ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թոռնիկների եւ փեսայի ավտովթարի դեպքով հարուցվեց քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։ Նշանակվել են դատաավտոտեխնիկական, դատաբժշկական փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն։
Օգոստոսի 31-ին հայտնել էինք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Դիլիջանում վթարի են ենթարկվել ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռները։
Օգոստոսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելի հարեւանությամբ՝ դեպի Դիլիջան ընթացող հատվածում, ճակատ ճակատի բախվել են «Toyota Land Cruiser» եւ «Hyundai X35» մակնիշի ավտոմեքենաները։
«Toyota Land Cruiser»-ի մեջ եղել են վարորդ Կ. Սեդրակյանը, Լիլիթ Գագիկի Ջհանգիրյանը, Ա. Սեդրակյանը, Կ. Սեդրակյանը եւ Տ. Սեդրակյանը, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերջիններս ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռներն են։
Երեկ Shamshyan.com-ը հայտնել էր, որ խոշոր ավտովթար է եղել Դիլիջանում. ճակատ ճակատի բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Hyundai X35»-ը։ Վթարի հետեւանքով տասը վիրավորներից չորսը երեխաներ են։ Օպերատիվ են գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները, փրկարարներն ու պարեկները։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ



















































































