Օգոստոսի 10-ից 11-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը եղել է Սյունիքի մարզում՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
Օգոստոսի 10-ին նախարար Սարգսյանը ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի ուղեկցությամբ այցելել է սահմանային այն պահակակետեր, որտեղ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում Ոստիկանության զորքերի ծառայողները։
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ ընդգծելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի հանցագործությունների թիվը 158-ով նվազել է։
Ընդհանուր պատկերում՝ առավելապես նվազել են առանձնապես ծանր հանցանքները, այդ թվում՝ սպանության ու սպանության փորձի դեպքերը, ինչպես նաեւ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։ Աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններն ու համակարգչային հափշտակությունները։ Միեւնույն ժամանակ էականորեն աճել են իրացման նպատակով ապօրինի թմրաշրջանառության բացահայտումները։
Կապանի բաժնում գրանցվել է 236 դեպք, բացահայտվել՝ 201-ը։ Նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ բնակչության առողջության դեմ ուղղվածները, ինչը պայմանավորված է լատենտային համարվող ապօրինի թմրաշրջանառության բացահայտումների աճով։ Էական աճ է արձանագրվել նաեւ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման մասով։ Կապանի բաժնի սպասարկման տարածքում նվազել են ընտանեկան բռնության դեպքերը։
Հաշվետու ժամանակահատվածում Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնում գրանցված 184 հանցանքից բացահայտվել է 139-ը։ Մարդու դեմ ուղղված հանցանքները Գորիսում եւս նվազել են, իսկ սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները՝ աճել։ Գորիսի համայնքային ոստիկանները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բացահայտել են ավելի շատ ապօրինի թմրաշրջանառության դեպքեր, հայտնաբերել ավելի շատ ապօրինի պահվող զենք-զինամթերք։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման առումով նվազում է արձանագրվել Համայնքային ոստիկանության Մեղրու բաժնում։ Հաշվետու ժամանակահատվածում բաժնի սպասարկման տարածքում անչափահասի կողմից հանցանքի դեպք չի արձանագրվել։ Միեւնույն ժամանակ աճել են ընտանեկան բռնության դեպքերը։ Հաշվառվել է 3 բռնարար։ Նվազել են մարդու եւ սեփականության դեմ ուղղված հանցանքները։
Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում գրանցված 67 դեպքից բացահայտվել է 52-ը։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ բաժնի սպասարկման տարածքում կատարված հանցագործությունների թիվը նվազել է 31-ով։ Նվազում արձանագրվել է գրեթե բոլոր ուղղություններով։ Սիսիանի համայնքային ոստիկանները բացահայտել են առավել շատ ապօրինի թմրաշրջանառության դեպքեր՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ։
Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակը հաշվետու կիսամյակում սպասարկել է 3942 ահազանգ՝ 793-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարբեր վարչական իրավախախտումների փաստերով Սյունիքի պարեկները կազմել են ընդհանուր 22.967 արձանագրություն՝ 837-ով ավելի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է ոչ սթափ 410 վարորդ։ Բացի այդ, Սյունիքի պարեկները բացահայտել են 148 հանցանք, այդ թվում՝ 16 ապօրինի թմրաշրջանառության, 4՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, 3՝ խուլիգանության դեպք։
Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ այս տարի Սյունիքում նվազել են մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները, մասնավորապես զոհերի թիվը նվազել է 16-ով։
ՆԳ նախարարը, անդրադառնալով ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցին, հանձնարարել է առավել ուժեղացնել հսկողությունը մարզի այն ճանապարհներին, որտեղ, ըստ վերլուծությունների, վարորդները ավելի հաճախ են վարում գերազանցելով թույլատրելի արագությունը։
ՀՀ ՆԳՆ



















































































