Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրման, փաստաթղթից բխող հետեւանքների, Հայաստանի եւ Ադրբեջանի շահերի, Արցախի հարցի ու մի շարք այլ խնդիրների շուրջ զրուցել ենք «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցության խորհրդի անդամ Արա Պապյանի հետ։
Հարցազրույցի առաջին մասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի 3143 ( 27.08.2025) համարում։
-Պարո՛ն Պապյան, Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ ձեւավորվել են երկու տարբեր կարծիքներ։ Ըստ մեկի՝ Հայաստանը շահեց «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրմամբ, իսկ մյուսի համաձայն՝ ոչինչ էլ չշահեցինք, մինչդեռ Ադրբեջանը ստացավ թե՛ միջանցք, թե՛ 907-րդ բանաձեւի չեղարկում։ Ի՞նչ կասեք այս գնահատականների մասին։
-907-րդ բանաձեւի հարցում մենք արդեն հայտնել ենք մեր դիրքորոշումը. շարունակելու ենք պայքարել, որպեսզի այն չչեղարկվի։ Բացի այդ, դրա չեղարկումը այդքան էլ հեշտ չի լինելու։ Այստեղ նաեւ բարոյական խնդիր կա. տարօրինակ է, որ հայկական կողմն է հանդես գալիս նման խնդրանքով։ Հիշեցնեմ՝ նույն Նիկոլ Փաշինյանն էր հայտարարում, որ եռանախագահության լուծարման հարցով դիմելու ենք հենց «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելիս, ոչ թե նախաստորագրելիս։
Այս փաստաթղթով Հայաստանը փաստացի միջանցք է տրամադրում, այսինքն՝ այդ տարածքում մեր օրենսդրությունը չի գործելու։ Այնտեղ գործելու է երրորդ կառույցի կանոնադրությունը, եւ բոլորովին կապ չունի՝ այն ռուսական է, թե ամերիկյան, իսկ դա արդեն միջանցք է։ Երբ Ադրբեջանը ստանում է ազատ տեղաշարժի իրավունք, Հայաստանը նպաստում է Մեծ Թուրանի գաղափարի իրագործմանը։ Սա լրջագույն հարց է, բայց հայկական կողմը մանրամասներին չի տիրապետում։
Եթե հավատանք իրանական կողմի բացահայտած տվյալներին, ապա Հայաստանը պարտավորվել է 6 կմ լայնությամբ եւ 42 կմ երկարությամբ տարածք տրամադրել ստեղծվելիք միջազգային կոնսորցիումին։ Դա նշանակում է՝ ընդհանուր 252 քկմ տարածք մենք տալիս ենք մի ընկերության, որի մասին ոչ ոք այսօր ոչինչ չգիտի։ Երկկողմ հայտարարության մեջ նշված է, որ «ՀՀ-ն եւ ԱՄՆ-ն, փոխադարձ համաձայնությամբ, երրորդ կողմերի հետ միասին են գործարք անում»։ Իսկ ովքեր են այդ երրորդ կողմերը՝ մեզ հայտնի չէ։
Կան մարդիկ, որ գովաբանում են այս պայմանավորվածությունը՝ առանց իմանալու՝ ինչ է այն։ Ադրբեջանն ասում է՝ երրորդ կողմը մենք ենք Թուրքիայի հետ, Իսրայելն էլ է պնդում իր մասնակցությունը։ Մեր իշխանությունը միեւնույն ժամանակ հայտարարում է, թե Հայաստանի ինքնիշխանությունն է պահպանվում, բայց զուգահեռ ընդունում է, որ հայ սահմանապահն իրավունք չունի անձնագրային ստուգում իրականացնել այդ տարածքում, իսկ մաքսավորը՝ մաքսային։ Այդ դեպքում ինչպե՞ս է պահպանվում մեր ինքնիշխանությունը, եթե մենք զրկվում ենք այս հիմնարար իրավունքներից։
-Ադրբեջանը նաեւ հայտարարել է, որ եթե այդ միջանցքով իր զինվորները շարժվեն, ապա ճանապարհին որեւէ հայի չպետք է հանդիպեն։ Պարո՛ն Պապյան, խնդրում ենք զուգահեռներ անցկացնել Բերձորի միջանցքի եւ այսպես կոչված Սյունիքի միջանցքի միջեւ։
-Պետք է հասկանալ, որ Արցախի հակամարտությունը միջազգային հակամարտություն էր՝ ԵԱՀԿ-ի մակարդակով, ՄԱԿ-ում բազմիցս փաստաթղթավորված։ Բերձորի միջանցքը ստեղծվել էր փոխադարձ զիջումների արդյունքում, եւ դրա իմաստն այն էր, որ գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ՝ իր հինգ շրջաններով։
Զանգեզուրյան միջանցքի գաղափարը Ադրբեջանը առաջ քաշեց ի հակակշիռ Բերձորի միջանցքի. «Եթե դուք այնտեղ ելումուտ ունեք, ապա մենք էլ այստեղ պիտի ունենանք» մոտավոր գաղափարով։ Բայց Բերձորում վերահսկողությունն իրականացնում էին ռուս սահմանապահները, այսպես կոչված խաղաղապահները։ Վաշինգտոնյան փաստաթղթի նախնական տարբերակում նույնպես ռուսները ցանկանում էին վերահսկել այս տարածքը, բայց Ալիեւին հաջողվեց հասնել նրան, որ Բերձորի միջանցքի գաղափարը ընդհանրապես վերանա։
Ես համոզված եմ, որ Հայաստանի ապագան պետք է կապել Արեւմուտքի հետ։ Սակայն ինքնիշխանության տեսանկյունից տարբերություն չկա՝ այդ տարածքը վերահսկելու է Ռուսաստանը, ԱՄՆ-ն, թե մեկ այլ երկիր, եթե մենք այլեւս չենք կարողանալու այդտեղ իրականացնել մեր սահմանադրական լիազորությունները։
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ



















































































