Այս ուսումնական տարվա մեկնարկից դպրոցների 10-րդ եւ 11-րդ դասարաններում «Հայոց պատմության» դասագրքեր դեռ չկան: Մինչ հրատարակումը, դրանց փոխարեն նախատեսվում է կիրառել «թղթապանակներ»։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ ավագ դասարանների դասագրքեր «դեռ պետք է ունենանք»։
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի վերաբերյալ զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ։
-Պարո՛ն Դեմոյան, այսօր, փաստորեն, չունենք հայոց պատմության դասագրքեր ավագ դպրոցի համար։ Միեւնույն ժամանակ նախարար Անդրեասյանը պնդում է, որ «Հայոց պատմություն» հասկացությունը վերափոխվել է «Հայաստանի պատմության»։ Արդյո՞ք պետք է տարբերել այս երկու ձեւակերպումները։
-Զարմացած եմ նախարարի անտեղյակությունից։
Ժաննա Անդրեասյանը հավանաբար չի էլ գիտակցում, որ հենց իր ստորագրությամբ վերջին տարիներին տպագրվել են «Հայոց պատմության» դասագրքեր։ Երկու տարի առաջ՝ 7-րդ դասարանի խայտառակ տարբերակը՝ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակմամբ, եւ անցյալ տարի հրատարակված դարձյալ նույն հեղինակի գիրքը։
Ինչո՞ւ է նա այսօր պնդում, թե «Հայոց պատմություն» այլեւս գոյություն չունի։ Պատճառը պարզ է. նա ունի «հանձնարարական»։ Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը դեռ անցյալ տարի հրապարակայնորեն հայտարարեց՝ «Հայոց պատմություն» արտահայտությունը պետք է փոխարինել «Հայաստանի պատմությամբ»։ Այդ «հանճարեղ» միտքը ծնվել է նրան շրջապատող կեղծ ակադեմիական շրջանակներից, որոնք զբաղված են նրան գաղափարական մշակումներ մատուցելով։
Փաշինյանի կեղծ ինտելեկտուալիզմը հենց այդտեղից է սնվում։ Նրան մատակարարում են թեզեր, որոնք նա հաճախ չի էլ կարողանում ընկալել, պարզապես վերարտադրում է։ Եթե հասկանար ու խորությամբ կիրառեր, վնասը շատ ավելի մեծ կլիներ։
Այդ «խմբակը» ինձ վաղուց է հայտնի, եւ նրանց ազդեցությունը պետք է բացառվի, որպեսզի չշարունակեն իրենց կործանարար գործունեությունը։
-Պարո՛ն Դեմոյան, կարո՞ղ ենք ասել, որ նաեւ այդ «կեղծ ինտելեկտուալների» թեզերի շնորհիվ Ադրբեջանը «հանկարծակի կերպով» դարձավ մեզ դաշնակից:
-Այո, որովհետեւ առկա են նաեւ ադրբեջանական ուղղությամբ գործող գրանտային ծրագրեր։
Վերջերս Առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց իմ դեմ՝ հօգուտ Հարություն Մարությանի, որ մասնագիտությամբ պատմագետ է եւ նշածս «խմբի» անդամ. պատճառն այն էր, որ Հարություն Մարությանին մեղադրել էի Բաքվի «Արեւմտյան Ադրբեջան» ձեւակերպմանը նպաստելու համար, քանզի ինքը, Հրանուշ Խառատյանը եւ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտխորհուրդը երաշխավորել էր մի գիրք, որն այսօր ադրբեջանական քարոզչական ամբողջ հեռուստաեթերում շրջանառվում է՝ մեր դեմ օգտագործելով «Արեւմտյան Ադրբեջանի» թեզը։
-Պարո՛ն Դեմոյան, իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» առարկայի դասագիրքը, որտեղ 2018 թվականի հեղափոխությունը, դրա առաջնորդները ներկայացվում են բացառապես դրական լույսի ներքո։ Սա կուսակցական քարոզ չէ՞։
-Այդ դասագիրքը, որն ունի 7 համահեղինակ, իրականում նմանվում է քաղաքական կուսակցության ձեռնարկի։ Այն լի է սխալներով, կասկածելի ու ծանրաբեռնված տերմինաբանությամբ։
Կան թեմաներ, որոնք պարզապես բացակայում են։ Իսկ Հայոց ցեղասպանության բաժինը գրված է այնպիսի մակերեսային ձեւով, որ տպավորություն է ստեղծվում՝ դա պարզապես թերթից լսված պատմություն է։
Դասագրքում սխալի տեղ չպետք է լինի։ Իսկ երբ դասագիրքը վերածվում է քարոզչության գործիքի, այն արդեն վտանգավոր է թե՛ կրթության, թե՛ ազգային հիշողության համար։
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ























