Վերջերս Ակնալճում հերթական անգամ շան կծելու պատճառով արձանագրվեց երեխայի մահ: Կատաղած շունը կծել էր ե՛ւ 3 տարեկան երեխային, որը մահացել էր, ե՛ւ մահացած երեխայի եղբորը:
Նման դաժան դեպքերի մենք պարբերաբար ենք առնչվում. ուստի, դիմել ենք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն՝ հասկանալու, թե ինչ պետք է անել, երբ շունը կծում է:
ՀՀ ԱՆ-ից մեզ տեղեկացրին. «Կենդանու կծելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական կազմակերպություն եւ ստանալ առաջին բժշկական օգնություն՝ վերքի, ճանկռվածքի, թքոտված մասի ջրի շիթի տակ օճառով լվացում, վերքի եզրերի մշակում՝ ապահովելով մանրէազերծ վիրակապ եւ, ըստ սահմանված կարգի, իրականացվում են պատվաստումներ՝ փայտացում եւ կատաղություն հիվանդությունների դեմ:
Եթե անցել է որոշակի ժամանակահատված եւ քաղաքացին անմիջապես չի դիմել բժշկական օգնության, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդության գաղտնի շրջանը կարող է տեւել մինչեւ 1 տարի (պայմանավորված վնասվածքի/կծվածի տեղակայմամբ եւ ծանրությամբ) միեւնույնն է անհրաժեշտ է դիմել եւ ստանալ համապատասխան բժշկական օգնություն: Հարկ է նշել, որ կծածի դեպքում տուժածը չի ենթարկվում սպեցիֆիկ բժշկական հետազոտության»:
ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ մարդու մոտ կատաղության հիվանդության կլինիկական ախտանշանները կարող են զարգանալ կենդանու կողմից տուժելուց 1 շաբաթից մինչեւ 1 տարի ընկած ժամանակահատվածում, սովորաբար այդ ժամկետը կազմում է 2-3 ամիս եւ պայմանավորված է վնասվածքի/կծածի տեղակայմամբ եւ ծանրությամբ:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչ քանակությամբ եւ ժամանակի ինչ կտրվածքով են բժշկական կենտրոններին պատվաստանյութեր տրամադրվում: ՀՀ ԱՆ-ն հայտնեց. «ՀՀ պլանային կամ համաճարակաբանական ցուցումով պատվաստում իրականացվող բոլոր բժշկական կազմակերպություններում առկա են պատվաստանյութեր: Պատվաստանյութերը կազմակերպություններին տրամադրվում են ամսական կտրվածքով՝ ըստ բժշկական կազմակերպության ներկայացրած հայտերի»:
ՀՀ ԱՆ-ից նաեւ տեղեկացրին, որ յուրաքանչյուր շան կծածի դեպքում կատաղության հիվանդության կանխարգելման միջոցառումներն իրականացվում են՝ համաձայն ՀՀ ԱՆ «Բնակչության շրջանում կատաղության հիվանդության կանխարգելում» ՍԿ 3.1.10-սանիտարահամաճարաբանական կանոնները եւ նորմերը հաստատելու մասին» 14.08.2012թ. N 13- N հրամանով ամրագրված պահանջների:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ



















































































