Նախկին պաշտոնատար անձանց պատկանող զենքերը առգրավելու գործընթացը նոր փուլ կարող է թեւակոխել։
Վերջիններս դատարան են դիմում պահպանելու համար իրենց պատկանող զենքերը, եւ չի բացառվում՝ հարցը հասնի Սահմանադրական դատարան։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է փաստաբան Արթուր Հովհաննիսյանի հետ, որը ներկայացրել է դատարանում այս պահին առկա վիճակը։
-Պարո՛ն Հովհաննիսյան, զենքի մասին այս օրենքի փոփոխությունը ի՞նչ խնդիր է առաջացրել համակարգում, եւ Դուք ի՞նչ խնդիրների եք բախվել, ի՞նչ արդյունքներ ունեք։
-Հասկանալու համար, թե խնդիրը ինչից է առաջացել, պետք է անդրադառնանք նախկին եւ նոր իրավակարգավորումներին։ Ինչպես գիտենք, նախկինում գործող «Զենքի մասին….» օրենքի սահմանած կարգով, զենքով պարգեւատրված անձինք ստանում էին այն պահելու եւ կրելու անժամկետ թույլտվություն, իսկ նոր ընդունված «Զենքի շրջանառության կարգավորումների մասին» օրենքով, ըստ էության, սահմանվեցին միմյանց հակասող կարգավորումներ։ Մի դեպքում սահմանվում է, որ արդեն իսկ տրված թույլտվությունը ուժը պահպանում է, մյուս դեպքում զենքը պահելու եւ կրելու համար սահմանվում են լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պարտականություններ։ Սահմանվում է դրանց ներկայացման ժամկետ, եւ, ընդ որում, ժամկետը բաց թողնելու դեպքում՝ ոստիկանությունը օրենքի ուժով պետք է այդ զենքը մալի։
Խնդրահարույց է նաեւ այն, որ նոր օրենքով չի սահմանվել անձանց այս փոփոխություններին անհատապես ծանոթացնելու կարգ, ինչպես նաեւ ժամկետի բացթողումը հարգելի համարելու հնարավորություն։
-Շատերն էին խոսում այս մասին, որ իրենք իրականում չեն հետեւել լրահոսին եւ չգիտեին, որ պետք է 2025 թվականին, մինչեւ սահմանված ժամկետի օրը, գնային եւ համապատասխան բուժհաստատություններում, համապատասխան ընթացակարգերով անցնեին։ Այդ ամենի մասին նոր են իմացել, ոստիկանությունն էլ կարծես այս հանգամանքը հաշվի չի առել եւ ասում է՝ զենքը պետք է բերեք եւ հանձնեք։ Մինչդեռ մարդիկ նշում են, որ այդ զենքը տարիների ընթացքում իրենց կատարած աշխատանքի գնահատականն է, ինչու այն պետք է հանձնեն ներքին գործերի նախարարություն։
Դուք՝ որպես փաստաբան, ստացե՞լ եք նման հայց եւ ի՞նչ արդյունքի եք կարողացել հասնել։
-Նմանատիպ գործեր արդեն իսկ ներկայացրել ենք վարչական դատարան։ Մեր վստահորդներից մեկը բախվել է նման խնդրի, քանի որ պատահաբար իմացել է նման օրենսդրական պահանջի մասին. ցավոք սրտի, տեղեկացել է ժամկետի ավարտից հետո, սակայն ողջամիտ ժամկետում ձեռք է բերել այդ փաստաթղթերը եւ ներկայացրել ոստիկանություն։ Ոստիկանությունը, սակայն, համարում է, որ ամեն դեպքում ժամկետը սպառվել է, ու քանի որ այլ իրավակարգ նախատեսված չէ, զենքը ենթակա է մալման։
-Ի՞նչ արդյունքի հասաք դատարանում, պարո՛ն Հովհաննիսյան։
-Դիմել ենք դատարան, կիրառվել է միջանկյալ միջոց. դատարանը արգելել է, զենքը մալել, մինչեւ գործով կայացրել է եզրափակիչ դատական ակտ։
Միաժամանակ կարծում ենք, որ օրենքը ունի սահմանադրականությանն առնչվող խնդիր, եւ վարչական դատարանում արդյունքի չհասնելու դեպքում՝ պատրաստակամ ենք հասնելու մինչեւ Սահմանադրական դատարան։
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
















































































