Armenian text to speach

ԻՆՉ Է ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2007 թվականին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից անհետացել էին մի քանի արժեքավոր գրքեր։

 

Վարույթի շրջանակում հարցաքննվել էին գողության կասկածյալներից ներկայումս ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը եւ նրա սանիկ, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

ArmLur.am-ը թանգարան-ինստիտուտում կատարված գողության եւ Հայոց ցեղասպանության՝ որպես պատմական իրողության դեմ ուղղված ոտնձգությունների վերաբերյալ զրուցել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ։

-Պարո՛ն Դեմոյան, Նիկոլ Փաշինյանը օրերս ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Հայոց ցեղասպանության զոհերի հաշվառման թեմային եւ կրկին առաջ քաշեց իր թեզերը՝ միջազգային հանրության կողմից ցեղասպանության չճանաչման մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա հայտարարությունները։

-Նիկոլ Փաշինյանին մեկնաբանելու կարիք գրեթե չկա. նրա վերաբերմունքը բոլորին վաղուց պարզ է։ Պարզապես հիշեցնեմ՝ սա առաջին դեպքը չէ, որ նա նման «օրիգինալ» հայտարարություններ է անում։ Կարծում եմ՝ նա ամենավերջին մարդն է, որը կարող է խոսել Հայոց ցեղասպանության մասին, անդրադառնալ զոհերի հիշատակին կամ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին։ Ասածս հիմնավորում եմ նրա եւ նրա թիմակիցների կատարած քայլերով՝ Ծիծեռնակաբերդում ցուցաբերած ոչ պատշաճ վերաբերմունքով եւ ցեղասպանության պատմական ժխտումներով։ Վերջիվերջո, նա բաց տեքստով հայտարարեց, եւ դա արձանագրվեց, որ հանցավոր համաձայնության է եկել Իլհամ Ալիեւի հետ՝ ընդունելով, թե Ղարաբաղյան հարցի լուծումն ու իր պատկերացրած խաղաղությունը պետք է հաստատվեն էթնիկ զտման եւ ցեղասպանության արդյունքում։

-Այսինքն՝ ինչպես միշտ, Փաշինյանի հայտարարությունները ուղղորդվա՞ծ են դրսից եւ արված են հաճոյանալո՞ւ նպատակով։

-Այո, շատերն արդեն գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է ընդամենը Ալիեւի «փոխանցող գործիքը»։ Նրա միջոցով հարված է հասցվում ազգային արժեքներին, ժխտվում եւ արժեզրկվում է Ցեղասպանության հարցը։ Վարչապետը իրեն վերապահում է պատմաբանի կամ ցեղասպանագետի դեր եւ անգամ հայտարարում, թե դեռ պետք է պարզել՝ պատմական ճշմարտությունները «ճի՞շտ» են ներկայացված, թե՞ «սխալ»։ Միաժամանակ նույն վարչապետը վերջերս խոստովանեց, որ ինքը պատմության մասնագետ չէ։ Այս հակասությունները միայն հաստատում են իմ ասածը։

-Պարո՛ն Դեմոյան, խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ չենք կարող չանդրադառնալ այն բացահայտումներին, որ դուք արեցիք ինստիտուտում գրքերի գողության գործով։ Ի՞նչ կպատմեք այդ աղմկահարույց դեպքի մասին։

-Խոսքը վերաբերում է 2004-2005 թվականներին։ «Լինսի» հիմնադրամի վերանորոգման ընթացքում՝ նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի օրոք արձանագրվեց գրքերի կորուստ։ Գրքերը գրադարանից տեղափոխվել էին այլ սենյակ, որից հետո պարզվեց, որ 19 արժեքավոր գրքեր, ձեւակերպենք այսպես՝ բացակայում են։ Երբ երկու տարի անց ես դարձա տնօրեն, եղելությունից տեղյակ չէի։ Այդ ժամանակ արդեն նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանին նշանակեցին խորհրդական, փոխտնօրենը մնաց իր պաշտոնում։ Աշխատակիցներից տեղեկացա, որ գողություն է կատարվել, իսկ նախկին ղեկավարությունն էլ հրաժարվում է գալ՝ ընդունում-հանձնում իրականացնելու։ Սա աննախադեպ երեւույթ էր։

Ես անմիջապես նախաձեռնեցի քրեական գործ հարուցել. դա 2007 թվականն էր։ Այդ գործի շրջանակում ուսումնասիրվեց գրքերի կորստի հանգամանքը։ Իմ ունեցած տեղեկություններով՝ կազմակերպված հանցագործության բաժնի աշխատակիցները մի քանի անգամ հարցաքննության էին տարել նաեւ թանգարանի ասպիրանտներին։ Բարսեղյանը անգամ ինձ զանգեց ու վրդովված ասաց, թե ինչու եմ քրեական գործ հարուցել այդ գրքերի կապակցությամբ, եւ որ  գրքերը գողացվել են։ Նա փորձեց հասկացնել, որ գողության գործում ներգրավված են եղել ասպիրանտները։ Այդ տարիներին թանգարանն ուներ մի քանի ասպիրանտ, որոնցից երկուսին ես հետագայում պիտի ճանաչեի՝ Վլադիմիր Վարդանյանին (ներկայում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) եւ Արարատ Միրզոյանին (նախկինում ԱԺ նախագահ, այժմ ԱԳՆ նախարար)։

Նրանց հարցաքննել են։ Իմ ունեցած կցկտուր տեղեկությունների համաձայն՝ Արարատ Միրզոյանը փորձել է գողության մեղքը բարդել թանգարանի աշխատակցուհիներից մեկի վրա։ Սակայն փաստ է, որ գողոնը մինչ օրս չի հայտնաբերվել։

Նույն թվականի նույն ամսին, երբ գործով հարուցվել էր վարույթ, մենք հետագայում տեսնում ենք մի փաստաթուղթ որը հրապարակվել է Միքայել Մինասյանի կողմից. այն Արարատ Միրզոյանին հավաքագրելու վերաբերյալ փաստաթուղթն էր:

Հետագա շահարկումներից խուսափելու համար պետք է ասեմ՝ ես, իհարկե, հարգում եմ անմեղության կանխավարկածը, բայց ունեմ լուրջ կասկածներ, որ չպատժվելու դիմաց Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը հավաքագրվել են ԱԱԾ-ի կողմից։ Հետագայում նրանց ներգրավեցին այն գործողությանը, որն անվանվեց «Թավշյա, ոչ բռնի հեղափոխություն»։

Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ




Լրահոս