուք հարց չեք ձեւակերպում….»:

Սա չի կարող բնութագրվել այլ կերպ, քան իշխանական ցինիզմ, բարձրաձայն արհամարհանք հանրության հանդեպ ու ճնշում լրագրողական ազատության նկատմամբ։
Նախարարը նույն ասուլիսում մեղադրեց լրագրողներին՝ իբր «մանիպուլացնում» են Ակադեմիական քաղաքի գաղափարը՝ նշելով, թե այն նախատեսված է 44 հազար ուսանողի համար, մինչդեռ կա մոտ 80 հազար ուսանող։
«Ժողովուրդ» օրաթերթը սույնով դիմում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ սկսելու ծառայողական վարույթ ԿԳՄՍ նախարարի վարքագծի վերաբերյալ։ Պետական պաշտոնյան, որը հրաժարվում է պատասխանել հանրային հարցերին ու փոխարենը վիրավորում է լրագրողներին, չի կարող եւ չպետք է շարունակաբար մնալ առանց վերահսկողության։
Հիշեցնենք, որ նախարարը ձկան նման լռեց այն ժամանակ, երբ իրապես պետք է պատշաճ վարքագիծ դրսեւորեր. երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դպրոցում տեղադրված ցնցուղը պոկեց պատից եւ նախարարին հրահանգեց ճշտել դրա գինը:
Ժաննա Անդրեասյանն այնքան անպատասխանատու է գտնվել, որ ցայսօր չի հայտնում նաեւ՝ ի վերջո այդ ցնցուղն ի՞նչ արժեր, արդյո՞ք պետական միջոցները արդյունավետ էին ծախսվել:




Լրահոս