Armenian text to speach

«ՈՒԺԵՂԸ ՆԱ Է, ՈՎ ԸՆԿՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՎԵՐ Է ԿԵՆՈՒՄ». Մ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախի Հանրապետության անկախության հռչակման 34-րդ տարեդարձի առիթով, օրվա խորհրդով Ազատության հրապարակում կազմակերպվել էր մեծ հանրահավաք՝ արցախահայության եւ նրանց աջակիցների մասնակցությամբ։

 

Հանրահավաքին ներկա էին մի շարք հայտնի քաղաքական-հասարակական եւ մշակութային գործիչներ։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նրանցից մեկի՝ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ՝ մասնավորապես Հայաստանին սպառնացող վտանգների եւ Ադրբեջանի հետ խաղաղության խնդրի վերաբերյալ։

-Պարո՛ն Եղիազարյան, օրվա խորհրդին անդրադառնանք։ Ինչպիսի՞ կարեւորություն ունի այսօր՝ ներկայիս քաղաքական իրավիճակում, Արցախի Հանրապետության անկախության օրը։

-Գիտեք, երբ մարդ իր մարմնի որեւէ մաս կորցնում է, պարտավոր է միշտ հիշել, որ մնացած մասերը չափազանց կարեւոր են։ Կամ պետք է փորձի վերականգնել կորցրածը, կամ ստիպված լինի այնքան զգույշ լինել, որ հանկարծ ամբողջ մարմինը չկորցնի։ Մենք այսօր քաղաքական այնպիսի ծանր եւ վտանգավոր վիճակում ենք գտնվում, որ եթե ճիշտ քայլեր չանենք, կարող ենք կորցնել մեր ամբողջ մարմինը՝ մեր Հայաստանը։ Դա թույլ չտալու համար մենք պետք է համախմբվենք, պետք է միասին ապացուցենք հասարակությանը, որ պատերազմի դաշտում մենք տանուլ չենք տվել։

Ով ասում է՝ մենք պարտվեցինք, նրանք ոչ թե պարզապես մեր հակառակորդներն են, այլ մեր թշնամիները։ Այդպես արտահայտվողները չեն գիտակցում, թե իրականում ինչ է նշանակում պարտվել։ Այսօր բոլորը խաղաղության մասին են խոսում։

1914-1918 թվականներին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ գերմանացիները պարտվեցին, նրանցից ում  հարցնում էին՝ պատասխանում էին, որ խաղաղություն են ուզում։ Բայց հայտնվեց մի առաջնորդ, որը թեեւ բարի համբավ չունի, սակայն կարողացավ գերմանացիներին ոտքի կանգնեցնել, Գերմանիան ազատագրել  նորից։

Մենք նույնպես հրամանատարի կարիք ունենք, մի առաջնորդի, որը կարգի կբերի մեր ժողովրդին։ Եվ այստեղ խոսքը միայն հաղթելու մասին չէ. կարեւորն այն է, որ մենք պարտություն չկրենք։ Ոչ թե հաղթենք, այլ պարզապես տանուլ չտանք։

-Այսօր շատ է խոսվում այն մասին, որ Արցախը իր հայկականությամբ վտանգում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը եւ անկախությունը։ Դուք ինչպե՞ս կգնահատեք այս տեսակետը։

-Եթե այսօր մենք համակերպվենք այն մտքին, թե Արցախը խանգարում է մեր պետականության կայացմանը, ապա վաղը նույն տրամաբանությամբ կասենք՝ Զանգեզուրն էլ է խանգարում մեր պետականության կայացմանը։ Իսկ դրանից հետո ստիպված կլինենք նաեւ Զանգեզուրն էլ հանձնել։ Սա շատ վտանգավոր մտածելակերպ է։

Ես միանշանակ նշում եմ, եւ կհաստատեն մարդիկ, ովքեր ականատես են եղել  վերջին երեք տասնամյակների ընթացքին, որ Արցախը ոչ թե խանգարում էր, այլ լրացնում էր մեր անունը, մեր պատիվն ու ուժն էր աշխարհում։ Արցախը մեզ ուժ էր տալիս, ինքնություն էր տալիս։ Ցավոք, մենք չկարողացանք այդ անունը մինչեւ վերջ պահպանել, որովհետեւ թալանչի եւ ինքնակոչ մարդիկ մեզ հասցրին այս վիճակին։ Այդ վիճակից դուրս գալը չափազանց ծանր է լինելու, բայց մենք պետք է փորձենք։ Որովհետեւ ուժեղ է ոչ թե այն մարդը, որը երբեք չի ընկնում, այլ նա, ով ընկնում է, բայց կարողանում է վեր կենալ եւ նորից հաղթել։

Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ

 




Լրահոս