Armenian text to speach

ԵՐԵԿ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԷՐ ՈՎՔԵ՞Ր ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային եւ Շահումյանի խորհրդի համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Չնայած այն հանագամանքին, որ այսօր Արցախը բռնազավթված է Ադրբեջանի կողմից, անուամենայնիվ, Արցախի Հանրապետության Անկախության հռչակման գաղափարը մեծ կարեւորություն ունի: Ուստի ներկայացնում ենք, թե ովքեր եւ ինչպես են անդրադարձել հայկական երկրորդ պետականության անկախության հռչակման գաղափարին:

 

Օրվա խորհրդով պայմանավորված՝ իր ուղերձն է հղել Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մասնավորապես նշելով. «Հայրապետական մեր հորդորն է, որ բազմապատկենք մեր ջանքերը՝ միջազգային հանրության աջակցությամբ պաշտպանելու Արցախի մեր տեղահանված ժողովրդի իրավունքները, ոչնչացումից փրկելու հայկական հոգեւոր-մշակութային բազմադարյա ժառանգությունը եւ հայրենիք վերադարձնելու գերեվարված մեր զավակներին։ Համախմբվենք հանուն մեր պետականության զորացման ու ամրապնդման, մեր երկրի տարածքային ամբողջականության անխախտելիության պահպանման։ Անաղարտ պահենք հայկական մեր ինքնությունն ու ազգային արժեքները՝ հուսառատ մեր հայացքը միշտ ուղղելով դեպի մեր կյանքի շնորհաբեր ապագան»։

Օրվա խորհրդին անդրադարձել է նաեւ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մասնավորապես նշելով. «Ես հավատում եմ, որ ինչպես իմ սերնդին հաջողվեց բռնակցումից տասնամյակներ անց ազատագրել հայրենի հողը, վերականգնել արդարությունը, ազգային արժանապատվությունը եւ հայատյաց Ադրբեջանին պարտադրել խաղաղություն, այլ ոչ թե անարժանապատիվ պայմաններով խաղաղություն մուրալ, այնպես էլ այս ողբերգությունից դուրս կգանք հաղթանակով:

Ուրեմն թող մեր ցավը դառնա վճռականություն, թող մեր կորուստները դառնան պայքարի խթան, եւ թող Սեպտեմբերի 2-ը մնա ոչ թե անցյալի հիշատակ, այլ հաղթանակով պսակվելիք ապագայի աներեր համոզմունք։

Այո, Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէր, սակայն Արցախի հարցը միջազգայնորեն ճանաչված է որպես խնդիր՝ դրա արդար եւ կայուն կարգավորման համար նախկինում ստեղծված միջազգային մեխանիզմներով:

Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները եւ հիմքերն այսօր էլ առկա են, սակայն Հայաստանի գործող վարչախումբը դիտավորյալ այդ գործիքակազմից չի օգտվում»:

Բանտից իր ուղերձն է հղել քաղբանտարկյալ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը. «Այս օրը՝ սեպտեմբերի 2-ը, տարիներ շարունակ եղել է մեր հպարտության օրը։

Արցախը հռչակել էր իր ազատությունն ու մենք հավատում էինք՝ այլեւս երբեք չենք ծնկի թշնամու առջեւ։ Բայց այսօր ցավը խառնվել է այդ հպարտության հետ։ Հիշողությունը խեղդում է կոկորդը։ Ցավը սուր է, որովհետեւ ոչ թե պարտվեցինք մարտում, այլ հանձնեցին մեզ։ Այո՛, Արցախը հանձնել են։ Հանձնել են ոչ թե անհնարին ուժին դիմակայել չկարողանալու պատճառով, այլ գիտակցված ընտրությամբ, պարտվողական քաղաքականությամբ, ժողովրդի կամքին հակառակ քայլերով։ Եվ այդ հանձնողը՝ ժողովրդի անունից խոսող մի խումբ, որ մոռացել էր, թե ում արյամբ է գծված այս հողի սահմանը։ Նրանք Արցախը չտեսան որպես հայրենիք։ Տեսան որպես խանգարող հանգամանք իրենց քաղաքական ճանապարհին։ Տեսան՝ որպես բեռի, ոչ թե որպես զավակի։ Բայց մի բան նրանք չհասկացան։

Արցախը կարելի է հանել քարտեզի վրայից, բայց չի կարելի հանել հայի սրտից։ Եվ երբ հայը չի հանձնվել, ապա հաղթանակը ժամանակի հարց է։

Ես այսօր ձեզ գրում եմ բանտի պատերի միջից։ Այստեղից հնարավոր չէ տեսնել ոչ լեռներ, ոչ հորիզոն։ Բայց հավատացե՛ք, այստեղից ավելի սուր է զգացվում հայրենիքի արժեքը։

Ազատության ամեն ակնթարթը այստեղ կշռվում է հայրենիքի սրբությամբ»։

Արցախի Հանրապետության Անկախության օրվան անդրադարձել է նաեւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ նշելով. «Պատմություն, դասագրքեր, իրականություն կեղծելով պատմական իրողությունները չեն փոխվում։ Այսօր հայն այլեւս Արցախում չի ապրում: Սա պարզապես մի ամբողջ ժողովրդի ողբերգություն է:

Այսօր հայը ինքը պետք է որոշի` առկա իրողություններն ընդունում է որպես պատմության ավա՞րտ, դատավճի՞ռ կամ վերջնական վախճա՞ն, թե՞ ընտրում է խելամտությունը, սթափությունն ու արժանապատվությունը:

Ես համոզված եմ, որ անհրաժեշտ պահին, հայ մարդը ճիշտ որոշում կկայացնի»։

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Անկախության օրվա գաղափարի շուրջ արցախահայությունը, խորհրդանշական դարձած Ազատության հրապարակում, կրկին հանդես եկավ մեծ հանրահավաքով:

Հանարահավաքին ներկա են գտնվել ինչպես Արցախի պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպություններ, այնպես էլ հայաստանյան քաղաքական գործիչներ ու ուժեր:

Արցախահայության կողքին կանգնելու ցանկություն էին հայտնել եւ մյուսներին  եւս միանալու կոչ էին արել հետեւյալ քաղաքական դեմքերը:

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կոչ է արել իր մարտական, ծառայակից եւ գաղափարակից ընկերներին մասնակցելու հանրահավաքին՝ նշելով հետեւյալը. «Մեր միասնությամբ միայն կարող ենք կանգնեցնել պարտությունների, կորուստների, զիջումների աղետաբեր շղթան եւ վերականգնել հայի արժանապատվությունն ու հեղինակությունը` զրկելով պարտված իշխանությանը այսուհետեւ Հայաստանը ներկայացնելու, Հայաստանի անունից Հայաստանի շահերին դեմ որոշումներ կայացնելու հնարավորությունից»:

Կոչով դիմել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը՝ հայտարարելով. «Արցախը մերն է ոչ միայն պատմությամբ, այլեւ պատասխանատվությամբ»:

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, կարեւորելով օրվա խորհուրդը, եւս կոչ էր արել հանրությանը միանալ արցախահայության հանրահավաքին:

«Միասնական Վարդենիս» դաշինքի ղեկավար Դավիթ Շահնազարյանը եւս կարեւորել էր օրվա խորհրդի կապակցությամբ հանրահավաքի իրականացումը. «Արցախը երբեւէ չէր եղել անկախ Ադրբեջանի կազմում, ըստ այդմ՝ կիրառելի չէր տարածքային ամբողջականության սկզբունքը»:

Վարդենիս համայնքի ավագանու անդամ Արաքսյա Հայրապետյանը կոչով հայտնել է հետեւյալը. «Հայկական Արցախի լինելու խնդիրը ոչ միայն չի կորցրել իր գոյաբանական նշանակությունը, այլեւ համազգային նոր հանձնառությունների եւ այս կործանարար ընթացքը կասեցնելու հրամայականն է թելադրում»։

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիշողությունն առաջին հերթին հարգանք է Արցախի ազատության եւ անկախության համար ընկած մեր եղբայրների հիշատակին»:

Իսկ հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը հայտնել է. «Ամեն ինչ կախված է մեր միասնական պայքարից ու մեր կամքից»։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ




Լրահոս