Armenian text to speach

«ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2013 թվականից ի վեր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը վերածվում է ստեղծագործական մեծ տոնի հյուրընկալ վայրի՝ կազմակերպելով «Արվեստների եւ արհեստների» համահայկական փառատոնը։ Այս միջոցառումը խորհրդանշականորեն կրում է «Մշակութային վերածնունդ» խորագիրը՝ ընդգծելով ոչ միայն հայ ժողովրդի բազմադարյա ժառանգության պահպանումն ու տարածումը, այլեւ ժամանակակից ստեղծագործական շունչը։

 

Այս տարի փառատոնը կայացավ Դիլիջանի ամենահյուրասեր անկյուններից մեկում։ Այն կրկին դարձավ հանդիպման վայր տարբեր մարզերից ժամանած արվեստագետների, վարպետների, մշակույթի գործիչների եւ շնորհալի երիտասարդների համար, որոնց ներկայությունը փառատոնին յուրահատուկ գույն ու բովանդակություն էր հաղորդում։ Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Գեղարքունիքի մարզի պատվիրակները։

Գեղարքունիքի տաղավարները կարծես փոքրիկ մշակութային պատկերասրահներ լինեին։ Այստեղ այցելուները կարող էին տեսնել թանգարանային արժեքավոր նմուշներ, գորգեր ու կարպետներ, գեղարվեստական պաստառներ։ Առանձնահատուկ հետաքրքրություն էին առաջացնում մարզի մշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքները՝ գեղանկարչություն, գոբելեն, մաքրամե, ասեղնագործություն, բատիկա, ուլունքագործություն, փայտագործություն։ Յուրաքանչյուր նմուշ կրում էր իր ստեղծողի տքնաջան աշխատանքը եւ յուրահատուկ գեղարվեստական հմայք։

Տաղավարների մյուս հատվածում ներկայացված էին Գեղարքունիքի ավանդական խոհանոցի բազմազան կերակրատեսակները, ինչպես նաեւ մարզում արտադրված մթերքն ու ըմպելիքները։ Համտեսներն ու հյուրասիրությունները ոչ միայն բացահայտում էին տարածաշրջանի գաստրոնոմիական ավանդույթները, այլեւ հաճելիորեն ընդգծում կենցաղային մշակույթի կենդանի շերտերը։

Փառատոնի ընթացքը հագեցած էր ոչ միայն ցուցադրություններով եւ վարպետության դասերով, այլեւ համերգային ծրագրով։ Վարդենիսի «Սասուն» ազգագրական պարային համույթը բեմ բարձրացավ հայկական ավանդական պարերով՝ փոխանցելով հայրենի մշակույթի կենսունակ շունչը։ Դահլիճում հնչեց նաեւ Բայազետի բարբառով ներկայացված հետաքրքիր պատմություն, որը յուրահատուկ հնչողությամբ տարբերվեց եւ հիշեցրեց բարբառների ու խոսքային մշակույթի արժեքը։

Փառատոնի հանձնաժողովը շնորհակալագրերով խրախուսեց մի շարք մասնակիցների։

Պարգեւատրվեցին Վարդենիսի «Սասուն» ազգագրական պարային համույթը, Մարտունու արվեստի դպրոցը, Գավառի Նորատուս գյուղի փայտագործ-քանդակագործ Երեմ Կոստանյանը, Ճամբարակի մեղվաբույծ Հայկ Հովհաննիսյանը, Բայազետի բարբառով ելույթ ունեցած Լիլիթ Վարդանյանը (Կարմիրգյուղի միջնակարգ դպրոց), ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ Վանիկ Հարությունյանը, Արփիկ Չքոլյանը եւ Գեղամ Չարվադարյանը։

Այսպիսով՝ Դիլիջանի «Արվեստների եւ արհեստների» փառատոնը դարձավ մշակութային մեծ հարթակ, որտեղ հանդիպեցին ավանդույթն ու նորարարությունը։ Այն ապացուցեց, որ հայկական արվեստը շարունակվում է ոչ միայն թանգարաններում կամ բեմերում, այլեւ համայնքների ամենօրյա կյանքում, որն ապրեցնում է մեզ, միավորում տարբեր տարածաշրջանների ու սերունդների մարդկանց։

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 




Լրահոս