Armenian text to speach

Սկանդալային համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի հայտարարագրի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

1)

Սպիտակի սկանդալային համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, որ մշտապես ծեծուջարդի պատմություններում է հայտնվում, պաշտոնապես հայտարարագիր է ներկայացրել այն մասին, որ, անհասկանալի հիմնավորմամբ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից (ՍԱՊԾ-ից) կենսաթոշակ է ստացել։

Ներկայացնելով Սպիտակի համայնքապետին՝ թերեւս պետք է սկսել ամենաթարմ դեպքից։

Այս անգամ նրան մեղադրում են համայնքապետարանի միջանցքում քաղաքացուն ծեծելու համար։

Համայնքի գյուղերից մեկի՝ Քարաձորի բնակիչ Գագիկ Էմինյանն է պատմել, թե ինչպես է Նիկողոսյանը հենց քաղաքապետարանի միջանցքում իրեն ծեծել, հայհոյել, իսկ ինքը համայնքապետի ձեռքից մի կերպ է դուրս պրծել:

Երկու տարի առաջ Սպիտակի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն ու նրա որդին դարձյալ սկանդալի կենտրոնում էին հայտնվել համայնքի մեկ այլ գյուղում՝ Սարամեջում: Գյուղի 1500 բնակիչներից երկուսը հաճախ էին երեւացել Սպիտակի քաղաքապետարանում, համայնքի ղեկավարին խնդրել գյուղ գալ՝ գյուղի խնդիրներին, այդ թվում՝ «անջուր ոռոգման սեզոնի» մասին խոսելու: Սա «Քաղաքացիական պայմանագրի» անդամ համայնքապետի սրտով չէր եղել։ Նա կանչել էր Սարամեջի վարչական ղեկավարին թե՝ աշխատանքից հեռանալու մի դիմում գրիր, լավ միջնորդ չես գյուղի ու համայնքապետարանի միջեւ։ Սրանից գյուղը երկու մասի էր բաժանվել: Օրեր անց քաղաքապետի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, իր կողմնակիցների հետ ուշ երեկոյան, խանութ մտնելիս, ծեծել էր վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսնուն: Գործը մեկ տարի քննելուց հետո, անցած տարի քաղաքապետի որդին, որ ծեծից հետո Սպիտակի «Հայփոստի» տնօրենի պաշտոնն էր ստացել, մեղավոր ճանաչվեց ու մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեց:

Իսկ ի՞նչ են հայտարարագրել հայր եւ որդի Նիկողոսյանները

Քաջայր Նիկողոսյանը Սպիտակի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։

Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի՝ Նիկողոսյանը ունի 5 անշարժ գույք՝ 1 հողամաս, 1 բնակարան, 1 ավտոտնակ Սպիտակ քաղաքում եւ 1 բնակարան, ինչպես նաեւ  բազմաբնակարան շենքի ոչ բնակելի 1 տարածք Երեւան քաղաքում։

Տրանսպորտային միջոց համայնքապետը չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 467 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցը՝ 21 հազար դրամ։

Սպիտակի համայնքապետի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 977 հազար դրամ, որից 6 մլն 340 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմից, 1 մլն 137 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից։ Իսկ, ահա, եկամտից 499 հազար դրամը կենսաթոշակ է մի կառույցից, որը կենսաթոշակի հետ որեւէ կապ չունի։ Թե ինչպես է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Նիկողոսյանը կենսաթոշակ ստացել, այն էլ այն դեպքում, երբ որեւէ կապ չունի ո՛չ կառույցի, ո՛չ ոլորտի հետ՝ հարցական է։

Նիկողոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սպիտակի ՏԿ խորհրդի նախագահն է։

Քաջայր Նիկողոսյանի կինը՝ Արմինե Հակոբյանը, անհատ ձեռնարկատեր է, դուստրը՝ Լաուրան, բժիշկ է Վանաձորի բժշկական կենտրոնում։

Նիկողոսյանի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, համաձայն հոր լրացրած 2024 թվականի հայտարարագրի՝ չի աշխատում. սակայն նշված է, որ նա ստացել է եկամուտ՝ «տարեկան 36 մլն 753 հազար դրամ»։

Սպիտակի համայնքապետի եկամուտներից 5 մլն 625 հազար դրամը «ձեռնարկատիրական գործունեության դիմաց ստացված եկամուտ» է իր անվամբ գրանցված ԱՁ-ից։

Եկամուտներից 27 մլն դրամը փոխառություն է «Ակբա» բանկից, 3 մլն 669 հազար դրամը վարձատրություն է «Հայփոստ»-ից։

Քաջայր Նիկողոսյանի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, որպես եկամտահարկի վերադարձ ստացել է 458 հազար 433 դրամ։

Որպես տվյալ տարվա անշարժ գույք համայնքապետի որդին հայտարարագրել է՝

«1) բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն,

2) 1 բնակարան Սպիտակ համայնքում»:

Սպիտակ համայնքում գտնվող տունը Գոռ Նիկողոսյանը 2023 թվականին նվիրատվություն է ստացել մորից։

 

 

 

 

 

 

2)

Բաքվում գտնվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանի հարազատները ArmLur.am լրատվականին հայտնում են, որ փաստաբանները միջնորդություն են ներկայացրել ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբին՝ Վիգեն Էուլջեքջյանի անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։

Նրա փաստաբանները պնդում են, որ  Էուլջեքջյանի կալանավորումն ու դատապարտումը կամայական են եւ խախտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։

Փաստաբանների կողմից ներկայացված միջնորդագրում ներկայացված են երկու հիմնական փաստարկներ՝

  1. իրավասության խախտում. Ադրբեջանը Էուլջեքջյանին վերաբերվել է որպես քաղաքացիական անձի, սակայն ռազմական դատարանը դատել եւ դատապարտել է նրան՝ հակառակ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի (UNWGAD) հաստատված նախադեպի, այն դեպքում, երբ ռազմական դատարանները իրավասություն չունեն քաղաքացիական անձանց նկատմամբ։
  2. «Վարձկան» մեղադրանքի սխալ կիրառում. որպես հայ քաղաքացի՝ Էուլջեքջյանը չի կարող իրավաբանորեն դասակարգվել որպես վարձկան՝ համաձայն Ժնեւի կոնվենցիաների։

Բացի դրանից, նրա փաստաբանները խնդրել են WGAD-ի անդամ Գաննա Յուդկիվսկայի ինքնաբացարկը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ նրա մասնագիտական կապի եւ Ադրբեջանի հետ անձնական կապերի պատճառով առաջացող շահերի հնարավոր բախման պատճառով։ Դիմումը հղում է կատարում Միջազգային քրեական դատարանի հիմնադիր, գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական եզրակացությանը եւ Լոս Անջելեսում գործող «Ճշմարտության եւ արդարադատության կենտրոն»-ի (CFTJ) կողմից ներկայացված պաշտոնական բողոքին, որը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայերի իրավունքները։

ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը, որը ստեղծվել է 1991 թվականին՝ որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի մաս, հետաքննում է ազատությունից անօրինական զրկման դեպքերը եւ տրամադրում է իրավական կարծիքներ, հրատապ բողոքներ եւ առաջարկություններ՝ այդ թվում ազատ արձակման եւ փոխհատուցման վերաբերյալ։

Հիշեցնենք՝ լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել է 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 11-ին։ Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։

 

 

 

 

 

 

 

3)

Իշխանության «սրտի փաստաբանները» դատավորին վիրավորում են, մնում՝ փաստացի անպատիժ, եւ նրանց չեն կալանավորում կամ գետնին չեն տապալում՝ 3-րդ իշխանությանը վիրավորելու համար:

 

Խոսենք փաստերով

Այն, որ մարդկանց իրավունքները պաշտպանելը Հայաստանում դարձել է վտանգավոր, ակնհայտ է դառնում վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ ցուցաբերած դեպքերով:

Հոկտեմբերի 16-ին իրավապահները փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկեցին Շենգավիթի դատարանից. պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն էր՝ Մկրտիչ սրբազանի լուսանկարով։

Քննչական կոմիտեն հայտնեց, որ Կոչուբաեւին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Մինչդեռ նա կոնկրետ որեւէ անձի չէր էլ վիրավորել: Հոկտեմբերի 17-ին Կոչուբաեւը կալանավորվեց 2 ամսով։

Հոկտեմբերի 20-ին էլ ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջեւ։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին, այդ թվում` «Մեր ձեւով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին, որն իրականացնում էր իր մասնագիտական պարտականությունները։ Մխիթարյանին եւս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։

 

Հիմա հարց. ինչո՞ւ իրավապահները նույն ջանասիրությամբ, օրինակ, գետնին չտապալեցին կամ կալանքի չտարան փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին, որը ՔՊ-ի՝ ԲԴԽ գիտնական թեկնածուն էր, սակայն այդպես էլ չընտրվեց:

Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, Ալեքսանդր Սիրունյանին մեղադրանք է առաջադրվել դատավորին վիրավորելու համար, սակայն նախաքննական մարմինը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելքը:

Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան՝ պաշտոնապես հայտնեցին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ, դատավորին վիրավորելով)»:

Ըստ նախաքննական մարմնի՝ նրա նկատմամբ խափանման միջոց  է ընտրվել բացակայելու արգելքը:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական վարույթով  անգամ նախաքննության ավարտ է հայտարարվել:

Ընտրովի արդարադատության ակնհայտ դրսեւորում է սա:

Ինչպես լինել ՔՊ-ի «սրտի փաստաբանը» ու «քնքշությամբ» մնալ ազատության մեջ՝ դատավորին վիրավորելու համար:

 

 

 

 

4)

«Ժողովուրդ» օրաթերթի` իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխին, ամեն դեպքում, սեւ ամպեր են կուտակվում: Բանն այն է, որ ՔՊ-ական մի «կորիզ» որոշել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի եւ պրոռեկտորի առնչությամբ չարաշահումների թեման քննարկել ՔՊ-ում ու ամեն բան անել՝ ապացուցելու, որ առանց Անդրեասյանի գիտության նրա մտերիմ ընկերուհի Սրբուհի Գեւորգյանը որեւէ քայլի չէր գնա:

Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ակաները Նիկոլ Փաշինյանին  փորձում են հասկացնել, որ Անդրեասյանը, լինելով բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը, սարսափելի քայլեր է արել` դեմ գնալով Փաշինյանի հորդորին, այն է՝ կաշառքը, չարաշահումները բացառել գերատեսչություններում:

Առաջիկայում ՔՊ-ում  բարձրաձայնվելու է Ժաննա Անդրեասյանի հարցը, ու բարձրաստիճան ՔՊ-ականներն արդեն իրենց ներսում նոր նախարար են գտել, որի մասին կներկայացնենք առաջիկայում:




Լրահոս