Ազգային ժողովում քննարկվելու է վարժական հավաքից խուսափած անձանց պատժամիջոցներ սահմանելու մասին նոր օրենքի նախագիծ։
Ազգային ժողովը սեպտեմբերի 2-րդ շաբաթում կմեկնարկի աշնանային նստաշրջանը, սակայն մինչ այդ ԱԺ հանձնաժողովներն արդեն պլանավորած նիստեր ունեն եւ օրակարգեր։
Այսպիսով՝ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին նիստ է գումարելու, որի օրակարգում 5 քննարկվող հարց է։
ԱԺ հանձնաժողովը քննարկելու է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Կառավարության կողմից հեղինակած նախագիծը։
Համաձայն նախագծի առաջակվում է վարժական հավաքներից խուսափող անձի պատիժը խստացնել։
Առաջարկվում է ՀՀ Քրեական օրեսգրքի 462-րդ հոդվածը շարադրել հետեւյալ կերպ.
«1. Հայտարարված վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը, որը դրսեւորվել է վարժական հավաքին ներգրավվելու նպատակով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում եւ բժշկական փորձաքննություն չանցնելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց որեւէ այլ եղանակով խուսափման ձեւով՝ վարժական հավաքին կանչվելու ենթակա չլինելու՝ օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝
պատժվում է տուգանքով՝ տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, կամ
2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել եւ ներգրավվել է վարժական հավաքին»»,- նշվում է նախագծում։
Կառավարությունը այս օրենքի ընդունումը անհրաժեշտ է համարել՝ պայմանավորված քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսեւորման ձեւերն օրենսդրորեն սահմանելու, արարքի նկարագրությունը հստակեցնելու եւ մի շարք հանգամանքների զուգորդմամբ արարքը կատարված լինելու համար պատասխանատվության խստացման, ինչպես նաեւ ռազմական ոստիկանության խնդիրները եւ լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ























