Armenian text to speach

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԴԵՍՊԱՆ Ն. ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՂԲՈՐ ԱՆՎԱՆ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է իրավապահներին պատմել ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանը:

 

Վերջինս հայտնել է, որ իր հարեւանը տեսել է՝ ինչպես է ինքը մեքենայով գնում, կանգնեցրել է մեքենան ու հարցրել, թե ուր է գնում:

 

Ամեն ինչի մասին՝ ամենասկզբից

Երեկ՝ առավոտյան, հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանը: Արդյունքում, ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) եւ 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։

 

Ի՞նչ ցուցմունք է տրվել

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է իրավապահներին պատմել ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանը: Վերջինս պատմել է, թե ինչպես է իր հարեւանը կանգնեցրել իրեն ու հարցրել, թե ուր է գնում, երբ տեսել է, թե ինչպես է ինքը նստում մեքենան ու շարժվում: Խնդրել է, որ իրեն էլ մեքենայով իջեցնի նշված վայր՝ ասելով, որ գրեթե նույն տեղն են գնում: Դեսպանի եղբայրը հարեւանի խնդրանքը չի մերժել ու որոշել է իր մեքենայով տանել: Այդ ժամանակ մոտեցել են պարեկներն ու կանգնեցրել մեքենան: Ըստ նրա պատմածի՝ հարեւանը տեսնելով, որ ոստիկանները գալիս են մեքենայի հետեւից, դուռը բացել է ու փախել, իսկ ինքն էլ ներկայացել է իրավապահներին:

Ստացվում է, որ դեսպանի եղբայրը իրավապահներին բացատրել է, որ թմրանյութն ու զենքը իրեն չեն պատկանում, այլ իր ծանոթ հարեւանին, որին նա, ընդամենը ընդառաջելով, մեկ այլ վայր է տարել: Ուստի, դատելով իրավիճակից, դեսպանի եղբայրը այս պատմությունից չոր դուրս կգա, ինչպես մնացած բոլոր դեպքերում:

 

Արնանման հետքերն ու դեսպանի ռեստորանը

Հիշեցնենք, որ 2024 թվականին Նարեկ Մկրտչյանի անվան հետ կապվող «Լիաննա գարդեն հոլում» միջադեպ էր եղել, որը իրավապահները ծածկադմփոց էին արել: 2024 թվականի օգոստոսի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խմբի չորս ծառայողներ եւ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հինգ պարեկներ, ստացված ահազանգերի հիման վրա ժամանելով Փարաքար համայնքում գործող ռեստորանային համալիր (այն կապվում է Նարեկ Մկրտչյանի անվան հետ) եւ տեղեկանալով հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցած մարմնական վնասվածքներով զուգորդված խուլիգանության դեպքի վերաբերյալ, նկատել են այդ մասին վկայող մի շարք ապացույցներ, այդ թվում՝ արնանման հետքեր, որի մասին զեկուցել են Վաղարշապատի բաժնի պետի պարտականությունները կատարող պաշտոնատար անձին: Վերջինս, սակայն, ոստիկանության ծառայողներին ապօրինի հանձնարարություն է տվել՝ ծառայողական պարտականությունները կատարելու փոխարեն վերադառնալ ոստիկանության բաժին, իսկ ահազանգի վերաբերյալ փաստաթղթաշրջանառություն իրականացրած ոստիկանության ծառայողները համապատասխան փաստաթղթերում խեղաթյուրել են դեպքի իրական հանգամանքները: Այսինքն՝ բացահայտվել էր ոստիկանության 11 ծառայողների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ հիշյալ առերեւույթ հանցանքներին օժանդակելու դեպքը, ու 9 ոստիկան հանցագործությունը թաքցնելու համար այսօր դատարանի առաջ են կանգնել մեղադրյալի կարգավիճակով: Եվ ահա, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի անվան հետ կապվող ռեստորանի միջադեպով քավության նոխազ դարձան ոստիկանները՝ գործը կոծկելու համար, իսկ թմրանյութի, զենքի դեպքով մեղավորներ կճանաչեն «ընկեր-հարեւան-ծանոթ»-ներին՝ այսպես «մաքրելով» քաղաքական իշխանության հետ կապ ունեցող անձանց ու նրանց հարազատներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս