Armenian text to speach

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԲԱԽՎՈՒՄ ԵՆ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեւանի տրանսպորտում տիրող իրավիճակը, հատկապես սակագնի թանկացումից հետո, օրեցօր ավելի լարված է դառնում։ Եթե իշխանությունը բարձր գինը հիմնավորում էր ծառայության որակի բարձրացմամբ, ապա իրականությունը հակառակն է. քաղաքացիները բախվում են ոչ միայն անհարմարությունների, այլ նաեւ նվաստացնող վերաբերմունքի։

Վերջին օրերին Երեւանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը եւ բլոգեր Արթուր Չախոյանը դիտարկումներ են արել տրանսպորտում։ Նրանք փաստել են՝ Տիգրան Ավինյանի վարչակազմի ուղարկած վերահսկողները քաղաքացիների հետ խոսում են ոչ հարգալից տոնով, հաճախ՝ ագրեսիվ եւ «քյարթու» վարքագիծ դրսեւորում։ Տուգանքներ են գրանցվում նույնիսկ առանց ստուգման։ Չախոյանն ինքը երեկ տուգանվել է՝ առանց որեւէ ստուգման կամ հիմնավորման։

Հասարակական վերահսկողությունը, ըստ ամենայնի, վերածվել է քաղաքացիների դեմ ուղղված մեխանիզմի։ Սա լուրջ ահազանգ է.  քաղաքապետարանը պարտավոր է երաշխավորել ոչ միայն վճարային կարգապահություն, այլ նաեւ արժանապատիվ վերաբերմունք իր քաղաքացիների նկատմամբ։

Թանկացած տոմսի դիմաց երեւանցին ակնկալում է ոչ թե ճնշում ու կասկած, այլ անվտանգ, հարգալից ու որակյալ սպասարկում: Մինչդեռ այսօր Երեւանում գործ ունենք տրանսպորտային քաղաքականության տապալման եւս մեկ դրսեւորման հետ, որի քաղաքական պատասխանատվությունը լիովին կրում է Տիգրան Ավինյանը. մարդ, որ արդեն ասոցացվում է ստախոսության հետ: Մինչ այս քարոզում էր՝ «ասե՛ք՝ կանե՛նք», հիմա ասում ենք՝ քո խոստացած տրոլեյբուսները գնի՛ր, ասում է՝ փող չկա, ասում ենք՝ մահվան վերելակները փոխի՛ր, ասում է՝ փող չկա: Ասում ենք՝ մարդկանց մի՛ նվաստացրու, նա ուղարկում է թաղային խուժան եւ «ախրանիկ» հիշեցնող զազրելի ժամանակների կերպարներին հանրային տրանսպորտ՝ նսեմացնելու ՀՀ քաղաքացիներին:

 

Պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ Դատախազությունը պայմանագիր է կնքել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ, համաձայն որի՝ այս ընկերությունը պետք է 75 հոգու համար պաշտոնական ճաշ կազմակերպի: Որտեղ է տեղի ունեցած ճաշկերույթը՝ փաստաթղթերում չի երեւում: Ըստ ամենայնի՝ շատ թանկարժեք ռեստորանում, որը պատկանում է գործարար Դավիթ Երեմյանին:  Համաձայն փաստաթղթի, որը կնքվել է 2024 թվականի հոկտեմբերի 17-ին, «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերությունը կազմակերպել է պաշտոնական ճաշ 75 հոգու համար՝ դրա համար ստանալով դատախազությունից, այսինքն՝ ՀՀ պետական բյուջեից 2 մլն 458 հազար 772 դրամ: Ճաշը, ըստ փաստաթղթի, կազմակերպվել է հոկտեմբերի 4-ին: Ծանոթանալով փաստաթղթերին եւ կատարելով պարզ մաթեմատիկական հաշվարկ՝ ստացվում է, որ պաշտոնական ճաշը մեկ հոգու համար արժեցել է 32.783 դրամ: Համաձայնեք՝ շռայլ հյուրասիրություն է եւ շռայլ պայմանագիր: Հիշեցնենք, որ Դավիթ Երեմյանը այն եզակի երջանիկ գործարարներից է, որը Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած ճաշկերույթներին է մասնակցում, որին ներկա է եղել նաեւ հենց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ Ազգային ժողովում ընդդիմադիր ամենամեծ ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը, հայտարարել է, որ նախաձեռնում է ՀՀ գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ըստ խմբակցության ներկայացուցիչների՝ այս քայլը պայմանավորված է դատախազի՝ սահմանադրական լիազորությունների խախտմամբ եւ քաղաքական չեզոքության բացակայությամբ։ Ընդդիմադիրները մեղադրում են գլխավոր դատախազին շինծու քրեական վարույթներ հարուցելու համար՝ ընդդիմադիր պատգամավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Ըստ խմբակցության՝ դատախազը վերջին տարիներին մի քանի անգամ Ազգային ժողով է ներկայացել ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, սակայն այդ գործերից շատերը չեն հասել անգամ դատարան, ինչը, ըստ նրանց, վկայում է քաղաքական պատվերի առկայության, գործերի դատարկության մասին։ Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ գլխավոր դատախազին կարող է պաշտոնանկ անել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով՝ օրենքով սահմանված դեպքերում։ «Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է օգտվել այս սահմանադրական իրավունքից՝ նշելով, որ դատախազը չի պահպանել իր պաշտոնի անկախությունը եւ գործել է իշխանությունների ազդեցությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խմբակցությունում արդեն իսկ ընթանում են համապատասխան իրավական գործընթացների նախապատրաստական աշխատանքները։ Այս ամենի վերաբերյալ մենք մեկնաբանություն խնդրեցինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից, որը փոխանցեց.  «Առաջիկայում լինելու է «Հայաստան» խմբակցության նիստ, որի ժամանակ բազմաթիվ հարցեր են քննարկվելու, այդ թվում՝ նաեւ ձեր կողմից մատնանշված հարցը: Այլ մանրամասներ կարող եմ հաղորդել նիստից հետո», – ասաց Խամոյանը:

2026 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ ակտիվացել են նաեւ արտախորհրդարանական ուժերը։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ իրենց գործունեությունը հիմնականում ծավալվում է մարզերում, մասնավորապես՝ Փարաքարում, Նոյեմբերյանում, Տաթեւում, որտեղ կուսակցությունն արդեն իշխանություն ունի։ Առաքելյանի խոսքով՝ հանդիպումների եւ քննարկումների նպատակը թիմի ընդլայնումն ու նոր համախոհների ներգրավումն է. «Մենք վստահ ենք, որ կան բազմաթիվ կարող անհատներ, որոնք պետք է պատասխանատվություն ստանձնեն այս ծանրագույն իրավիճակում»։  Մեսրոպ Առաքելյանը նշեց՝ թեկնածուի հարցը դեռեւս որոշված չէ. «Ժամանակ ունենք առավել արդյունավետ մեխանիզմով հանդես գալու համար», – ասաց նա՝ չբացառելով նաեւ այլ ուժերի հետ համախմբումը, եթե լինի արժեքների ու գաղափարների շուրջ համակարծություն։ Փողոցային պայքար այս պահին չեն պլանավորում, բայց նաեւ չեն բացառում։ Անդրադառնալով Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրին՝ Առաքելյանը ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը բաց է թողել բացառիկ հնարավորությունը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցը տեղում բարձրացնելու համար։ «Գերիների վերադարձի համար սա լավագույն շանսն էր։ Մենք արդեն հույս չունենք ՀՀ իշխանություններից եւ աշխատում ենք միջազգային հանրության հետ՝ ներկայացնելով մեր գերիների կեղծ դատավարությունները», – նշեց նա:




Լրահոս