Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը 2025 թվականի սեպտեմբերի 5-ին նիստ էր հրավիրել։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նիստի ընթացքում քննարկվելու է 2 հարց.
1) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
2) «Բռնության եւ ոտնձգության մասին կոնվենցիա, 2019 թ. (թիվ 190)» կոնվենցիան վավերացնելու մասին։
Առաջին կետով Զարուհի Թաթոյանը նախաձեռնել է օրենքի փոփոխություն, որն ընդգրկում է գործատուների մասնակցությունը զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանը։
Ըստ առաջարկվող օրենքի խմբագրման նախագծի՝ «Լիազորված մարմինը զբաղվածության պետական քաղաքականության մշակման եւ իրականացման շրջանակներում համագործակցում է գործատուների հետ՝ գործընկերային, փոխշահավետ եւ մշտական հարաբերությունների հաստատման, հետեւողական ընդլայնման, խորացման եւ հետադարձ կապի ապահովման միջոցով»: Ավելին՝ «կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձեւից, սույն օրենքով սահմանվում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման նորմատիվ»,- ասվում է քննարկվող նախագծում։
Քննարկվող 2-րդ կետի հեղինակը կառավարությունն է. այն զեկուցելու համար ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
Եթե կոնվենցիան վավերացվի, այն ենթադրելու է հետեւյալը.
«Բռնության եւ ոտնձգության մասին» ԱՄԿ թիվ 190 կոնվենցիան (այսուհետ նաեւ՝ Կոնվենցիա) պաշտպանում է աշխատողներին եւ այլ անձանց՝ անկախ իրենց պայմանագրային կարգավիճակից, ինչպես նաեւ վերապատրաստվող անձանց, ներառյալ՝ պրակտիկանտները եւ աշակերտները, այն աշխատողներին, որոնց աշխատանքը դադարեցվել է, կամավորներին, աշխատանք փնտրողներին եւ աշխատանքի դիմողներին: Այն վերաբերում է նաեւ գործատուի լիազորություններ, պարտականություններ կամ պատասխանատվություն իրականացնող անձանց:
Կոնվենցիան սահմանում է աշխատանքում «բռնություն եւ ոտնձգություն» եզրույթը, ինչպես նաեւ անդամ պետության գործողությունները աշխատանքում բռնությունն ու ոտնձգությունը կանխելու եւ բացառելու ուղղությամբ:
Կոնվենցիան կիրառվում է ե՛ւ մասնավոր, ե՛ւ պետական հատվածներում, ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ տնտեսությունում: Այն կիրառվում է աշխատանքում բռնության եւ ոտնձգության նկատմամբ, որոնք տեղի են ունենում աշխատանքի ընթացքում, կապված են աշխատանքի հետ կամ բխում են դրանից:
«Բռնության եւ ոտնձգության մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 190 կոնվենցիայի 4-րդ հոդվածում առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով, որոնց չափը գնահատել հնարավոր չէ՝ անհրաժեշտ տեղեկության բացակայությամբ պայմանավորված:
Տարեսկզբին Ազգային ժողովում տեղի էր ունեցել քննարկում. ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հունվարի 23-ին հանդիպել էր Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գենդերային հավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերով մասնագետ Օզգե Բերբեր Ագտաշի եւ ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանի հետ:
Հարկ է նշել, որ «Բռնության եւ ոտնձգության մասին» թիվ 190 կոնվենցիան ընդունվել է 2019 թվականին՝ ԱՄԿ 100-ամյակի շրջանակում, եւ այն արդեն վավերացրել է 45 երկիր: Տարածաշրջանում առայժմ վավերացրել է Ղրղզստանը:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ



















































































