Armenian text to speach

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐՀԱՄԱՐՀԵՑ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվեց տեսանյութ՝ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունից։ Խնամքով մոնտաժված կադրերը, ըստ ամենայնի, նպատակ ունեին հիշեցնելու, թե պետությունը ուշադրություն է դարձնում սպորտին։ Սակայն տեսանյութի քաղաքական ենթատեքստը ակնհայտ էր։ Նիկոլ Փաշինյանը տեսանելիորեն անտեսեց, արհամարհեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որը դիմավորողների շարքում կանգնած էր ավելի ցածր՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից հետո:

Տեսանյութի մի քանի դրվագներ հատկապես արժանի են ուշադրության. Տիգրան Ավինյանը, վարչապետին ողջունելուց հետո, փորձում է ինչ-որ բան ասել նրան, սակայն Փաշինյանը առանց կանգ առնելու ուղղակի շրջանցում է Ավինյանին ու մոտենում մարզադպրոցի սաներին։

Քաղաքապետը ակնհայտ փորձում է ուղեկցել վարչապետին՝ հուշելով շարժման ուղղությունը, սակայն կադրը կտրուկ ավարտվում է՝ առանց արձագանքի եւ հետեւության։

Թեեւ մայրաքաղաքում իրականացվող այս նախաձեռնության ներկայացման եւ ուղեկցման պարտականությունը տրամաբանականորեն պատկանում է քաղաքապետին, վարչապետը հարցեր է ուղղում ոչ թե Ավինյանին, այլ իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։

Տեսանյութի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը բառացիորեն ոչ մի անգամ չի նայում Տիգրան Ավինյանին։ Նրա հայացքն ուղղվում է գետնին կամ ուղիղ՝ անտեսելով կողքին քայլող քաղաքապետին։

Երբ խոսվում էր շինարարության չափանիշների ու ժամկետների մասին, վարչապետը դարձյալ նայում էր գետնին.  կարծես իրեն հետաքրքրում են միայն թվերն ու պատերը, բայց ոչ Երեւանը ներկայացնող անձը։

Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ տեսանյութը մոնտաժվել է այնպես, որ «լուռ» ուղերձը հնչի ավելի ուժեղ։

Նիկոլ Փաշինյանի քարացած անտարբերությունը Տիգրան Ավինյանի հանդեպ հենց Երեւանի կենտրոնում, հենց քաղաքային նախաձեռնության ֆոնին, դժվար թե լինի պատահականություն։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԿԳՄՍՆ-Ն ՀՍՏԱԿ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՉԻ ՏՎԵԼ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին  օգոստոսի  18-ին հետեւյալ տեղեկատվական  հարցումն ենք ուղարկել. «Տավուշի հանրակրթական 76 դպրոցներից 15-ը ղեկավարում են տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարները։ Ինչո՞ւ են ձգձգվում դպրոցների տնօրենների թափուր տեղերի համար մրցույթները»։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ պատասխանում նշված է. «Տնօրենի մրցույթների հայտարարման գործընթացները կազմակերպվում են՝ համաձայն ՀՀ կառավարության 181-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձեւավորման, գործունեության, տնօրենի նշանակման եւ բողոքարկման, փորձաշրջանի սահմանման կարգի» պահանջներով: Հետեւաբար, այն դպրոցները, որտեղ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթները չեն կայացել ու թափուր տեղերը չեն համալրվել, առաջնորդվելով վերոգրյալ կարգով՝ հայտարարվում են նոր մրցույթներ»։ ԿԳՄՍՆ-ի  պարզաբանումից  պարզ չէ,  թե Տավուշի հանրակրթական 15 դպրոցների տնօրենների պաշտոնները ինչո՞ւ են թափուր մնացել։

ՏԱՐԱԿԱՐԳ

Տավուշի մարզպետարան հետեւյալ հարցումն էինք ուղարկել. «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչներին տարակարգի համար նախատեսված հավելավճարները 60 տոկոսի չափով են տրվում, մնացած գումարները տարեվերջին են տրվելու: Դրա պատճառը պետբյուջեում փողի պակա՞սն է, թե՞ այլ բան։

Մարզպետարանից պատասխանել են. «Հարցի վերաբերյալ առաջարկում ենք դիմել համապատասխան լիազոր մարմնին՝ ԿԳՄՍ նախարարություն»: Նույն հարցմամբ դիմեցինք ԿԳՄՍ նախարարություն։ Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ պատասխանում նշված է. «2025 թվականի ՀՀ պետական բյուջեով հաստատված Տավուշի մարզպետարանի հետ կնքված պայմանագրերի շրջանակում Հանրակրթության ծրագիր «Ատեստավորման միջոցով տարակարգի որակավորում ստացած ուսուցիչներին համապատասխան հավելավճարի տրամադրման ապահովում» միջոցառման՝ կիսամյակի համար նախատեսված 4042.7 հազար դրամ գումարն ամբողջությամբ հատկացված է Տավուշի մարզի ուսումնական հաստատություններին»:

ԿԳՄՍ նախարարությունը տարակարգի որակավորում ստացած ուսուցիչներին տրվող համապատասխան հավելավճարների գումարները հատկացրել է, սակայն տարակարգ ունեցող տավուշցի ուսուցիչները հավելավճարների 60 տոկոսն են ստացել։ Ուր են մնացած գումարները՝  կիմանան թերեւս Տավուշի մարզպետի աշխատակազմում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս