«Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգում ունեցած վստահելի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ դատավոր Ժենյա Մելիքսեթյանը, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կթողնի բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 8-ին նախատեսված է Սամվել Կարապետյանի բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով:
Սակայն իրավաբանների պնդմամբ, պատճառը ոչ թե այն է, որ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կուռ եւ հիմնավոր է, այլ այն, որ ակնհայտորեն կա քաղաքական հրահանգ, որն արդեն ստացել է դատական համակարգը՝ ֆեյսբուքյան համապատասխան ուղերձներով ու ցուցումներով։
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ նախկինում գործավար, այսօր դատավոր Ժենյա Մելիքսեթյանի ամուսինը պետական համակարգի ծառայող է, ինչը դատարանին դնում է հատկապես զգայուն դիրքում։ Այլ կերպ ասած՝ դատարանից այլ որոշում ակնկալել գրեթե անիրատեսական է, երբ գործ ունենք իշխանության կողմից ուղարկված «քաղաքական ՍՄՍ»-ի հետ։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց այն բանից հետո, երբ վերջինս 2024 թվականի հունիսի 17-ին Էջմիածնում 2 րոպեանոց ուղերձով հանդես եկավ՝ հայտարարելով. «Ի՞նչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով Հայոց պատմությունը, Հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձեւով ենք մասնակցելու այդ ամենին»։
Այս հայտարարությունից ընդամենը ժամեր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց Ազգային ժողովի դահլիճից նստած ֆեյսբուքյան ստատուսներ եւ ՍՄՍ-ներ էր ուղարկում իրավապահ կառույցներին, որոնք, ըստ էության, պարունակում էին սպառնալիքներ: Նա իր ստատուսներից մեկով ուղղակի սպառնաց. «Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ»։
Հետեւանքը երկար սպասել չտվեց՝ սկսվեց քրեական հետապնդում եւ Սամվել Կարապետյանը մինչ օրս կալանքի տակ է՝ միայն այդ խոսքերը արտաբերելու համար։
Իսկ վերաքննիչ ատյանի առաջիկա որոշման պատկերը, ըստ մեր իրավապահ աղբյուրների, գրեթե կանխորոշված է։ Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար այսօր հայտարարված մրցույթն ամբողջությամբ վերածվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին պայքարի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոլորտի ամենահայտնի մասնագետներից մեկը՝ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը, որոշել է հրաժարվել մրցույթին մասնակցելուց։ Պողոսյանը նախկինում մասնակցել էր Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի տնօրենի մրցույթին, որի ժամանակ անգամ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նրան բնութագրեց որպես պրոֆեսիոնալ մասնագետ։ Սակայն այդ մրցույթում հաղթել էր ոչ թե մասնագիտական որակները, այլ քաղաքականապես նախընտրելի թեկնածուն։ Այսպիսով՝ մրցավազքը մնում է երկու ՔՊ-ականների միջեւ՝ Նարեկ Զեյնալյանի, որը «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, ԱԺ նախկին պատգամավոր, եւ Նարեկ Վանեսյանի, որը նախկինում եղել է հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար եւ հայտնի է սկանդալային անցյալով։ Նա ՄԻՊ-ի աշխատակազմի հասցեին հնչեցրել էր սպառնալիքներ, թե «քայլեր կձեռնարկի», եթե չկատարեն իր պահանջներն ու իրենց տարածած հաղորդագրությունները նախապես չհամաձայնեցնեն իր հետ: Հաջորդը խարդախության գործն է, երբ Վանեսյանը 3000 ԱՄՆ դոլար էր վերցրել՝ քաղաքացուն աշխատանքի տեղավորելու խոստումով, սակայն ի վերջո խաբել է դիմորդին։ Թեեւ նման փաստերով ցանկացած թեկնածու ինքնաբերաբար դուրս կմնար որեւէ մրցույթից, սակայն «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար Վանեսյանը ոչ միայն մասնակցում է, այլեւ, ըստ որոշ աղբյուրների, համարվում է նախընտրելի թեկնածու՝ Արսեն Թորոսյանի եւ Անահիտ Ավանեսյանի հովանու ներքո։
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ իրավապահների տեսադաշտում այս պահին հայտնվել են վարչական դատարանի մի քանի դատավորներ, եւ չի բացառվում, որ առաջիկայում նոր բացահայտումներ, անգամ՝ ձերբակալություններ լինեն։ ArmLur.am-ը արդեն տեղեկացրել էր, որ Վարչական դատարանի դատավորների աշխատասենյակներում օգոստոսի 29-ին իրականացված խուզարկությունների դեպքով կան արդեն կալանավորվածներ։ Մասնավորապես կալանավորվել է երկու անձ, որոնցից մեկը փաստաբան Արմեն Օհանյանն է։ Ըստ մեր աղբյուրների՝ նախաքննական մարմինը կալանավորել է միջնորդին եւ կաշառք ստացողի օժանդակողին։ Դատավորների վերաբերյալ քննչական գործողությունները դեռ շարունակվում են, իսկ գործը, մեր տեղեկություններով, հետաքրքիր զարգացումներ կունենա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները խուզարկություններ են իրականացրել վարչական դատարանի դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Մհեր Պետրոսյանի եւ Լուսինե Բոյաջյանի աշխատասենյակներում։ Մեր ունեցած տվյալներով՝ երբ Արգիշտի Ղազարյանը զբաղեցրել է վարչական դատարանի նախագահի պաշտոնը, իր մոտ է կանչել նշված դատավորներին եւ հանձնարարել որոշ գործերով քայլեր իրականացնել։ Սակայն դատավորները չեն էլ կասկածել, որ այդ պահին Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակը ձայնագրվում է իրավապահների կողմից։ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ դատավորները թաթախվել են հողերի սեփականության իրավունքի գրանցման կամ չեղարկման գործերում։
Ազգային ժողովի հայտնի Ոսկեզօծ դահլիճը այլեւս ոսկեզօծ չէ. այն պարզապես նորաձեւ եւ մոդեռն վերանորոգմամբ մի սովորական դահլիճ է՝ զրկված անցյալի պատմությունից եւ դիզայնից: Ամառային արձակուրդներին Ազգային ժողովը դարձել էր մեծ շինհրապարակ. վերանորոգվում էին Ոսկեզօծ դահլիճը, Փոքր դահլիճը եւ Փոքր դահլիճին կից նախասրահը։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ԱԺ գնումներն ու արձանագրել է, որ այս դահլիճների վերանորոգման համար վճարվել է շուրջ 50 մլն 988 հազար դրամ՝ գրեթե 133 հազար ԱՄՆ դոլար։ Այս գումարը ներառում է Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը։ Ըստ պայմանագրի՝ իրականացվել է հաճարե մանրահատակի մաքրում, հղկում՝ ձեռքի էլեկտրական գործիքով, նաեւ նույն հատակի ներկում ջրասոսնձաէմուլսիոն նյութով: Կատարվել է կախովի առաստաղի մոնտաժում, ներկում, 4 փայտե շրջանակով պատուհանների կազմաքանդում, նույնի վերանորոգում եւ վերատեղադրում ու այլ աշխատանքներ։ Թվում է, թե ոչինչ չկա, սովորական գնում է, սակայն տարիների պատմություն ունեցող Ոսկեզօծ դահլիճը, որը սլավոնական, նապոլեոնյան ռոկոկո-բարոկո ոճի վերանորոգում էր հիշեցնում, այլեւս չի առանձնանա իր ինքնատիպությամբ։

















































































