Armenian text to speach

Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳԱԾ ԴԱՏԱՎՈՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

31 ամյա դատավոր Տիգրան Դավթյանը քննում է իր տարիքի չափ աշխատանքային փորձ ունեցող բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գործը։

 

Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Դավթյանը արդարադատության համակարգում հայտնվել է կարծես թե պատահական հեղափոխությունից մեկ ամիս անց, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:

Դատավորի օգնականից Տիգրան Դավթյանը 2 տարի անց կտրուկ դարձավ ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ: Եվս 2 տարի անց նա դատախազից դարձավ Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

Իսկ ի՞նչ է հայտարարագրել Սամվել կարապետյանի կալանքը երկարաձգած դատավորը:

Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Տիգրան Դավթյանը 2024 թվականի հաշվետու տարվա եկամուտների, անշարժ գույքի, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանով բնակարան եւ ավտոտնակ։

Դավթյանը, պաշտոններում ամրապնդվելով եւ կտրոկ կարիերային աճ ապահովելով, 2023 թվականին ձեռք է բերել 2017 թվականի արտադրության LEXUS մանկնիշի մեքենա 6 մլն 870 հազար դրամով։ Իսկ 2022 թվականին ձեռք բերված MAZDA մակնիշի մեքենան 2023 թվականին վաճառել է 6 մլն 950 հազար դրամով։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն դրամ։

Դատավորի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 17 մլն 626 հազար դրամ, որից 14 մլն 411 հազար աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ Դատական դեպարտամենտից, 189 հազար 101 դրամը՝ Արդարադատության ակադեմիայից։ Եկամուտներից 189 հազար 347 դրամն այլ եկամուտ է «Ամերիաբանկից», 37 հազար 750 դրամը այլ եկամուտ է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից, 20 հազար 799 դրամը՝ ապահովագրական հատուցում է «Լիգա ինշուրանսից»։ 2 մլն 777 հազար դրամ դատավորը ստացել է ՀՀ ՊԵԿ-ից՝ որպես եկամտահարկի վերադարձ։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28 մլն 457 հազար դրամ, որից  24 մլն 833 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Ըստ հայտարարագրի՝ հանգստի համար կատարած ճանապարհածախսը կազմել է 2 մլն 500 հազար դրամ։

Վարկերի մարմանը Դավթյանն ուղղել է 4 մլն 792 հազար դրամ։

Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:

Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական եւ սպառնալից գրառումներ արեց սոցցանցերում։

Հուլիսի 4-ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձեւավորելու մասին։ ՀՀ Ազգային ժողովն էլ հուլիսի 3-ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների եւ լրացումների փաթեթը, որը հնարավորություն է տալիս պետականացնել ՀԷՑ-ը։

Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում եւ հարկերից խուսափում։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս