Armenian text to speach

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾԸ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am լրատվականն ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ Քնչական կոմիտեի Կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների եւ պաշտոնատար հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ալբերտ Հախվերդյանը, կալանքում գտնվող Հովիկ Մեժլումյանի նկատմամբ թույլ է տվել մի շարք ապօրինի գործողություններ: Նախաքննությունն իրականացրած քննիչը գործը վարել է կողմնակալ ձեւով՝ անտեսելով արդարացնող ապացույցները, միակողմանի եւ մանիպուլատիվ մեթոդներով ձեւավորելով մեղադրական կողմ՝ խախտել է Հովիկ Մեժլումյանի պաշտպանվելու իրավունքը, որի հետեւանքով էլ վերջինս ենթարկվել է քրեական հետապնդման՝ առանց բավարար հիմքերի:

 

Մեզ ահազանգած քաղաքացին հայտնում է, որ այս ողջ գործողությունները հիմք են տալիս իրեն կասկածելու, որ գործը նախապես կազմակերպված եւ ուղղորդված է եղել, իսկ քննիչի գործողությունները դուրս են եղել օրենքի սահմաններից:

Կալանավորված Հովիկ Մեժլումյանի կինը պնդում է, որ «գործի մեջ գրված է. «չպարզված հանգամանքներով, չպարզված անձանցից է ձեռք բերվել»: Հովիկ Մեժլումյանը, որ հայտնի է «Պռոշ» կեղծանունով, թմրանյութ իրացնելու գործով է կալանավորված, սակայն, կնոջ պնդմամբ, իրենց տնից որեւէ թմրանյութ չեն հայտնաբերել, միայն տան չօգտագործվող մի  սենյակից՝ հին իրերի միջից, փոշոտ մի կշեռք են առգրավել:

«Ոմն Էռնեստի մոտ եւ տանը հայտնաբերել են թմրանյութ: Էռնեստից, թմրանյութի ազդեցության տակ, ցուցմունք են վերցրել, նա էլ նշել է, որ «Պռոշ» մականունով մարդուց է ձեռք բերել թմրանյութը: Այս դեպքից միայն 2 ամիս անց նրանք եկել են Հովիկի հետեւից»,- ասաց Հովիկ Մեժլումյանի կինը:

Կալանավորվածի կինը դժգոհություն է հայտնում նաեւ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից: Նա նշում է, որ անհրաժեշտ բուժումները չեն ստանում եւ աչքաթողությամբ են բժշկական հետազոտություններն իրականացնում:

«Ես դժգոհություն ունեմ դատապարտյալների հիվանդանոցի գործունեության վերաբերյալ, քանի որ գրեթե 7 ամիս է ամուսինս՝ Հովիկ Մեժլումյանը, չի ստանում որեւէ բժշկական օգնություն. տեղափոխվել է այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն 26.03.25 թվականին, այդտեղ ախտորոշվել է, որ ունի պիոդրոմոտրոֆիկ խոցեր, անջատված մանրէաբանական հետազոտությամբ բարձր կոնցեպտացիայով շատ արագ տարածվող ինֆեկցիոնային մանրէ է հայտնաբերվել, սակայն այս վերջինը չի նշվել իր տվյալների մեջ, եւ հիվանդանոցից 30-ին դուրս է գրվել՝ ունենալով լյարդի լուրջ խնդիրներ, քրոնիկ հեպատիտ C, որը մինչեւ այսօր հերքվում է: Պահանջել եմ այդ հերքումը ապացուցող հետազոտության արդյունքը, սակայն փոխարենը ստացել եմ տեղեկանք դատապարտյալների հիվանդանոցից՝ առանց կնիքի: Տրամադրվել է երեք սոնոգրաֆիկ հետազոտություն, երեքում էլ հետազոտությունները տարբեր են եղել:

Տվել են նաեւ հակացուցված դեղամիջոցներ»,- նշեց մեր զրուցակիցը:

Հովիկ Մեժլումյանի կինը նշում է, որ առողջական խնդիրներով կալանավորվածներ էլի կան, որոնք անհրաժեշտ բուժօգնությունը չեն ստանում:

«Այսքան դիմումներից հետո ինչո՞ւ համապատասխան մարմինները չեն արձագանքում, հետազոտություն չեն իրականացնում: Եթե ասում են՝ ամեն ինչ արել ենք, ապա թող ասեն, թե ինչու չկա դրական ազդեցություն: Ամուսնուս ստորագրությամբ թող ցույց տան, որ անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվել է: Իրենք անընդհատ պնդում են, որ Հովիկը հրաժարվել է բուժումից, բայց չի եղել նման դեպք: Հովիկին պահել են սոված, ծարավ, անխնամ պայմաններում». – հավելեց մեր զրուցակիցը:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ




Լրահոս