Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը կարծես թե թշնամացել է Կառավարության անդամների հետ եւ, հակառակվելով Նիկոլ Փաշինյանի որոշմանը, աշխատանքի չի գնում։
Բանն այն է, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Մարտիրոսյանը համառում է եւ այժմ երկար ժամանակ է աշխատանքի չի հաճախում։
Պատճառները, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հիմնավորվում են նրանով, որ Մարտիրոսյանը Դատախազություն վերադառնալու նպատակներ ունի, եւ այս պաշտոնն այնքան էլ իր սրտով չէ, այդ պատճառով էլ չի գնում աշխատանքի։ Ավելին՝ տեսչական մարմինները կարծես հայտնվել են կոտրած տաշտակի առջեւ, քանի որ ոչ ոք չկա, որ նրանց աշխատանքը համակարգի կամ առաջադրանքներ տա։
Հարկ է նշել, որ Պետրոս Մարտիրոսյանը կարիերան սկսել է 2012 թվականին Լոռու մարզի դատախազությունից՝ որպես դատախազ, եւ մինչ գրասենյակի ղեկավար ընտրվելը եղել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազը։
Իսկ Գնել Սանոսյանն իր շրջապատում հայտնել է, որ շուտով գնալու է հանքարդյունաբերության ոլորտը ղեկավարելու՝ թերեւս նկատի ունենալով տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը:
Հայաստանում համընդհանուր պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրումը շարունակում է մնալ թղթի վրա։ Տարեցտարի հայտարարվում է, որ մեկնարկը մոտ է, սակայն ծրագիրը մշտապես հետաձգվում է։ Այս ձախողման առաջին պատասխանատուն փոխնախարար Լենա Նանուշյանն է։ Նա համակարգում է գործընթացը, սակայն իր պաշտոնավարման ընթացքում չի ապահովել ո՛չ ժամանակացույցի, ո՛չ էլ իրական արդյունքի պահպանում։ Նանուշյանը հայտնի է նրանով, որ հաջողությամբ խուսափում է պատասխանատվությունից՝ անտեղյակ լինելով իր ոլորտի բազմաթիվ նրբություններից։ Այսօր էլ նա փորձում է ձախողումը բարդել նախարար Անահիտ Ավանեսյանի վրա՝ ունենալով նաեւ լարված հարաբերություններ նրա հետ։ Միեւնույն ժամանակ քննադատությունը նախարար Ավանեսյանին եւս չի կարող շրջանցել։ Որպես քաղաքական թիմի անդամ՝ նա ոչ միայն պետք է ՔՊ նիստերին մասնակցեր, այլեւ պարտավոր էր ապահովագրության ծրագիրը հասցնել ավարտի եւ թույլ չտալ դրա շարունակական հետաձգումը։ Իրականում նախարարն անգործությամբ նպաստել է, որ ամենակարեւոր խոստումը շարունակի մնալ չիրագործված։ Արդյունքում, պետք է արձանագրել, որ ՔՊ իշխանությունը տապալել է սեփական ծրագրի առանցքային կետերից մեկը։ Սա միայն առողջապահական ոլորտի խնդիր չէ. ապահովագրության ներդրումը նաեւ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման պարտադիր պայմաններից է։ Այս ձախողումը ոչ միայն խաթարում է Հայաստանի քաղաքացիների սոցիալական անվտանգությունը, այլ նաեւ թուլացնում է երկրի եվրոպական օրակարգը։
«Ժողովուրդ» օրաթերը շարունակում է ներկայացնել արտախորհրդարանական ուժերի գործունեությունը 2026 թվականին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ: «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցության խորհուրդը դեռ վերջնական որոշում չի կայացրել. որքան մոտենա ընտրությունների ժամանակը, այնքան պարզ կդառնա իրենց որոշումը: Այս պահին երկընտրանքային իրավիճակում են: Այս մասին հայտնեց ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը: «Նախ, պետք է արձանագրել, որ Հայաստանում ընտրություններով երբեք իշխանություն չի փոխվել: Մենք ունենք լուրջ հաջողություն: Մենք կարողացել ենք հասարակության ներսում գաղափարական հեղափոխություն անել: Հստակ ծրագիր ունենք: Հայաստանի անվտանգությունը տեսնում ենք ԱՄՆ-ի հետ: Մենք բացատրում ենք ժողովրդին մեր տեսակետը, հսկայական աշխատանքներ ենք տանում արեւմտյան երկրների հետ, հատկապես՝ Վաշինգտոնի, Բրյուսելի եւ Լոնդոնի»,- ասաց Արա Պապյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռեւս 2021 թվականին պետությունից գումար է ստացել՝ որպես տան վարձավճարի փոխհատուցում, սա այն դեպքում, երբ նա, համաձայն իր պաշտոնական կենսագրության, ծնվել եւ ապրել է Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2023 թվականին էր գրել, որ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար դիմում է գրել ԱԺ ղեկավարությանը եւ ստացել փոխհատուցում: Նա դիմումի մեջ նշել է, որ բնակվում է Նար-Դոսի փողոցում եւ վարձակալել է այդ բնակարանը 110 հազար դրամով: Իհարկե, համաձայն ՀՀ օրենսդրության, եթե պատգամավորը մարզաբնակ է, գալիս է մայրաքաղաք՝ աշխատանքի, Երեւանում ապրելու համար կարող է դիմել խորհրդարանի ղեկավարությանը եւ ստանալ վարձավճարի փոխհատուցում: Սակայն ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ամսական 110 հազար դրամ է ստացել որպես վարձավճարի փոխհատուցում՝ ինչպես նշեցինք, լինելով երեւանաբնակ: Այսինքն՝ խախտվել է կարգը, եւ ՔՊ խմբակցության քարտուղարին պետբյուջեից չնախատեսված արտոնություն է տրվել: Սա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիա, երբ ՔՊ խմբակցության քարտուղարը իշխանական դիրքը օգտագործել է, որպեսզի անձնական եկամուտներ ստանա:


















































































