Սեպտեմբերի 6-ին Պերսեպոլիսի պատմական հուշարձան-համալիրի տարածքում կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա մեծ համերգը։ Այն տեղի կունենա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։
«Ժողովուրդ» օրաթերթը սպասվելիք համերգի մասին տեղեկացավ Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունից։
Համերգը նվիրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին՝ նշանավորելով երաժշտական հարուստ ժառանգության եւ մշակութային շարունակականության կարեւորությունը։
Աննախադեպ այս իրադարձությանը ներկա են լինելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության եւ ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին, ինչպես նաեւ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։
Համերգը կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Իրանում ՀՀ դեսպանության, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության եւ ձեռարվեստի նախարարության, Մշակույթի եւ իսլամական առաջնորդության նախարարության, ինչպես նաեւ Ֆարսի նահանգապետարանի սերտ համագործակցության շնորհիվ։
Երեկոյի մենակատարն է միջազգային բեմերում հայտնի տենոր Լիպարիտ Ավետիսյանը։ Նրա կատարմամբ կհնչեն Սայաթ-Նովայի «Իմ քամանչա» արիան՝ Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայից, Կոնստանտին Պետրոսյանի «Հայաստան» եւ Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի» ստեղծագործությունները։ Համերգի ծրագրում ընդգրկված է նաեւ Իրանի դասական երաժշտության խորհրդանշական ստեղծագործություններից մեկը՝ Ռուհոլլահ Խալեղիի «Ո՜վ Իրան» հայրենասիրական երգը։ Երեկոյի գագաթնակետը կլինի Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ի կատարմամբ՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի վերջին այցելությունը Իրանի Իսլամական Հանրապետություն տեղի է ունեցել դեռեւս 25 տարի առաջ՝ 2000 թվականի փետրվարին։ Այդ ժամանակ Թեհրանի «Վահդաթ» համերգասրահում ներկայացվել էր Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ եւ Սոհրաբ» օպերան՝ հենց կոմպոզիտորի ղեկավարությամբ։
Պերսեպոլիսում սպասվող այս համերգը կդառնա ոչ միայն հոբելյանական տոնակատարության, այլեւ հայ-իրանական մշակութային կապերի խորացման խորհրդանիշ։ Այն հիշեցում է, որ երաժշտությունն ու արվեստը դարերով եղել են ժողովուրդների միջեւ կամուրջներ ստեղծող ուժ, իսկ Հայաստանի եւ Իրանի հազարամյակներով ձեւավորված բարեկամական ու մշակութային կապերը այսօր էլ շարունակում են զարգանալ՝ նոր շունչ ու բովանդակություն հաղորդելով փոխադարձ գործընկերությանը։
Հավելենք, որ համերգի մուտքն ազատ է լինելու։
ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ























