Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցության վերաբերյալ զրուցել ենք Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ:
Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանը Վաշինգտոնյան բանակցություններից ոչինչ չշահեց: Նա համոզված է, որ բանակցության սեղանի շուրջ պարտվողին միշտ «ծեծում են»:
-Պարո՛ն Պողոսյան, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի ունեցավ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը Թրամփի ներկայությամբ։ Ի՞նչ սպասելիքներ ունեիք այդ բանակցություններից եւ ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։
-Պարտված իշխանությունից կարելի է սպասել միայն նոր պարտություններ։ Ուստի առանձնահատուկ ակնկալիքներ չունեի։ Ամեն ստորագրված թուղթ դեռ պետք է կյանքի կոչվի։ Պատմությունը լի է օրինակներով, երբ «ստորագրված փաստաթղթերը» այդպես էլ գործնական իրականություն չեն դարձել։
-Իսկ հայ-ադրբեջանական հարաբերություններում էական փոփոխություններ սպասելի՞ են։
-Ո՛չ, չեն կարող լինել։ Հիշո՞ւմ եք՝ Ալիեւը հանդիպման հաջորդ օրը Քարվաճառում ինչ հայտարարեց։ Նա ասաց, որ աշխարհում յուրաքանչյուր մարդ, ում ազգանունը «յան»-ով է ավարտվում եւ իրեն հայ է համարում, «հիվանդ» է։ Եթե ժամանակին նա մեզ իր «թշնամի» էր անվանում, ապա հիմա պարզապես «հիվանդ» որակումն է տալիս։
-Պարո՛ն Պողոսյան, վաշինգտոնյան բանակցությունների շրջանակում մի շարք կարեւոր հարցեր դուրս մնացին, մասնավորապես՝ Արցախի հարցը։ Ձեր կարծիքով ինչո՞ւ այն չքննարկվեց։
Ինչպե՞ս կարող էր պարտված իշխանությունը, որը փորձում է իր պարտությունները հաղթանակ ներկայացնել, այնտեղ Արցախի հարց բարձրացնել։
-Բայց չէ՞ որ Թրամփը գերիների վերադարձի մասին խոսեց։
-ԱՄՆ-ն պարզապես գիտի, թե ինչպես իր շահերն առաջ տանի։ Այդ օրը Թրամփին պետք էր խոսել հայ գերիների մասին՝ Նոբելյան մրցանակի հավակնելու համար։ Եթե այլ թեմա լիներ, որը կարող էր մոտեցնել նրան իր նպատակին, նա պատրաստ էր խոսել նաեւ դրա մասին։ Նա առաջնորդվում է բացառապես իր երկրի պետական շահերով։
Իսկ այդ պահանջները պիտի հնչեցվեին մեր՝ հայկական իշխանությունների կողմից։ Եթե մենք, որպես հասարակություն, չենք պահանջում, ապա գոնե նրանք, ովքեր գիտակցում են իրականությունը, պետք է նախաձեռնող լինեն։ Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության հռչակման օրը, պետք է այնպես նշենք, որ աշխարհին ցույց տանք՝ Արցախի էջը փակված չէ, Արցախը շարունակում է գոյություն ունենալ։
Ես անձամբ ամեն տարի նախաձեռնել եմ այցելություն Արցախի ներկայացուցչություն։ Այս տարի եւս կոչ եմ անում մեր հայրենակիցներին օրվա տարբեր ժամերին պարզապես մոտենալ ներկայացուցչության շենքի մոտ։ Իսկ ովքեր չեն կարող գալ, թեկուզ սոցիալական ցանցերում լուսանկարով իրենց աջակցությունը ցույց տան։
Այդ օրը արցախյան մի քայլ արեք, դարձրեք այն Արցախի օր։ Թող ձեր սերունդներն էլ տեսնեն, որ Արցախը հիշատակվում է եւ մնում է մեր օրակարգում։
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ



















































































